25.11.2021 | 
Հասարակություն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր մեկնարկել է «Կովկասյան տարածաշրջան. պատմություն, քաղաքականություն և մշակույթ» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը: Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովը նվիրված էր ամբիոնի նախկին վարիչ, անվանի հայագետ-կովկասագետ, պ.գ.դ., պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանի 71-ամյակին:

Նշենք, որ այն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից ֆինանսավորման երաշխավորված «Հայկական սփյուռքը բազմէթնիկ տարածաշրջանի ազգամիջյան հարաբերությունների համակարգում (Կրասնոդարի երկրամասի օրինակով)» գիտական թեմայի շրջանակում:

 

Գիտաժողովին ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության և արևելագիտության ինստիտուտների տնօրենները, ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, պրոֆեսորադասախոսական կազմը,տարբեր բուհերի ներկայացուցիչներ, Հ. Մարգարյանի ընտանիքի անդամները, ընկերները, ուսանողներ:

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը՝ ողջունելով ներկաներին ու նշելով, որ գիտաժողովի նպատակն է երիտասարդ սերնդին ծանոթացնել անվանի պատմաբանի, աղբյուրագետի և վրացագետի գիտական ժառանգությանը, որպեսզի ուսանողներն օգտվեն նրա հեղինակած աշխատություններից, և Հայրապետ Մարգարյանի՝ իբրև գիտնականի մարդկային բնութագիրն ուղեցույց դառնա նրանց հետագա կյանքում ու գործունեության մեջ:

 

 

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ բոլորովին վերջերս կազմակերպվել էր նաև Արտակ Մովսիսյանի հիշատակին նվիրված գիտաժողով. «Ցավոք, համավարակը խլեց մեզնից լավագույններին: Պարոն Մարգարյանը եզակի մասնագետ էր իր ոլորտում և համակողմանի զարգացած մարդ: Նա Պատմության ֆակուլտետի հիմնասյուներից էր, կարող եմ ասել, որ Պատմության ֆակուլտետի հիմնասյուներից մեկը կոտրվեց, բայց մենք չպետք է ջանք ու եռանդ խնայենք, որ այդ հիմնասյուներին լրացնելու գան նորերը»:

 

 

«Ես կարծում եմ, որ մեր մեծերին միշտ հիշելու, փառաբանելու, նրանց գիտական ու գրական ժառանգությունը գովերգելու ավանդույթը բավականին լավ ավանդույթ է համալսարանում, որը պետք է պահպանվի: Մենք պետք է միշտ վառ պահենք մեր մեծերի հիշատակը, որպեսզի երիտասարդ սերունդն իմանա, թե ովքեր են դասավանդել ու աշխատել այս ֆակուլտետում»,- հավելեց Հ. Հովհաննիսյանը՝ արդյունավետ քննարկումներ մաղթելով գիտաժողովի մասնակիցներին:

 

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին վաստակաշատ գիտնականի հիշատակը հարգելու համար, շեշտեց գիտաժողովի կարևորությունն ու ընտրված թեմայի արդիականությունը. «Հարավային  Կովկասում ձևավորված պետություններն ու այնտեղ ապրող ժողովուրդները պետք է միմյանց իսկապես լավ ճանաչեն, հարգեն ու համագործակցեն՝ իրենց ազգային ինքնությունը և պետականությունը պահպանելու համար: Եվ այս առումով շատ կարևոր գաղափար է Կովկասի տարածաշրջանի պատմության, քաղաքականության և մշակույթի ուսումնասիրությունը, քանի որ ինքներս մեզ ու մեր հարևաններին միայն ճանաչելով՝ կարող ենք ճիշտ մշակել մեր ռազմավարությունն ու անցնելիք ճանապարհը»:

 

 

Վաստակաշատ գիտնականի ու գիտության մեջ նրա ունեցած ավանդի մասին խոսեցին նաև ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն ու Պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Ալբերտ Ստեփանյանը:

 

 

Ողջույնի խոսքերից հետո Հայրապետ Մարգարյանի կյանքին ու գործունեությանը նվիրված զեկուցմամբ հանդես եկավ Էդիկ Մինասյանը՝ առանձնահատուկ ընդգծելով պրոֆեսորի ունեցած գիտական մեծ ավանդը պատմագիտության ու կովկասագիտության մեջ, ադրբեջաներենի ու վրացերենի ուսումնասիրության ոլորտներում. «Հ. Մարգարյանը հսկայական գրականություն է մեզ ժառանգել, նա ոչ միայն կովկասագիտության ծրագրի հիմնադիրներից էր, այլև դպրոցական դասագրքերի լավագույն հեղինակներից, մեծ արժեք ունեն ադրբեջանական կեղծարարությունների և վրացագիտության ուսումնասիրության ոլորտներին նվիրված նրա աշխատությունները»:

 

 

«Հայրապետ Մարգարյանն առանձնանում էր գիտական բանավեճի բարձր կուլտուրայով, մտքի սրությամբ ու ազնվությամբ, նուրբ հումորով: Նրա գիտական վաստակը բարձր են գնահատել ոչ միայն հայ գիտնականները, այլև օտարները»,- իր ելույթը եզրափակեց Է. Մինասյանը:

 

Այնուհետև հնչեցին Հայրապետ Մարգարյանի գիտական ժառանգության, 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի, Ղարաբաղյան հիմնախնդրի և այլ թեմաների վերաբերյալ զեկուցումներ, որոնց հաջորդեցին քննարկումներ: 

 

 

Այլ նորություններ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հայ-չինական համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Չինաստան և Հայաստան. կառավարում և բարձրորակ համագործակցություն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում» խորագրով առցանց գիտաժողովը:
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր «Միջազգային իրավական գործընթացներն Արցախի հակամարտության շուրջ» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, իրավ. գիտ. թեկնածու Եղիշե Կիրակոսյանը: