01.03.2021 | 
Կրթություն
ԱՐԻ՛ ԵՊՀ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «EXPO 2021» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
 ԱՐԻ՛ ԵՊՀ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «EXPO 2021» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
ԵՊՀ մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում ու ինստիտուտներում մարտի 1-5-ն իրականացվելու են իրազեկող առցանց հանդիպումներ՝ նպաստելու դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը և գիտակից ընտրությանը: Միջոցառումն այսօր մեկնարկել է Քիմիայի ֆակուլտետում:

«Expo 2021» միջոցառման ընթացքում կազմակերպվող առցանց հանդիպումների մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալու ընդունելության կարգի մանրամասներին, ԵՊՀ-ի կողմից առաջարկվող կրթական ծրագրերին, դրանց մրցակցային առավելություններին, մասնագիտական կրթություն-աշխատաշուկա կապերին ու հեռանկարներին:

 

Քիմիայի ֆակուլտետում այսօր մեկնարկած միջոցառման ժամանակ ֆակուլտետի ուսանողները երկու սրահներում ներկայացրել են դասախոսների հետ համագործակցության արդյունքում ստեղծված իրենց աշխատանքները՝ պատմելով և ցույց տալով աճեցված բյուրեղներ, որոնք արդեն գտել են իրենց կիրառությունը զարդերի մեջ, պոլիմերային հատակներ, դեկորատիվ սալիկներ, «ԲԻՍ» եղանակով ստացված անօրգանական նյութեր, հաղորդիչ պոլիմերներ, ներկեր, կոսմետիկ միջոցներ, սննդային արտադրանք և այլն:

 

 

Ֆակուլտետում կազմակերպված ցուցադրությանն այսօր «Zoom» հարթակի միջոցով մասնակցում էին դպրոցականներ, ուսանողներ և ոլորտով հետաքրքրվող անձինք: Ուսանողների կողմից ներկայացվող արտադրանքներին տեղում ծանոթացել են նաև ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը, պրոռետկորները, տարբեր ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ և ուսանողներ:

 

 

Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման ընթացքում ներկայացված բոլոր արտադրանքների ստեղծման գործում ուսանողներն անմասն չեն մնացել: Նա փաստեց, որ ֆակուլտետի շրջանավարտներից շատերն այսօր ունեն իրենց արտադրությունը, և հաջողությամբ կիրառում են իրենց գիտելիքները:

 

Նրա խոսքով, այսօրվա ցուցադրությունը ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է քիմիան. «Առանց քիմիայի աշխարհը չի կարող և չի կարողանալու գոյատևել: Քիմիայի միջոցով կարելի է ամեն ինչ անել, եթե ճիշտ անես: Մեր ուսանողներն այսօր ցույց են տալիս այդ ճշմարտությունը»:

 

 

Տարիել Ղոչիկյանը փաստեց, որ ֆակուլտետում ուսանողներն արդեն առաջին կուրսից իրականացնում են գործնական աշխատանքներ և կարող են ստեղծել իրենց աշխատանքները:

 

Այսօր տեղի ունեցած ցուցադրությանն առցանց կերպով մասնակցող անձանց համար ցուցադրվել են նաև նախօրոք նկարահանված հոլովակներ, որոնք պատմում են ինչպես ֆակուլտետի, այնպես էլ շրջանավարտների, քիմիական տարբեր արտադրությունների մասին:   

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանն էլ ասաց, որ այսօր ներկայացված աշխատանքները շատ հետաքրքիր էին, և հույս հայտնեց, որ դրանք մասնակիցների, հատկապես դպրոցականների համար հետաքրքրություն կառաջացնեն և կնպաստեն այս մասնագիտության ընտրությանը:

 

 

«Քիմիան այն մասնագիտությունն է, որը շատ կարևոր է և՛ ԵՊՀ-ի, և՛ Հայաստանի համար, քանի որ այն տնտեսության զարգացման հիմնական ոլորտներից է»,- ասաց Ռաֆայել Բարխուդարյանը:

 

Նրա խոսքով, «Expo»-ի նպատակն ինչպես ԵՊՀ կրթական ծրագրերի ներկայացումն է, այնպես էլ կրթության և գիտության նկատմամբ սեր առաջացնելը:  

 

Հիշեցնենք, որ «Expo 2021»-ն իրականացվելու է մինչև մարտի հինգը: Ֆակուլտետային առցանց հանդիպումների ժամանակացույցն ու «Zoom» հարթակում մասնակցության համար անհրաժեշտ հղումները կարող եք տեսնել այստեղ

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ». ԱՌՑԱՆՑ ՎԵԲԻՆԱՐ
Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացել է առցանց վեբինար՝ «Հայկական ժառանգությունն Անիի տարածաշրջանում և հետևանքները Արցախի համար» խորագրով:
«ՀՆԴԿԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի «Աճեմյան» գրադարանում այսօր ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հնդկական փիլիսոփայական դպրոցներ» խորագրով դասախոսություն։