01.09.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԴԻՄԱՎՈՐԵՑ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԴԻՄԱՎՈՐԵՑ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետն այսօր դիմավորեց առաջինկուրսեցիներին, որոնք ծանոթացան ֆակուլտետի կառուցվածքին, գործունեությանը, կրթական ծրագրերին և անցած ճանապարհին:

Ուսանողներին ողջունեց ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, որը շնորհավորեց նրանց՝ իրենց ճանապարհին հանդիպած դժվարությունները և խոչընդոտները հաղթահարելու, ինպես նաև արտակարգ դրության պայմաններում քննական շրջանը հնարավորինս լավ արդյունքներով ամփոփելու համար:

 

«Դուք 101-ամյա համալսարանի ամենամեծ ֆակուլտետի ուսանողներն եք: Իր 30-ամյա գործունեության ընթացքում ֆակուլտետն իրականացրել է վիթխարի աշխատանք՝ նպաստելով  ոլորտում լավագույն կադրերի պատրաստմանը և թարգմանչական մտքի զարգացմանը»,- նշեց դեկանը:

 

Խոսելով ֆակուլտետի և օտարեկրյա բուհերի ու դեսպանատների միջև ակտիվ համագործակցության մասին՝ Գևորգ Բարսեղյանը կոչ արեց ուսանողներին լավ սովորել և դառնալ ոլորտի լավագույն մասնագետներից. «Ձեզ բախտ է վիճակվելու լսել ԵՊՀ և օտարերկրյա բուհերի համագործակցության արդյունքում ԵՊՀ ժամանած դասախոսներին, թարգմանիչներին ու հարստանալ նրանց փորձով և գիտելիքներով»:



 

Ուսանողներին ողջունեցին և շնորհավորեցին Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը, Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը:

Սեդա Գասպարյանի բնորոշմամբ, ուսանողների համար այս օրն ամենահիշարժան պահերից մեկն է. «Այսօր ձեր կյանքի ամենահիշարժան օրերից է։ Սա առաջին լուրջ քայլն է, որը հետագայում կուղղորդի ձեզ անցնելու կյանքի դժվարին արահետներով և գտնելու ձեր ճիշտ տեղը»։



Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության բաժնի ուսանողուհի Լուսինե Արիստակեսյանը ոգևորությամբ է եկել նախընտրած ֆակուլտետ. «Մեզ՝ առաջինկուրսեցիներիս համար նպատակահարմար էր ուսուցումը կազմակերպել առկա եղանակով: Հուսանք՝ կկարողանանք արտակարգ պայմաններում արդյունավետ կազմակերպել և մասնակցել ուսումնական գործընթացին»:

 

Նշենք, որ առաջինկուրսեցիները ծանոթացան նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի գործունեությանը և կառուցվածքին՝ հետագայում կենտրոնի սաների շարքերը համալրելու և մշակութային կյանքը նոր ուղղությամբ ներկայացնելու  նպատակով:

 

Անգին Խաչատրյան

 

 

Այլ նորություններ
«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾ Է. ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵԼ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ պատվիրակությունն արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրով համալսարանի կողմից ֆինանսավորվող տան կառուցման հիմնարկեքի արարողությանը։
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ն ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
ԵՊՀ պատվիրակության արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։