07.04.2017 | 
Մշակույթ
40 ՏԱՐԻ ԱՆՑ. ԺԱՄԱԴՐԱՎԱՅՐԸ՝ ԵՊՀ
40 ՏԱՐԻ ԱՆՑ. ԺԱՄԱԴՐԱՎԱՅՐԸ՝ ԵՊՀ
40 տարվա ընդմիջումից հետո կուրսին կրկին միավորելու լավագույն առիթը կարող է լինել այդ կուրսի ուսանողներից մեկի ցուցահանդեսը:

Հենց այդպես բան. գիտ. թեկնածու Անուշ Բաբայանը որոշեց իր համակուրսեցիներին համախմբել իր անհատական ցուցահանդեսի շուրջ: Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում բացվեց նրա անհատական ցուցահանդեսը, որին ներկա էին ոչ միայն համակուրսեցիները, այլև ուսանողները, գործընկերները և պարզապես ընկերները: Կազմակերպիչներն են ԵՊՀ մշակույթի կենտրոնն ու Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

 

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի շրջանավարտը Անուշ Բաբայանն է, ով այժմ դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, նկարել սկսել է բոլորովին վերջերս՝ 3-4 տարի առաջ: Նրա համար ճակատագրական եղավ դեսպանների կանանց հավաքի ընթացքում հանդիպումը նկարչուհի Մարինա Էլյաշևիչի հետ, ում մոտ մի քանի դասի այցելելուց հետո Անուշ Բաբայանն այլևս վրձինը վայր չի դնում:

 

Ցուցահանդեսի օրը պատահական չի ընտրվել. այսօր ապրիլի 7-ն է: Բացի այդ՝ այս տարի Ռուս բանասիրության ֆակուլտետը նշում է հիմնադրման 70-ամյակը, իսկ նկարչուհու համար ամենակարևոր ու անձնական պատճառը իր կուրսի ավարտելու 40-ամյակն էր:

 

 

 

Ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում բոլորին ողջունեց ու իր շնորհավորական խոսքը հղեց Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը:

Ապա իր աշխատանքների մասին, որոնք հիմնականում չինական կերպարվեստի մոտիվներով են, ներկաներին պատմեց ինքը՝ հեղինակը:

 

«Նկարներիցս յուրաքանչյուրն ունի իր անվանումը, ինչպես ամեն մարդ: Նրանք կենդանի են, ունեն իրենց խառնվածքը, իրենց քմահաճույքները: Դրանք իմ երկխոսությունն են ինձ շրջապատող մարդկանց հետ: Նկարների մի մասում էլ ամփոփված են տարիներով կուտակված էմոցիաներ, այնպիսի բաներ, որոնց մասին ես երազել եմ, բայց չեմ արել, որոնց մասին բառով խոսել չեմ կարողանում»,- նշեց նկարչուհին:

 

Ցուցահանդեսի բացման արարողությունն ուղեկցվում էր ասմունքով և երաժշտական համարներով, որոնք կատարում էին ԵՊՀ-ի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները: Ի դեպ, ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաների կատարմամբ հնչեցին նաև դասական ստեղծագործություններ, որոնք նկարելիս ոգեշնչման աղբյուր են եղել տիկին Բաբայանի համար:

 

Շուրջ 40 գեղանկարներից բաղկացած ցուցահանդեսն այցելուների առջև բաց կլինի 3 շաբաթ:

Այլ նորություններ
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ. ՆՊԱՏԱԿԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավարտվեց ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի 9-րդ կրթամշակութային մեկշաբաթյա արշավ-ուխտագնացությունը դեպի Արցախ, որն այս տարի ուներ «Ազգ-բանակ» նշանաբանը:
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 9-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ «ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ
Օգոստոսի 2-8-ը «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացնում է «Միացյալ Հայաստան» ամառային կրթամշակութային արշավ-ուխտագնացությունը՝ «Ազգ-բանակ» նշանաբանով: