12.04.2019 | 
Գիտություն
ԴԱՐԱԿԱԶՄԻԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՍԵՎ ԽՈՌՈՉԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ
ԴԱՐԱԿԱԶՄԻԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՍԵՎ ԽՈՌՈՉԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ
Այս տարվա ապրիլի 10-ն այսուհետ գիտության համար շատ կարևոր օր է լինելու, քանի որ հենց այս օրը մարդկությունն ունեցավ իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ ստացվեց գերհսկա Սև խոռոչի ակկրեցիոն սկավառակի իրական պատկերը։

Սև խոռոչների գոյության մասին սկսել են խոսել դեռևս 18-րդ դարում, սակայն մինչ այսօր դրանց գոյությունը կրում էր բացառապես թեզիսային բնույթ, և գործնականում դրանց մասին ոչ մի ապացույց չկար։

Սակայն սև խոռոչների գոյությունն ապացուցող փաստեր հավաքող «Event Horizon Telescope» ծրագիրը փոխեց պատմությունը։ Ծրագիրը ձևավորվել է 2012 թվականին, և դրա շնորհիվ աստղաֆիզիկոսներն ուսումնասիրում են «M87» (Messier 87) գալակտիկայի Կույսի համաստեղության մեջ առկա սև խոռոչները։ Այս ծրագրի շրջանակում գիտնականները ստեղծել են մի համակարգ, որը թույլ է տալիս նրանց դիտարկումներ իրականացնել՝ օգտագործելով Հավայան կղզիների, ԱՄՆ-ի, Իսպանիայի, Մեքսիկայի, Չիլիի ու Հարավային բևեռի աստղադիտակները։ Մինչ իրենց նպատակին հասնելը գիտնականներն ամեն օր ստանում էին 350 տեռաբայթ տվյալներ, որոնք վերլուծելու համար պահանջվեց 2 տարի։ Հետո հինգ օր տևած աշխատանքներից հետո գիտնականները հավաքեցին 4 պատաբայթ տվյալներ։ Դրանց ծավալն ավելի լավ հասկանալու համար նշենք, որ եթե այս տվյալները «MP3» ձևաչափով երաժշտություն լինեին, ապա դրանց տևողությունը 8 հազար տարի կլիներ։ Այս խնդիրը լուծելու համար Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտ Քեթի Բոումանն ալգորիթմ ստեղծեց։



Երկար աշխատանքներից հետո «EHT»-ի թիմն օրեր առաջ կարողացավ դիտարկել «M87» ակտիվ գալակտիկայի կենտրոնում գտնվող գերհսկա Սև խոռոչի «ստվերը»։ Սև խոռոչի իրադարձությունների հորիզոնուղու պատկերը մարդկությունը ստացել է առաջին անգամ։



Սև խոռոչի զանգվածը կազմում է մոտ 6.5 միլիարդ Արեգակի զանգված, այսինքն՝ Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում գտնվող գերհսկա Սև խոռոչից (Աղեղնավորի A*) մոտ 1000 անգամ շատ։ Երկու Սև խոռոչն էլ «EHT» ծրագրի դիտարկման կենտրոնում են։

Ներկայումս սև խոռոչների շրջակայքի անմիջական ուսումնասիրությունն անհնար է, սակայն արդեն հնարավոր է դիտարկել նրանց «ստվերը», այսինքն՝ Սև խոռոչի մոտակայքում լույսի մասնիկների՝ ֆոտոնների հետագծերի կորացման ու կայուն ուղեծրերի բացակայության հետևանքով պատկերի կենտրոնում պայծառության նվազումը։ Սա մեծ քայլ է նաև Էնշտեյնի հայտնի հարաբերականության տեսությունն ավելի փաստացի դարձնելու համար։

Սև խոռոչի դիտարկումը բեկումնային քայլ է ոչ միայն աստղաֆիզիկայի, այլև ընդհանրապես գիտության ոլորտում։ Լուսանկարը ստանալուց անմիջապես հետո միանգամից մի քանի երկրում կայացել է գիտաժողով՝ այն ցուցադրելու համար։

Աշխարհի գիտական հանրությունը ցնցված է և համոզված, որ այս բացահայտումից հետո աստղաֆիզիկայի դասագրքերում հարկ կլինի փոփոխություններ կատարել։

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը:
«ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՆ ԵՎ ՄԵԾ ՀԱՐԳԱՆՔ ԵՆ ՏԱԾՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ, ՈՐԸ ՄԵՆՔ ՀԱՃԱԽ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ». ԲԵՐԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՆԻԼՍ-ԿԱՐԵ ԲԻՐԿԵԼԱՆԴ
Բերգենի համալսարանի և ԵՊՀ այցելու պրոֆեսոր Նիլս-Կարե Բիրկելանդը ԵՊՀ-ում կարդացել է էքստրեմոֆիլ մանրէների մասին հերթական դասախոսությունը: