25.12.2017 | 
Քաղաքականություն
ԿԱՅԱՑԱՎ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՄՓՈՓԻՉ ՆԻՍՏԸ
ԿԱՅԱՑԱՎ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՄՓՈՓԻՉ ՆԻՍՏԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը, որը նախագահում էր խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Օրակարգում ընդգրկված էր 6 հարց, որի առաջին հարցը ներկայացրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ռեկտորն անդրադարձավ 2016-2017 ուստարում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքներին և հոգաբարձուների խորհրդի նիստի անդամների հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրով 2016-2017 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականը:

 

Արամ Սիմոնյանն անդրադարձավ բուհի կրթական, գիտահետազոտական, միջազգային համագործակցության, ուսանողական, սոցիալական և այլ ոլորտներում իրականացված աշխատանքներին՝ հակիրճ տվյալներ ներկայացնելով 2016-2017 ուստարում իրագործված ծրագրերի և գրանցված արդյունքների վերաբերյալ:

 

«Ընթացիկ ուսումնական տարում համալսարանի գործունեությունը բոլոր բնագավառներում կազմակերպվել և իրականացվել է ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված խնդիրներին ու նպատակներին համապատասխան: Ձեռնարկվել և իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ և ծրագրեր, որոնք կոչված էին ապահովելու համալսարանի գործունեության արդյունավետությունը, խթանելու նրա առաջընթացը և մրցունակությունը միջազգային գիտակրթական ասպարեզում»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

 

Ռեկտորը նշեց նաև, որ 2016-2017 ուստարում ԵՊՀ-ում իրականացված կրթական գործունեությունն ընդհանուր առմամբ եղել է արդյունավետ, արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ, հաջողությամբ իրականացվել է նախատեսված գործընթացների մեծ մասը: Այդուհանդերձ, եղել են նաև բացթողումներ ու թերացումներ, որոնք հիմնականում վերաբերում էին գիտական արտադրանքի որակին, դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառմանը, բուհ-գործատու կապի ամրապնդմանը, ինչպես նաև ընդունելությանն առնչվող մի շարք խնդիրների:

 

 

Անդրադարձ եղավ նաև ԵՊՀ աշխատողների և ուսանողների կողմից  2017 թ.-ի ընթացքում բուհում ու մի շարք համագործակցությունների շրջանակներում իրականացվող կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի վերաբերյալ գիտելիքի և փորձի հարստացմանն ուղղված ծրագրերում պարբերաբար ներգրավվածությանը:

 

«Այս համատեքստում կարևոր է շեշտադրել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերին ԵՊՀ ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը: Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համագործակցությամբ իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, քննարկումներ, դասընթացներ ու սեմինարներ»,- շեշտեց բանախոսը:

 

Ելույթներից հետո Արամ Սիմոնյանը հաղորդեց 2017 թ.-ի (հունվար-նոյեմբեր ամիսներ) ԵՊՀ եկամուտների և ծախսերի կատարողականի մասին, ըստ որի՝ 2017 թ.-ի 11 ամսվա ընթացքում ԵՊՀ եկամուտների և ծախսերի նախահաշվի մուտքերը կազմել են 10.213.916.7 հազար դրամ, այսինքն՝ մուտքերը գերակատարվել են 0.4 տոկոսով կամ 41.916.7 հազար ՀՀ դրամով: Ծախսերը կազմել են 8.730.131.2 հազար դրամ, ինչը տարեկան նախահաշվի 85.8 տոկոսն է:

 

Այնուհետև խորհրդի անդամների հաստատմանը ներկայացվեց 2018 թ.-ի ֆինանսական տարվա ԵՊՀ եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև 2018 թ.-ի ԵՊՀ կառուցվածքն ու հաստիքացուցակը:

 

 Նշենք, որ ԵՊՀ 2018 թ.-ի դրամական հոսքերը, ըստ ներկայացված նախահաշվի, եկամուտների գծով կազմելու են 9.373.000.0, իսկ ծախսերի գծով` 9.473.000.0 հազար դրամ: Ռեկտորն ընդգծեց, որ ԵՊՀ 2018 թ.-ի եկամուտների և ծախսերի նախահաշիվը դեֆիցիտային է, որը նախատեսվում է լրացնել 2018 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարիների ընթացքում կուտակված ԵՊՀ դրամական միջոցների մնացորդի հաշվին:

 

Ներկայացված օրակարգային բոլոր հարցերն էլ միաձայն հաստատվեցին հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից, ինչից հետո նիստի մասնակիցներն անդրադարձան ընթացիկ մի շարք հարցերի քննարկմանը: Մասնավորապես քննարկվեց արտաքին աուդիտ իրականացնող ընկերության մրցութային կարգով ընտրության, ինչպես նաև գործընթացին վերաբերող մի շարք հարցերի:

 

ԵՊՀ ուսանողական խորհրդի կողմից կատարված մի շարք աշխատանքների անդրադարձավ խորհրդի անդամ, ՈՒԽ փոխնախագահ Դավիթ Ափոյանը, ով ներկայացրեց ոչ միայն ուսանողական կառույցի գործունեությունը, այլև հասարակական ու քաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ ուսանողների կողմից դրսևորած վերաբերմունքն ու ձեռնարկված միջոցառումները:

 

ՀՀ նախագահը, անդրադառնալով  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի տարկետման իրավունքին, նշեց, որ բազմիցս հայտարարվել է, որ տարկետման իրավունքը գործելու է կրթության և գիտության ոլորտում հաջողություններ ունեցած բոլոր ուսանողների համար:

 

 

Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության  նախարար Վիգեն Սարգսյանը նույնպես խոսեց նոր օրենքում առկա վիճելի դրույթների մասին՝ շեշտելով, որ առաջարկված քաղաքականությունը միտված չէ զինված ուժերի թիվը համալրելուն, այլ միտված է երիտասարդ սպայական կազմի որակի փոփոխությանը:

 

«Բուհական կրթությամբ զինվորի՝ որպես սպայի առկայությունը բանակում բավականին դրական ազդեցություն ունի: Հենց այդ առաքելության իրականացմանն է միտված Պաշտպանության նախարարության կողմից առաջարկված ծրագրերը: ՀՀ զինված ուժերում գիտական վաշտի ստեղծման գաղափարը ակտուալ է, և դրա իրագործումը ժամանակի պահանջն է: Պաշտպանության ոլորտը գիտական կադրերի խոշոր պատվիրատու է, ուստի բոլոր քայլերը մտածված են: Ինչ վերաբերում է գիտական մեծ ներուժ ունեցող ուսանողին տարկետման իրավունք տալու պահանջին, ապա նշեմ, որ տարկետման իրավունքի տրամադրումը ոչ միայն գործելու է, այլև նրանց հանդեպ պետք է կիրառվի հատուկ քաղաքականություն, քանի որ նրանցից է կախված մեր պետության վաղվա օրը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

 

Իսկ ուսանողի այն հարցին, թե արդյոք նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը, անկախ ստանձնած պաշտոնից, կշարունակի ղեկավարել ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, նախագահը նշեց. «Սիրելի՛ համալսարանականներ, անկախ ամեն ինչից՝ ես չեմ հրաժարվելու Մայր բուհում և Շախմատի ֆեդերացիայում ստանձնած պաշտոններից»:

 

Նիստի ավարտին Սերժ Սարգսյանը շնորհավորեց համալսարանականների Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ նոր տարում մաղթելով նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ:

 

«2017 թ.-ը հաջող տարի է եղել Հայաստանի համար: Մասնավորապես գրանցվել են դրական տեղաշարժեր երկրի տնտեսական, արտաքին քաղաքականության, միջազգային փոխգործակցության, անվտանգության և պաշտպանության բնագավառներում: Վստահ եմ, որ  2018 թ.-ը նույնպես հաջողություններով լի, դրական զարգացումների ու ձեռքբերումների տարի կլինի բոլորիս համար: Այդ նպատակով յուրաքանչյուր ոք պետք է գտնվի իր տեղում, պատշաճ կատարի իր գործը՝ ի նպաստ մեր պետության բարօրրությանը, զարգացմանն ու բարգավաճմանը»,- ամփոփեց ՀՀ նախագահը:

 

Այլ նորություններ
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Այսօր ԵՊՀ-ի և «Նատֆուդ» ՓԲԸ-ի միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՈԻՄՆ Է
Դեկտեմբերի 26-ին ԵՊՀ էր այցելել Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի պատվիրակությունը: