06.06.2014 | 
Հասարակություն
ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՐՕՐՅԱ ԴԻՄԱԳԻԾԸ ԳՏՆԵԼՈՒ ՀԵՏՔԵՐՈՎ
ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՐՕՐՅԱ ԴԻՄԱԳԻԾԸ ԳՏՆԵԼՈՒ ՀԵՏՔԵՐՈՎ
Հայ հասարակության այսօրվա դիմագիծը պարզելու համար անցկացված հետազոտության արդյունքները ներկայացվեցին ԵՊՀ-ում:

Հետազոտությունն իրականացրել են ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի մասնագետները: Արդյունքներն այսօր ներկայացվեցին «Արժեքային կողմնորոշումներ և սոցիալական բարեկեցություն. սոցիալ-հոգեբանական խոչընդոտները և հնարավորությունները» խորագրով քննարկում-հանդիպման ընթացքում:

 

«Հայաստանն այսօր կարծես «մոզայիկ» իրականություն է, որտեղ դժվար է ըմբռնել կամ հասկանալ հասարակության հստակ դիմագիծը: Դրա մասին շատ է խոսվում, որակումները տարբեր են, առկա են երկրի մասին փոխբացառող դիսկուրսներ՝ խիստ ազգայնականից մինչև կոնստրուկտիվիստական: Հանրության մեջ ընդունված գործելակերպն ու մտածելակերպը, այլ կերպ ասած, մշակույթն իր հետադարձ ազդեցությունն ունի տնտեսական ու քաղաքական գործընթացների վրա»,- այսպես է հետազոտության արդիականությունը հիմնավորում Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանը:

 

Հետազոտությունն իրականացնելու համար ծախսվել է շուրջ 2 տարի, հարցումներն անցկացվել են ՀՀ 4 մարզերում (Շիրակ, Վայոց Ձոր, Արմավիր և Սյունիք) և Երևանում:

 

Թեև մասնագետները փաստում են, որ այս հետազոտությամբ չեն կարող ընդգրկել սոցիալական հարցերին առնչվող ողջ սպեկտրը, սակայն նպատակ ունեին հասկանալու, թե ինչպիսին է ժամանակակից Հայաստանի տնտեսական ու քաղաքական իրականության մեջ իր «մասնավոր» իրականությունը կառուցող անհատի սոցիալ-հոգեբանական բնութագիրը:

 

Հետազոտության արդյունքներն ամփոփվել են «Մշակույթ, արժեքներ, համոզմունքներ. վարքի կողմնորոշիչները փոփոխվող հայ հասարակությունում» վերտառությամբ գրքում, որի շնորհանդեսը ևս տեղի ունեցավ այսօր:

 

Ըստ հետազոտության արդյունքների՝ հատկապես երիտասարդների և քաղաքում բնակվող կանանց շրջանում ինքնահաստատման և ձեռքբերումներ ունենալու արժեքների ավելացման դինամիկա է նկատվում: Միևնույն ժամանակ ակտիվ քաղաքացիական դիրքորոշումների ձևավորմանը նպաստող արժեքները դեռևս վառ արտահայտված չեն:

 

Սոցիալական իրողությունների վերաբերյալ համոզմունքներում շեշտադրված են անորոշությունն ու կանոնների երկակիությունը, անվստահությունը սոցիալական ինստիտուտների ու խմբերի նկատմամբ: Անորոշության և սոցիալական անվստահության գերակշռող համոզմունքային ֆոնի վրա ակտիվանում են նաև անվտանգության և ապահովության պահանջմունքները: Կա հստակ գիտակցում, որ ներկա սոցիալ-մշակութային պայմանները քաղաքացու համար չեն կարող ապահովել բարեկեցիկ կյանք, սակայն դեռ գոյություն չունի հստակ պատկերացում, թե որոնք են լինելու փոփոխությունների ցանկալի ուղենիշները:

 

Հետազոտության արդյունքների ներկայացումից հետո ծավալվեց քննարկում, որին մասնակցում էին սոցիալական գիտության տարբեր բնագավառների մասնագետներ, դասախոսներ, հետազոտողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուրիշներ:

Այլ նորություններ
ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՐՁՆԵԼ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ. ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ԱՅՑԸ «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ»
Արդեն երկրորդ տարին է, ինչ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնում է արտալսարանային դասեր, որոնք տեսականից բացի նաև պրակտիկ գիտելիքներ են տալիս: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր նմանօրինակ դաս են ունեցել «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում:
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆԱՆՑ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Կանայք քրիստոնեության մեջ. ներառումից մինչև փոխակերպում» խորագրով հանդիպում: