18.07.2017 | 
Քաղաքականություն
ԱՆՄԻՋԱԿԱՆ ԶՐՈՒՅՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
ԱՆՄԻՋԱԿԱՆ ԶՐՈՒՅՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Հուլիսի 17-ին՝ ԵՊՀ ուսանողական համահայկական ռազմական բանակումի եզրափակիչ օրը, ուսանողները հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանի հետ:

Հանդիպումն անցավ ոչ ֆորմալ, մտերմիկ մթնոլորտում, հիմնականում հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում բանակումի մասնակից ուսանողները հնարավորություն ունեցան նախարարին ուղղելու ռազմաքաղաքականության և պաշտպանության բնագավառներին, ինչպես նաև զինվորական առօրյային առնչվող տարաբնույթ հարցեր, հանդես գալու ծրագրային մի շարք առաջարկություններով:

 

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

 

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ներկայացրեց բանակումի ընթացքում իրականացված աշխատանքները, մասնավորապես կրակային, մարտավարական, ֆիզիկական պատրաստության պարապմունքները, թեմատիկ դասախոսությունները, Արցախի սրբավայրեր կատարած ուխտագնացությունները:

 

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր ներածական խոսքում անդրադարձավ ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում ԵՊՀ-ի կողմից իրականացվող բազմաբնույթ ծրագրերին և շեշտադրեց դրանց շարունակականության անհրաժեշտությունը. «Ուսանողները, ամեն անգամ լինելով Արցախում, մասնակցելով ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին, վերափոխված են վերադառնում համալսարան և դառնում հայրենիքի զինվոր լինելու գաղափարի կրողը»:

 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում կարևորեց նմանօրինակ նախագծերի անցկացումը և վստահեցրեց, որ ՀՀ ՊՆ-ն աջակցելու է, որ բանակումը շարունակական և ավելի ընդգրկուն դառնա: Նախարարը արժևորեց նաև ժամկետային զինվորական ծառայության փորձ ունեցող և իրենց փայլուն ծառայությամբ աչքի ընկած ուսանողների մասնակցությունը ծրագրին. «Շատ ուրախ եմ, որ ԵՊՀ-ն համահայկական ուսանողական ռազմական բանակում նախագիծ է իրականացնում: Ոգևորիչ է, երբ բանակ զորակոչվող համալսարանականը հստակ պատկերացնում է, թե իր առջև ինչ խնդիրներ են դրված»:

 

 

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք առնչվում էին սպայական կրթությանը, տարկետման իրավունքին, «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերին, ռազմական դիվանագիտության մարտահրավերներին, գիտական կոչում ունեցող անձանց ակտիվ ներգրավմանը երկրի պաշտպանությանը, միջազգային ահաբեկչության և տարածաշրջանային մարտահրավերներին և այլն:

 

Նշենք, որ արդեն վեցերորդ օրն է ինչ բանակումի մասնակիցները գտնվում են Արցախում: Իրականացվել են տարբեր միջոցառումներ՝ ռազմագիտական,  կրակային, մարտավարական գործնական պարապմունքներ, թեմատիկ դասախոսություններ, հանդիպումներ, խաղ-մրցույթներ:

 

 

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵՑ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ Ուրալի դաշնային համալսարանի պատվիրակության հանդիպումը Մայր բուհի սոցիոլոգիայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, կենսաբանության ֆակուլտետների դեկանների հետ:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻՑ
Այսօր ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը հյուրընկալել էր Ազգերի բարեկամության ռուսաստանյան համալսարանի պատվիրակությանը: