03.09.2019 | 
Ուսանողական
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԴԻՄԱՎՈՐԵՑ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԴԻՄԱՎՈՐԵՑ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել առաջինկուրսեցիների դիմավորման արարողությունը, որին ներկա էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:

Հանդիսության սկզբում առաջինկուրսեցիներին ողջունեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, որը նախ շնորհավորեց  Արցախի Հանրապետության հռչակման օրը, ապա՝ առաջինկուրսեցիներին՝ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
 

«Համալսարանական միջավայրն ամբողջանում, կատարյալ և ներկայանալի է դառնում ուսանողների ներկայությամբ,-ելույթում նշեց Նաղաշ Մարտիրոսյանը,- ուստի պետք է խնդրեմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցի համալսարանական լինելու մեծ պատիվն ու առաքելությունը»:

Նաղաշ Մարտիրոսյանը շեշտեց, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսանողները հնարավորություն կունենան ստանալու տեսական և գործնական գիտելիքներ, որոնց կգումարվի հետագա տարիների աշխատանքային փորձը, և ուսանողները կկայանան որպես մասնագետներ:

ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն ասաց, որ ուսանողներն ընդունվել են ամենալավ համալսարանի ամենալավ ֆակուլտետներից մեկը. «Հարյուրամյա համալսարանի ամենակարևոր մասնիկն ուսանողն է, և յուրաքանչյուր քայլ արվում է՝ ցուցաբերելով ուսանողակենտրոն մոտեցում: Ուսանողն էլ պետք է լավ սովորի, ունենա քննադատական միտք և ձեռք բերի հետազոտողի հմտություններ»:

Անդրադառնալով ապագա լրագրողներին՝ Էլինա Ասրիյանը շեշտեց, որ լրագրողի թերևս ամենակարևոր առաքելություններից մեկը պետք է լինի անաչառությունը, որն այսօր ոլորտին շատ է պակասում:

Այնուհետև ԵՊՀ ռեկտորի անունից  բրոնզե մեդալով պարգևատրվեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Մովսեսյանը՝ «Լրագրողական մենամարտ» նախագծում ունեցած հաղթանակի համար: 

Միլենա Մովսեսյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, նշեց, որ ֆակուլտետում ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն իրեն շատ օգնել են նախագծում հաղթանակի հասնելու համար:

Առաջինկուրսեցիներին ողջունեց նաև Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը:

 

«Ես հուսով եմ, որ համալսարանում ուսումնառության տարիները հագեցած կլինեն  ստեղծագործական մտահղացումներով և ուսանողական ակտիվ կյանքով»,- նշեց Դավիթ Պետրոսյանը՝ ուսանողներին մաղթելով նորանոր հաջողություններ:

Միջոցառման վերջում տեղի ունեցավ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռակա 5-րդ կուրսի ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

 

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ ԵՊՀ մի շարք ուսանողներ այսօր Նուբարաշենի զորամասի հրաձգարանում մասնակցել են կրակային պատրաստության գործնական պարապմունքի:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ՊՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱՄԱՍ
ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ մասնակցել են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվող տեսական պարապմունքների շարային և կրակային պատրաստություններից: