03.03.2015 | 
Մշակույթ
ԱՆՊԵՏՔ ԻՐԵՐԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ՝ ՄԵԿ ՔԱՅԼ
ԱՆՊԵՏՔ ԻՐԵՐԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ՝ ՄԵԿ ՔԱՅԼ
Արդեն մի քանի տարի է, ինչ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում գարունն ազդարարում են Նելլի Գևորգյանի ցուցահանդեսները:

ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ Նելլի Գևորգյանի կոլաժների անհատական ցուցահանդեսներն ավանդաբար նվիրված են լինում գարնանամուտին, սակայն այս տարի հեղինակն աշխատանքներում ներառել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեման:

 

«Հիմնականում ծաղիկներով պատրաստված աշխատանքներն են Ցեղասպանության թեմայով: Կոլաժներում օգտագործել եմ նաև Արևմտյան Հայաստանի բնակավայրերի և Եղեռնի զոհերի լուսանկարներ»,- պատմում է տիկին Նելլին:

 

Բոլոր այն իրերն ու առարկաները, որոնք մարդիկ համարում են անպետք և շպրտելու ենթակա, տիկին Նելլիի ձեռքերում վերածվում են արվեստի՝ կոճակներ, ծաղկաթերթեր, ապակու և կաշվե կտորներ, թղթեր, ուլունքներ, ժապավեններ, թելեր, տարատեսակ կտորեղեն և այլն: Այս տարվա հավաքածուի մեջ նորություն էր փայտե տաշեղների օգտագործումը:

 

Կոլաժները դիտելու և իրենց գարնանամուտին գեղարվեստականություն հաղորդելու էին եկել արվեստագետներ, Նելլի Գևորգյանի ընտանիքի անդամները, ընկերները, գործընկերները և պարզապես նրա արվեստի գնահատողները:

 

«Տիկին Գևորգյանն ամեն տարի ներկայանում է նորարարությամբ: Նա չի սիրում, երբ մարդու անցյալը մնում է սքողված. նկուղներից, պատշգամբներից, մոռացության մատնված արկղերից հանում-գտնում է մեր անցյալի բեկորը և դրան տալիս նոր նշանակություն ու գեղագետի աչքով ներկայացնում որպես մշակութային արժեք»,- այսպես է տիկին Գևորգյանի աշխատանքների մասին խոսում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը:

 

Կոլաժների հեղինակը, ով այս տարի ևս ներկայացրել է բացառապես նոր աշխատանքներ, խոստովանում է, որ ստեղծագործական բուռն շրջանը տևում է մեկ ամիս: Այս տարի ևս ներկայացված 36 աշխատանքները ստեղծվել են վերջին 1 ամսվա ընթացքում:

 

«Այսօր մենք ականատես ենք «ծննդաբերության»: Նայելով աշխատանքներին՝ ես տեսնում եմ պոետի ստեղծագործություններ, որտեղ կա ուրույն մոտեցում ու սրտի թրթիռ: Հենց այդ թրթիռն էլ տանում է դեպի գեղեցիկը: Շնորհակալ եմ հեղինակին՝ իր «զավակներին ծննդաբերելու» համար»,- նշեց ցուցահանդեսին ներկա նկարիչ Մայիս Մխիթարյանը:

 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 13-ը:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: