14.02.2018 | 
Քաղաքականություն
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց Սորբոնի համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցության բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի բաժնի պատվիրակության ղեկավար Էղվե Դեմեյիին:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը, ինչպես նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:

 

Արամ Սիմոնյանը նախ հյուրին ներկայացրեց բուհի ուսումնագիտական գործընթացը, գիտահետազոտական հիմնական ուղղությունները, ինչպես նաև միջազգային համագործակցությունն արտասահմանյան կրթական կենտրոնների և համալսարանների հետ:

 

«30 տարի է, ինչ Մայր բուհը համագործակցում է ֆրանսիական համալսարանների հետ,  և արդյունքը, անկասկած, գոհացնող է: Ուրախ եմ, որ նախաձեռնել եք Հայաստան և մասնավորապես ԵՊՀ այցելությունը: Վստահ եմ, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ փոխգործակցությունը պարզապես ծանոթությունների մակարդակով չի մնա, այլ հետագայում կընդլայնվի՝ ներառելով կրթական ծրագրեր, դասախոսների և ուսանողների փոխանակումներ և այլն»,- նշեց Արամ Սիմոնյանը:

 

Էղվե Դեմեյին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ այցելությունը կազմակերպվել է «Կարճատև խմբագրություն Հայաստանում» վերապատրաստման ծրագրի շրջանակում:

 

«Արդեն ինը տարի է, ինչ մենք այցելում ենք տարբեր երկրնեի և նոր բացահայտումներ անում: Նախորդ տարի Ուկրաինայում էինք, իսկ այս տարի Հայաստան այցելությունը ծրագրել և նախաձեռնել են հենց ուսանողները: Պատճառը առաջիկայում Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովն է»,- մանրամասնեց պրոֆեսորը:

 

Նաղաշ Մարտիրոսյանն էլ հավելեց, որ ֆակուլտետը պատրաստ է սերտ համագործակցություն ծավալել ֆրանսիացի գործընկերների հետ.«Հայաստանի մեդիա դաշտը լուրջ փոփոխությունների կարիք ունի, փոփոխություններ, որոնք անմիջականորեն կապված են մեր ֆակուլտետի գործունեության, կրթական ծրագրերի մշակման և ընդհանրապես ուսուցման մեխանիզմների հետ»:

 

Քննարկումներից հետո կողմերը համաձայնություն ձեռք բերեցին առաջիկայում ֆակուլտետների միջև կապն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարել:

 

Հավելենք, որ վերապատրաստման ծրագրի շրջանակում Հայաստան և Մայր բուհ այցելած Սորբոնի համալսարանի 5 պրոֆեսորներն ու ժուռնալիստիկայի ֆակուլտետի 29 ուսանողները վստահեցնում են, որ հեռանում են մեծ տպավորություններով և կրկին վերադառնալու ակնկալիքով:

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԱՊԱԳԱ ՍԱՆԵՐԻՆ
Այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ էին այցելել Երևանի հ. 114, հ. 198, հ. 94, հ. 195, հ. 118 և հ. 29 ավագ դպրոցների աշակերտները:
ԵՊՀ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալել էր ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին: