10.06.2014 | 
Մշակույթ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՆՎԵՐԸ ՄԱՅՐ ԲՈՒՀԻՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՆՎԵՐԸ ՄԱՅՐ ԲՈՒՀԻՆ
Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում համալսարանականների ներկայացրած ձեռքի աշխատանքները ապացուցեցին, որ նրանք ոչ միայն գիտության կրողներ են, այլև արվեստի:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնած միջոցառմանը ներկայացված էին արվեստի տարբեր ճյուղերի աշխատանքներ՝ գոբելեն, յուղանկարչություն, լուսանկարչություն, փայտագործություն, հելունագործություն, կոլաժ և այլն:

 

Ցուցահանդեսի բացման ժամանակ Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը ողջունեց մասնակիցներին և այցելուներին՝ մաղթելով հետաքրքիր և բովանդակալից օր:

 

«Պետք է նշել, որ Մայր բուհի աշխատակիցների և ուսանողների կողմից բավականին հետաքրքիր ու յուրօրինակ գործեր են ներկայացվել տարբեր ստորաբաժանումներից ու ֆակուլտետներից: Գործեր, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ համալսարանականները փայլում են ոչ միայն գիտության, այլև մշակույթի բնագավառում»,- ասում է Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

 

Ցուցահանդեսին մասնակցում էր նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետը, որի դասախոս Անուշ Չիբուխչյանը ողջունեց նախաձեռնությունը, ներկայացրեց իրենց աշխատանքները     և նշեց, որ դրանք արվել են ավարտական կուրսերի ուսանողների ձեռքերով:

 

«Բավականին մեծ թվով գործեր ենք ներկայացրել ցուցահանդեսին: Կարծում ենք, որ այցելուներն ըստ արժանվույն կգնահատեն մեր ուսանողների գործերը: Անկասկած, այսօր տոն է բոլոր համալսարանականների համար: Բոլորին մաղթում եմ տոնական տրամադրություն և նորանոր հաջողություններ»,- հավելեց Անուշ Չիբուխչյանը:

 

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մանկավարժության ամբիոնի լաբորանտ Անահիտ Խլոպուզյանն էլ ներկայացրել էր ԵՊՀ 95-ամյակի թեմատիկայով արված փայտյա աշխատանքներ, քանդակ և մանրանկարչություն:

 

Մասնակիցների շարքում էր նաև «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, ով ներկայացրել էր իր հելունագործ աշխատանքները:

 

«Շատ գեղեցիկ նախաձեռնություն է: Ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռվեց մեր հարազատ Մայր բուհի հոբելյանական միջոցառումների մասնակիցը դառնալ»,- ասում է Սաթենիկ Աբրահամյանը:

 

ԵՊՀ աշխատակիցների և ուսանողների ստեղծագործությունները կախված ու փակցված էին նաև Կենտրոնական մասնաշենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հարկերում: Արվեստի գործերի մեջ տեղ էին գտել նաև ԱՊՀ մի շարք առաջատար բուհերի պրոֆեսոր Ալբերտ Ագանովի լուսանկարները, որոնք արվել են գիտնականի՝ Հայաստան և Արցախ այցելության ժամանակ:

 

Հավելենք, որ միջոցառման ընթացքում ցուցահանդեսի մասնակիցները ոչ միայն հիանում էին համալսարանականների ստեղծագործություններով, այլև ուկնդրում Մշակույթի կենտրոնի սաների կատարմամբ հայ պոեզիայի մեծերի գործերը, որոնք ընդմիջվում էին երաժշտությամբ:

 

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: