22.10.2008 | 
EXPO 2008-Ը ՍԿՍՎԵԼ Է
EXPO 2008-Ը ՍԿՍՎԵԼ Է
«Մոսկվայի տանը» մեկնարկեց «Կրթություն եւ կարիերա EXPO 2008» իններորդ միջազգային մասնագիտացված տոնավաճառը:
Կրթության բնագավառում ամենամեծ մասնագիտացված ցուցահանդեսին ԵՊՀ-ն մասնակցում է երկրորդ անգամ: LOGOS EXPO center-ի կազմակերպած միջոցառման նպատակն է դպրոցականներին եւ ուսանողներին տրամադրել տեղեկություններ ժամանակակից կրթության ողջ սպեկտորի վերաբերյալ, նպաստել կրթօջախների եւ ձեռնարկությունների միջեւ գործնական հարաբերությունների կայցմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին: Բացման պաշտոնական արարողության ժամանակ ներկաներին ողջունեցին միջոցառման կազմակերպիչները , կրթական կենտրոնների ղեկավարներ, իսկ ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչը կարդաց նախարարի ուղերձը: «Միջոցառումը հնարավորություն է տալիս դրսեւորելու կրթական բարեփոխումներին ուղղված տարաբնույթ ծրագրերի, առաջարկների եւ արդյունքների այն հանրագումարը, որին միտված ենք եղել վերջին տարիների ընթացքում»,-նշված էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի ուղերձում: Արդեն ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի 41 մասնակից ունի: Առաջին անգամ հանրությանն են ներկայանում նաեւ ավագ դպրոցները: «Կողմնորոշվելու համար ցուցահանդեսը, թերեւս, ամենաարդյունավետ ձեւն է, քանի որ կարճ ժամանակահատվածում բազմաբնույթ ու ամփոփ ինֆորմացիա կարող ես ստանալ յուրաքանչյուր մասնակցի մասին»,- ասում է ապագա դիմորդի մայր Նվարդ Բադալյանը: Տոնավաճառի փակման պաշտոնական արարողությունը նախատեսվում է հոկտեմբերի 25-ին, ժամը 17:00-ին: