Ցուցահանդեսը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Առանձին տաղավարներով երկու օր շարունակ իրենց աշխատանքներն են ներկայացնելու շուրջ 70 երիտասարդական կազմակերպություններ` հասարակական կազմակերպություններ, ուսանողական կառույցներ և այլն:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և ուրիշներ: Նրանք շրջեցին տաղավարներով, ծանոթացան երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, ծրագրերին, ներկայացված աշխատանքներին:
«Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդեսին առանձին տաղավարներով ներկայացել էին նաև ԵՊՀ ուսանողական կառույցները` Ուսանողական խորհուրդը և Ուսանողական գիտական ընկերությունը:
ԵՊՀ ՈՒԽ-ի տաղավարում ցուցադրված էին կառույցը խորհրդանշող տարբեր իրեր, բուկլետներ, իսկ տարբեր տարիներին իրականացրած աշխատանքները, ձեռքբերումները ներկայացվել էր կարճամետրաժ ֆիլմի միջոցով:
«Ֆիլմի միջոցով ներկայացրել ենք մեր մշակութային, սպորտային, ինտելեկտուալ միջոցառումների ընդհանուր ցանկը: Ցուցադրված են նաև հատվածներ այն միջոցառումներից, որոնք պարբերաբար իրականացնում ենք Արցախում»,- նշեց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ռաֆֆի Քարամյանը:
ԵՊՀ ՈՒԳԸ-ն էլ ներկայացել էր իրենց գործունեության մասին պատմող գրքերով, բազմաբնույթ գիտաժողովների արդյունքում տպագրված հոդվածների ժողովածուներով:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը փաստում է, որ հիմնադրամը երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարք է իրականացնում. «Մենք փորձում ենք երիտասարդների, ուսանողների համար ծրագրեր իրականացնել բոլոր ուղղություններով: Այս ցուցահանդեսը հերթական ծրագրերից մեկն է, որը հնարավորություն է տալիս երիտասարդական կազմակերպություններին ներկայացնելու իրենք իրենց, իրենց աշխատանքը, թե ինչ են արել տարվա ընթացքում և ինչ են պատրաստվում անել»: