10.10.2014 | 
Հասարակություն
ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը:

Տոնի կապակցությամբ այսօր ԵՊՀ 8-րդ մասնաշենքում էին հավաքվել ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներ, համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, արտասահմանյան տասնյակ հյուրեր, այլ ֆակուլտետների ներկայացուցիչներ և ուրիշներ: Ամենադասական ու արդիական մասնագիտությունների կրողներին հատուկ շնորհավորելու էր եկել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 

Ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջոցառումները տևելու են 3 օր: Իսկ մեկնարկը տրվեց վաղ առավոտյան Ուսանողական խորհրդի նախաձեռնած ֆլեշ մոբով: Պարային ֆլեշ մոբին մասնակցում էին ֆակուլտետի շուրջ 40 ուսանողներ. պարի միջոցով նրանք ցույց էին տալիս ֆակուլտետի պատմությունը, թե ինչպես են առաջացել գիտությունները, այնուհետև միավորվել ու դարձել այն, ինչ կա այսօր:

 

«Շնորհավորանքի համար ընտրեցինք ֆլեշ մոբի ձևաչափը, որովհետև այսօր այն շատ արդիական է, մյուս կողմից էլ` փիլիսոփաները մյուսներից տարբերվում են թե՛ աշխարհայացքով, թե՛ մասնագիտության բովանդակությամբ, հետևաբար շնորհավորանքն էլ պետք է այլ կերպ լիներ»,- ասում է Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Դավիթ Թորոսյանը:

Այնուհետև սկսվեց հանդիսավոր նիստը, որի ընթացքում հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ, ելույթ ունեցան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ֆակուլտետի պրոֆեսորներ և ուրիշներ:

 

«Կան մասնագիտություններ, որոնք այսօր համարվում են ավելի ժամանակակից, գրավիչ և այլն: Փիլիսոփայությունն ու հոգեբանությունը իրական ավանդական համ ու հոտ են տալիս մեր բարձրագույն կրթության համակարգին: Դրանք հավերժական են, որովհետև կապ ունեն մարդու ու նրան շրջապատող աշխարհի հետ: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ մեզ մոտ վերարժևորվեն ավանդական մասնագիտությունները»,- շնորհավորելով համալսարանականներին՝ նշեց նախարար Աշոտյանը:

 

Ի դեպ, մինչ հանդիսավոր նիստին անցնելը միջոցառման մասնակիցները դիտեցին ցուցահանդեսը, որում ներկայացված էին ֆակուլտետի` վերջին տարիների հրատարակությունները և նկարիչ Ժիրայր Աղավելյանի աշխատանքները: 

 

«Սիրելի՛ փիլիսոփաներ և հոգեբաններ, ձեզ ցանկանում եմ, որ մշտապես լինեք լավ մարզավիճակում, որպեսզի պարտականությունը, որ դրված է մեզ վրա պետության և հասարակության կողմից, փառքով կատարենք: Ուզում եմ նշել այն մարդկանց, ովքեր դեռ խորհրդային տարիներին նվիրվեցին հոգեբանություն գիտությանը և դա տարան տարիների միջով: Այսօր էլ նրանք գիտության այդ ոլորտի առաջամարտիկներն են»,- նշեց պարոն Սիմոնյանը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով իր դասախոսներին (որոնցից երկուսը դեռ այսօր էլ դասավանդում են  համալսարանում) փիլիսոփայության մեծ դպրոց ստեղծելու համար:

 

Նիստի ավարտին ֆակուլտետի մի շարք ներկայացուցիչներ ստացան գերատեսչական պարգևներ ԿԳ նախարարությունից և ԵՊՀ-ից:

 

«Այս տարին մեզ համար կրկնակի տոնական է, որովհետև նշում ենք նաև համալսարանի 95-ամյակը: Շնորհավորում եմ բոլորին՝ մեր ֆակուլտետի ուսանողներին, դասախոսներին, հատկապես նրանց, ովքեր արդեն անցել են վաստակած հանգստի»,- ասաց ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը՝ հակիրճ ներկայացնելով նաև ֆակուլտետի պատմությունն ու անցած ուղին:

 

Այնուհետև մեկնարկեց «Արդիականության մարտահրավերները. փիլիսոփայական և հոգեբանական հիմնախնդիրներ» խորագրով եռօրյա գիտաժողովը, որի ընթացքում զեկույցներ են ներկայացնելու ինչպես ֆակուլտետի դասախոսները, այնպես էլ նրանց արտասահմանյան գործընկերները:

 

«Քանի որ գիտաժողովը տոնական է, որոշեցինք թեման չսահմանափակել որևէ նեղ ուղղության մեջ: Վերջին տարիներին գնալով ակտիվանում են ֆակուլտետի կապերը արտասահմանյան գործընկերների հետ, և այս գիտաժողովը նաև լավ հարթակ է այդ կապերն ամրապնդելու ու զարգացնելու համար»,- ասում է միջոցառումների կազմկոմիտեի անդամ, ֆակուլտետի դասախոս Արման Ղարագուլյանը:

 

Ստորև ներկայացնում ենք պարգևատրված համալսարանականների անունները՝

 

ԵՊՀ ոսկե մեդալ

  • Ատոմ Վարդումյան՝ ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, փիլ. գիտ. թեկնածու
  • Հրանտ Ավանեսյան՝ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  • Գայանե Շահվերդյան՝ ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  • Սյուզան Սարգսյան՝ ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբ. գիտ. թեկնածու
  • Նարինե Խաչատրյան՝ ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտ. թեկնածու, դոցենտ
  • Էլեոնորա Զաքարյան՝ ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբ. գիտ. թեկնածու
  • Սվետլանա Հարությունյան՝ ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հոգեբ. գիտ. դոկտոր

ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալ

  • Ալեքսան Բաղդասարյան՝  ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան, փիլ. գիտ. թեկնածու, դոցենտ
  • Գագիկ Սողոմոնյան՝ ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի դոցենտ, փիլ. գիտ. թեկնածու
  • Սեյրան Զաքարյան՝ ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

ՀՀ ԿԳՆ պատվոգիր

  • Արման Ղարագուլյան՝ ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի դոցենտ, փիլ. գիտ. թեկնածու
  • Ալբերտ Ղազարյան՝ ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, փիլ. գիտ. թեկնածու
  • Սուսաննա Վարդանյան՝ ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի ասիստենտ, փիլ. գիտ. թեկնածու
  • Սիլվա Պետրոսյան՝ ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ, փիլ. գիտ. թեկնածու
  • Վարդուհի Պապոյան՝ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբ. գիտ. թեկնածու
Այլ նորություններ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԵՆՏՐՈՆ Է, ՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԻՄԱՍՏ ԵՎ ՀՈՂԵՂԵՆ ՄԱՐՄԻՆ Է ՏԱԼԻՍ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ «CV կազմելու և գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով դասընթաց, որի ավարտին ուսանողները փոխանցեցին իրենց տվյալները՝ հետագայում աշխատանքի առաջարկների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով: