01.04.2015 | 
Մշակույթ
ՍԱԹՅԱՆՆԵՐ. ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԵՆԵՐՈՎ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԸ «ԵԿԵԼ ԷԻՆ» ԵՊՀ
ՍԱԹՅԱՆՆԵՐ. ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԵՆԵՐՈՎ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԸ «ԵԿԵԼ ԷԻՆ» ԵՊՀ
«ԵՊՀ ռեկտորը ներկայացնում է… Սաթյաններին». ԵՊՀ-ում անցկացված միջոցառումը նվիրված էր Սաթյանների կոմպոզիտորական գերդաստանին:

Երեկ ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում էին հավաքվել ուսանողներ, դասախոսներ, հյուրեր, ովքեր եկել էին մասնակցելու Սաթյանների ու նրանց արվեստի հետ հանդիպմանը: Վերսկսվել է «ԵՊՀ ռեկտորը ներկայացնում է…» հանդիպումների շարքը, որի շրջանակներում համալսարանականները հյուրընկալում են մշակույթի և արվեստի ականավոր գործիչների, հարցեր տալիս, զրուցում նրանց հետ:

 

Այս անգամ զրույցը երաժշտության լեզվով էր: Փոքրիկ ֆիլմերի միջոցով ներկայացվեց Սաթյանների կոմպոզիտորական գերդաստանը՝ եղբայրներ Աշոտ Սաթյանը (1906-1958 թթ.) և Արամ Սաթունցը (1913-1990 թթ.), ովքեր բազմաթիվ հայտնի երգերի անհայտ հեղինակներն են, այսօրվա Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը և նրանց երիտասարդ սերունդը:

Նրանց գրած հայտնի ու սիրված երգերն էլ բեմից հնչեցրին Մշակույթի կենտրոնի սաները՝ անհատ երգիչներն ու երգչախումբը, ինչպես նաև հրավիրված կատարողները:

 

«Կային երգեր, որոնք 20 տարի չէի լսել: Ինձ բռնեցի այն մտքի վրա, որ մեր ժողովուրդը շատ տաղանդավոր է. Մայր բուհ, փայլուն գիտնականներ, և զարմանալի է՝ ինչպես են իրենց դրսևորում արվեստի մեջ: Ես զարմացած եմ և՛ ձայների, և՛ մոտեցման վրա: Եվ զարմանալի չէ, որ աշխարհում հայտնի գիտնականներ միաժամանակ նվագել են տարբեր գործիքներ և ստեղծագործել»,- միջոցառման ավարտին նշեց Կոմպոզիտորների և երաժշագետների միության նախագահը՝ շնորհակալություն հայտնելով ԵՊՀ-ին այդչափ ջերմ մթնոլորտի համար:

 

Բազմաթիվ ֆիլմերի ու ներկայացումների երաժշտություններ, ռոմանսներ, երգեր ու նույնիսկ հայկական առաջին մյուզիքլը՝ «Լիլիթը», ստեղծվել են Սաթյանների ձեռքով ու մտքի թռիչքով:  

 

«Սաթյանների այս հզոր տոհմի մի շարք ստեղծագործություններ մոռացության փոշուց հանելու խնդիր ունենք: Իմ մանկությունն անցել է Սաթյանի երաժշտության տակ: Աշոտ Սաթյանը հանճարեղ գործ է արել. հետկոմիտասյան շրջանում մեր երաժշտությունը լցվել էր «կոլխոզային» երաժշտությամբ: Նա խիզախություն ունեցավ մեր երաժշտական կյանքը մաքրելու: Տարիներ առաջ ես դիմեցի Հանրային ռադիոյի խմբագրությանը և ասացի, որ ուզում եմ գնել Սաթյանների ձայնագրությունները, ինձ ասացին, որ դրանց մեծ մասն արդեն չկա: Սա ողբերգություն է: Հենց այդ պատճառով նախաձեռնեցինք այս հանդիպումը, որպեսզի երիտասարդներն էլ իմանան նրանց մասին»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

Միջոցառման ավարտին ԵՊՀ երգչախմբի հետ բեմ բարձրացավ նաև մաեստրոն՝ Արամ Սաթյանը, նրա նվագակցությամբ հնչեց «Արդյոք հիշում ես» հայտնի երգը: 

Այլ նորություններ
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԳՐԱՎ ՆՈՐ ԷՋ
2020 թ. Ղազախստանում, Հայաստանում և այլ երկրներում մեծ շուքով նշվում է ղազախական նոր գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի 175-ամյակը:
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին: