15.06.2017 | 
Քաղաքականություն
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԵՆ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԵՆ
Հունիսի 14-ին Գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում տեղի ունեցավ ԵՊՀ հակակոռուպցիոն միջոցառումները համակարգող հանձնաժողովի ընդլայնված նիստը:

Հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի անդամները՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԵՄ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի համակարգող Լիանա Ամիրբեկյանն ու փորձագետ Արևիկ Անափիոսյանը: Քննարկմանը հրավիրված էին նաև էթիկայի կանոնագրերի ԵՊՀ աշխատանքային խմբում ընդգրկված անդամները:

 

Բացման խոսքով նախ հանդես եկավ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով շեշտեց որ հանդիպման հիմնական նպատակը ԵՊՀ հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում էթիկայի կանոնակարգերի մշակման գործընթացի արդյունավետ իրականացումն է:

 

Այնուհետև ԵԽ ծրագրի ներկայացուցիչները ներկայացրին էթիկայի կանոնակարգերի մշակման ուղղությամբ արդեն իսկ իրականացված և նախատեսված աշխատանքները: Մասնավորապես Լիանա Ամիրբեկյանը հակիրճ ներկայացրեց Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագիրը, ծրագրի շրջանակում բուհերի հետ համագործակցությունն ու ակնկալվող արդյունքները:  

 

Փորձագետ Արևիկ Անափիոսյանն էլ նշեց, որ ծրագրի շրջանակներում մշակվել են «Բարձրագույն ուսումնական հաստատություններում դերակատարների էթիկայի կանոնագրքի»  նախագիծը և «Բարձրագույն կրթության ոլորտի էթիկայի կանոնագիրք կազմելու մասին ուղեցույցը», ինչպես նաև ներկայացրեց «Բարձրագույն ուսումնական հաստատությունների տիպայինէթիկայի կանոնագրքեր`ուսանողների, վարչական և ակադեմիական աշխատակազմի համար»  փաստաթուղթը:

 

Նշենք, որ էթիկայի մոդելային կանոնագրքի փորձնական փուլի իրականացման համար ընտրվել են 5 բուհեր (Երևանի պետական համալսարան, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա), որոնք 2017 թ.-ի ընթացքում պետք է աշխատանքներ իրականացնեն մի շարք փաստաթղթերի՝ «Էթիկայի կանոնագրքեր բուհերի 3 դերակատարների համար (ուսանողներ, ակադեմիական անձնակազմ և կառավարման մարմիններ)», «Էթիկայի հանձնաժողովի կանոններ», «շահերի բախման քաղաքականություն», «Ակադեմիական ազնվության քաղաքականություն (ներառյալ գրագողության դեմ քաղաքականություն)», «Կոռուպցիայի կանխարգելման քաղաքականություն», «Ահազանգողների (Whistleblowers) պաշտպանության քաղաքականություն» մշակման ուղղությամբ:

 

Էթիկայի մոդելային կանոնագրքի փորձնական աշխատանքի նկարագրի ներկայացումից հետո հանդիպման մասնակիցների միջև բուռն քննարկում ծավալվեց:

 

ԵՊՀ հակակոռուպցիոն միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամները մի շարք հարցեր ուղղեցին ԵԽ ծրագրի ներկայացուցիչներին՝ մասնավորապես ընդգծելով նախատեսված աշխատանքների մեծածավալ լինելու և սեղմ ժակմետների հանգամանքը, ինչպես նաև որոշ մոտեցումների և գործող օրենսդրության միջև հակասությունները: Միաժամանակ նշվեց, որ էթիկայի կանոնակարգերի որոշ դրույթներ մեր իրականության մեջ ադապտացվելու կարիք ունեն:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ հավաստեց, որ ԵՊՀ-ն՝ որպես հանրապետության բուհական համակարգի առաջատար, պատրաստակամ է այս ուղղությամբ համագործակցելու և իրականացնելու մի շարք աշխատանքներ: Նա հույս հայտնեց, որ արդյունքում կմշակվեն գործուն փաստաթղթեր, որոնք կնպաստեն առկա մի շարք խնդիրների լուծմանը: ԵՊՀ ռեկտորն արդի պայմաններում կարևորեց նաև ակադեմիական ազնվության հետ կապված խնդիրները:

 

Հավելենք, որ առաջիկա ամիսների ընթացքում համապատասխան աշխատանքային խումբը, համագործակցելով ԵԽ ծրագրի փորձագետների հետ, կմասնակցի էթիկայի կանոնագրերի մշակման աշխատանքներին: Համալսարանական լայն հանրությունը նույնպես ներգրավված կլինի քննարկումների գործընթացում:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՈՒ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՏՐՈՄՍՈ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ընդունեց Նորվեգիայի արկտիկական համալսարանից (Տրոմսո) ժամանած պատվիրակությանը:
ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻՆ
Սեպտեմբերի 13-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած խորհրդակցությունը ղեկավարում էր ռեկտոր Արամ Սիմոնյանը: