11.09.2008 | 
ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ ԵՐԴՈՒՄ ՏՎԵՑԻՆ
ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ ԵՐԴՈՒՄ ՏՎԵՑԻՆ
Սեպտեմբերի 10-ին նշվեց ԵՊՀ մեծարման եւ առաջին կուրսեցիների երդման օրվան նվիրված ավանդական, ամենամյա միջոցառումը:

Արդեն երրորդ տարին է, ինչ ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ եւ համալսարանի ղեկավարության օժանդակությամբ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ տեղի է ունենում համերգ-միջոցառում: Այս սեպտեմբերին առաջին կուրսեցիներն իրենց երդման տեքստը լսեցին Միջազգային հարաբերությունների եւ Տնտեսագիտության ֆակուլտետների առաջին կուրսեցիներ Էդգարի եւ Շուշանի շուրթերից:

 

Համալսարանականներին ու հատկապես առաջին կուրսեցիներին ողջունելու էին եկել ոչ միայն սիրված ու ճանաչված երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, «Արմենոիդսը», Զառան «32 ատամ» ակումբի «ոսկի ատամը», այլ նաեւ Մշակույթի կենտրոնի կազմում ընդգրկված տաղանդավոր ուսանողները: Կենտրոնի երգչախումբը, պարի համույթը, անհատ երգիչներն առանձնակի փայլ ու բարձր տրամադրություն էին հաղորդում երեկոյին:

 

«Ահա մի նոր սերունդ էլ բարձրացավ համալսարանի աստիճաններով եւ մտավ ներս: Մտավ վայելելու համալսարանական երջանիկ տարիները»,- այս խոսքերով ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նորեկ համալսարանականներին:

 

Ռեկտորը վստահ է, որ Մայր բուհ ընդունված յուրաքանչյուր առաջին կուրսեցի կպահպանի համալսարանի վարքն ու բարքը, բարձր կպահի նրա բարի համբավը, իսկ բուհում ստացած գիտելիքներն ուղեկից կլինեն իր ողջ կյանքի ընթացքում:

 

Ի դեպ, այս տարվա միջոցառումն առանձնահատուկ էր, քանի որ շարունակում էր ԵՊՀ ծննդյան «90-ամյակին ընդառաջ» տոնակատարությունների շարքը: ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի կարծիքով` ԵՊՀ մեծարման եւ առաջին կուրսեցիների երդման օրվան նվիրված միջոցառումը կարելի է համարել սիրված ու սպասված տոն յուրաքանչյուր համալսարանականի համար:

 

«Մեր կենտրոնն ամեն տարի մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում այս միջոցառմանը: Սակայն պետք է նշել, որ այս տարի այդ պատասխանատվությունը կրկնապատկվել է, որովհետեւ ԵՊՀ-ն թեւակոխում է իր 90 ամյակը: Ես վստահ եմ, որ այսօրվա երեկոյից հետո փխրուն երազանքներով եւ ձգտումներով լեցուն առաջին կուրսեցին ավելի կոգեւորվի, եւ համոզված եմ` կհասկանա, որ իր մուտքը համալսարան սպասված է ու կարեւոր»,- ասում է Կարինե Դավթյանը: Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցների եւ հյուրերի կատարմամբ հնչեց ԵՊՀ հիմներգը, որն ուղեկցվեց գեղեցիկ հրավառությամբ: