14.04.2017 | 
Հասարակություն
ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ՎԱՎԵՐԱԳՐՈՂԻՑ
ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ՎԱՎԵՐԱԳՐՈՂԻՑ
Այսօր ԵՊՀ-ում համալսարանականները հանդիպեցին «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի հետ:

ԵՊՀ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին հնարավորություն ընձեռել մանրամասներ իմանալու ռազմական ոլորտի և մասնավորապես ապրիլյան քառօրյա պատերազմի մասին: Արշակ Զաքարյանն անմիջական մասնակցություն է ունեցել դեպքերի զարգացմանը և պատրաստել հատուկ ռեպորտաժներ գործողությունների վերաբերյալ: Ռազմական թոհուբոհը հեռուստաեթերով պարբերաբար ներկայացրած կինոռեժիսորը անդրադարձավ իր նոր՝ «Ապրիլ» ֆիլմին, որը մարտական գործողությունների, կորուստների և հերոսական քայլերի մասին է:

 

Խոսելով առաջնագծում տեղի ունեցած մարտական գործողությունների մասին՝ Արշակ Զաքարյանը ընդգծեց, որ դրանք տեղի են ունեցել գերլարված պայմաններում և հայ զինվորի ու կամավորի ջանքերով պսակվել են հաջողությամբ: Կինոռեժիսորը խոսեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հեռուստաեթերով և համացանցով ներկայացվող տեղեկություններից, որոնցից շատերը չեն համապատասխանել իրականությանը:

 

«Մեր ստեղծագործական թիմի նպատակն էր դիրքերից փոխանցել հավաստի և արժանահավատ տեղեկատվություն: Ցանկացած ռազմական լուր իր մեջ պարունակում է ռազմավարական նշանակություն. այն հայտնելիս պետք է հաշվի առնել, թե հասարակության շրջանում ինչ ազդեցություն կարող է ունենալ: Իմ խորին համոզմամբ՝ շատ դեպքերում տեղեկատվական պատերազմը կարող է լուրջ հարցեր լուծել»,- ասաց Արշակ Զաքարյանն ու հավելեց, որ անկախ որոշակի խնդիրներից՝ մեր լրատվադաշտը այս փորձությունը հաղթահարեց մեծ պատասխանատվությամբ:

 

Համալսարանականներին հյուրընկալված բանախոսը կարևորեց նաև նմանաբնույթ հանդիպումները, որոնք ունեն ճշգրիտ տեղեկատվության փոխանցման նշանակություն: Պարոն Զաքարյանը, մանրամասն նկարագրելով ապրիլյան քառօրյա պատերազմի առանձնացող դրվագները, ընդգծեց, որ ռազմական գործողությունները պատմագրություն դարձնելով՝ լուրջ խնդիր են իրականացնում: Այս համատեքստում նա բացառեց խեղաթյուրված տեղեկատվության ներկայացումը, ինչն այդ օրերին անում էր հակառակորդը. «Մի բան ակնհայտ է՝ վավերագրությունը մնալու է, իսկ կադրերի միջոցով կարելի է իրականությունը հասարակությանը փոխանցել»:

 

Հանդիպման ընթացքում կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը պատասխանեց նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին: Դրանք հիմնականում վերաբերում էին դիրքերի կորուստներին, դրանց անառիկությանը, ադրբեջանական զոհերի թվին, գերիների փոխանցմանը, զինտեխնիկայի բացակայությանը, Արցախ ուղևորվող օգնություններին և այլն:

 

ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի նախագահ Մհեր Օթարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանդիպումը կազմակերպելիս հաշվի են առել ուսանողների հետաքրքրությունների և հարցերի շրջանակը. «Ապրիլյան քառօրյա պատերազմն ունի իր մութ էջերը, որոնց մասին քիչ է խոսվում: Մեր նպատակն էր այդ հարցերի պատասխանները ստանալ մարտական գործողությունների մասնակից վավերագրողից: Կարծում եմ՝ հետաքրքիր հանդիպում ստացվեց, որոնցում կարևոր բաղադրիչ էին կազմում դեպքերի անմիջականությունը ու դրանց նկարագրությունը»:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵՑԻՆ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Հունիսի 17-ին Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում տեղի ունեցավ Հայաստանի Ազգային հերոս, ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարանի բացման արարողությունը:
ՌՈՒՍԱԳԵՏՆԵՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՈՆԸ
Այսօր ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ Ռուսագետների հայկական ասոցիացիայի հոբելյանական նիստը՝ նվիրված կառույցի հիմնադրման 25-ամյակին: