22.04.2015 | 
Մշակույթ
ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
Ապրիլի 22-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ֆրանսիահայ ռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, Ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչ Աշոտ Համբարձումյանը, Արտավազդ Եղոյանը, ում թարգմանությամբ «Մայրիկ»-ը առաջին անգամ ցուցադրվել է հայկական հեռուստատեսությամբ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

 

Խոսելով ֆիլմի մասին՝ տիկին Դավթյանը նշեց, որ «Մայրիկ» ֆիլմը Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենահայտնի ֆիլմերից է, որը յուրաքանչյուր հայ առնվազն մեկ անգամ, եթե ոչ ավելի շատ, դիտել է: 

 

Արտավազդ Եղոյանն անդրադարձավ ֆիլմի հայերեն թարգմանության պատմությանը. «Ֆիլմի մի հատվածն իմ ձեռքն ընկավ պատահաբար, և ես նկատեցի, որ ֆիլմում լուսագրերն արաբերեն են: Որոշեցի թարգմանել հայերեն, սակայն հանդիպեցի որոշ դժվարությունների, քանի որ շատ ավելի լավ տիրապետում էի ֆրանսերեն խոսակցական լեզվին, քան գրականին»:

 

Ֆրանսիայում Արտավազդ Եղոյանը մտերմացել էր «Մայրիկ» ֆիլմում Աբգարի դերակատար Ժաքի Ներսեսյանի հետ: Վերջինս, իմանալով, որ ֆիլմի մի հատվածն արդեն թարգմանվել է, այդ մասին հայտնում է Անրի Վերնոյին: Ռեժիսորը բարկանում է՝ ասելով, որ չի ուզում իր ֆիլմը թարգմանված տեսնել, քանի որ չի ցանկանում, որ ֆիլմում Ազատի մոր և հոր դերերը կերտած հայտնի դերասանների՝ Կլաուդիա Կարդինալեի և Օմար Շարիֆի ձայները փոխարինվեն այլ, թեկուզ շատ հաճելի ձայներով:

 

Եվ չնայած դրան՝ Արտավազդը թարգմանում է ֆիլմը: Իհարկե, Անրի Վերնոյը սկզբում սաստիկ զայրանում է, բայց հետո, լսելով թարգմանչի ձայնը, որը չէր խանգարում դերասանների ձայների լսելի լինելուն, մինչև վերջ դիտում է արդեն թարգմանված տարբերակը:

 

Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) «Մայրիկ» պատմակենսագրական ֆիլմը նկարահանել է 1991 թ.-ին իր ընկերոջ` հայազգի գրող Անրի Թրուայայի առաջարկով: Ֆիլմում իր ընտանիքի օրինակով հեղինակը պատմում է Հայոց ցեղասպանության և նրա հետևանքների մասին։

1921 թ.-ին մի հայ ընտանիք, փրկվելով Ցեղասպանությունից, ապաստանում է Մարսելում: Ազատ Զաքարյանը իր ընտանիքի՝ հոր, մոր և 2 մորաքույրերի հետ իջնում է Մարսելի նավահանգիստ: Թուրքերի կողմից հետապնդված ու հալածված հայերի համար դժվար էր հարմարվել նոր կենսակերպին ու դժվարին աշխատանքներին: Բայց չնայած բոլոր խոչընդոտներին ու փորձություններին՝ ընտանիքը դիմանում է և մնում միասնական: Ընտանիքի մեծահասակներն իրենք իրենց զրկում են գրեթե ամեն ինչից, որպեսզի Ազատը ստանա լավ կրթություն և ապագայում դառնա ինժեներ: Ազատը սովորում է Մարսելի լավագույն դպրոցում, իսկ դպրոցի ուսման վարձը վաստակում են շապկագործ դարձած մայրն ու մորաքույրները և գործարանում գիշերն աշխատող հայրը: Գլխավոր նպատակը Ազատին լավ կրթություն տալն էր:

 

«Մայրիկ»-ը 1991 թ.-ին ներկայացվել է Ֆրանսիական ազգային կինոակադեմիայի «Սեզար» մրցանակի լավագույն երաժշտություն անվանակարգում։

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: