23.03.2016 | 
Մշակույթ
ՖՐԱՆՍԵՐԵՆՈՎ ՖԻԼՄԵՐ ԵՊՀ-ՈՒՄ ՖՐԱՆԿՈՖՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՖՐԱՆՍԵՐԵՆՈՎ ՖԻԼՄԵՐ ԵՊՀ-ՈՒՄ ՖՐԱՆԿՈՖՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում այսօր ԵՊՀ կինոակումբը ցուցադրեց «Այան Յոպուգոնից» անիմացիոն ֆիլմը:

Այս անգամ ևս նախաձեռնությունն իրականացնում են ԵՊՀ մշակույթի կենտրոնն ու Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Ֆրանսախոսների համար նախատեսված 3 ֆիլմերից առաջինը` «Այան Յուպոնգից»-ը, պատմում է 1970-ական թվականների Կոտ դ’Իվուարի երիտասարդության մասին: Այն նկարահանվել է 2013 թ.-ին:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում կազմակերպված դիտմանը եկել էին ոչ միայն ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ, այլև կինոկենտրոնի ներկայացուցիչներ:   

 

«Ֆրանկոֆոնները միայն ֆրանսիացիները չեն, նաև Ֆրանսիայի երբեմնի գաղութներն են, որոնցից մեկը Կոտ դ’Իվուարն է: Ֆիլմի հերոսներից միայն մի աղջիկ է, որ մտածում է կրթության ու հետագա բարեկեցության մասին, մյուսները տրված են զվարճանքների, որոնք ունենում են բավականին վատ հետևանքներ: Եվ այդ հետևանքների լուծումն այս ֆիլմում ներկայացված է կատակերգական լեզվով: Ֆիլմում չկան ծայրահեղ աղքատության տեսարաններ, փոխարենը՝ պատկերված է աֆրիկյան գունապնակն իր ողջ կենսուրախությամբ»,- խոսելով ֆիլմի մասին`նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչ Սուսաննա Գալստյանը:

 

«Այան Յուպոնգից» ֆիլմը ներկայացվել է միջազգային բազմաթիվ փառատոններում, ցուցադրվել է տարբեր երկրներում`դառնալով ֆրանկոֆոնիայի տարածման յուրօրինակ միջոց:

 

Առաջիկայում ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոսերների համար կկազմակերպվի ֆրանսիական ևս երկու ֆիլմերի ցուցադրություն: Դրանցից մեկը Աբդերրահման Սիսսակոյի «Տիմբուկտուն» է, մյուսը`Մարկ Ֆիտուսսիի «Դետեկտիվ Պոլինը»:

 

«Մեզ համար համալսարանի հետ համագործակցությունը շատ կարևոր է: Պատահական չէ, որ մենք փորձում ենք դիտումների մեծ մասին անպայման հրավիրել նաև ֆիլմերի ստեղծողներին: Դրա իմաստն այն է, որ դուք կարողանաք իսկապես ստեղծագործողների հետ շփվել, բոլոր այն մտքերն ու հաղորդագրությունները, որոնք ուղարկել է ռեժիսորը, կարողանաք վերադարձնել: Սա երկկողմանի գործընթաց է ֆիլմեր ստեղծողի և դիտողների միջև»,- նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնող Աշոտ Համբարձումյանը, ով արդեն մի քանի տարի է՝ համակարգում է Մայր բուհի և կինոկենտրոնի «կինոկապերը»:

 

Նշենք, որ թեպետ ֆիլմի սցենարի հեղինակը կամ ռեժիսորը ներկա չէին դիտմանը, սակայն քննարկում, այնուամենայնիվ, կազմակերպվեց:  

 

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։