26.05.2017 | 
Կրթություն
«ՀՐԴԵՀ» ԵՊՀ-ՈՒՄ. ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎԵԼ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
«ՀՐԴԵՀ» ԵՊՀ-ՈՒՄ. ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎԵԼ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնի նորակառույց մասնաշենքում դասերի ընթացքում հրդեհ էր բռնկվել: Ուսանողները տարհանվել են, բայց կան տուժածներ:

Առաջին հայացքից արտակարգ թվացող այս իրավիճակն իրականում բեմադրված էր, սցենարի «հեղինակն» էլ ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնն էր: «Քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բուժօգնություն» առարկայի շրջանակներում ԵՊՀ ուսանողները մասնակցում էին ուսումնական վարժանքի: Տուժածների, նրանց տարհանողների ու օգնություն ցուցաբերողների դերում էլ հենց առարկան ուսումնասիրող ուսանողներն էին՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսը:

 

Այսպիսի ուսումնավարժանք ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնի նորակառույց շենքում անցկացվում է 1-ին անգամ: Վարժանքներին մասնակցում են այն ֆակուլտետների ուսանողները, ովքեր տվյալ կիսամյակում անցնում են «Քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բուժօգնություն» առարկան: Այս տարի վարժանքները տևում էին մայիսի 22-26-ը:

 

Այսօրվա վարժանքը մեկնարկեց տագնապային ազդանշանով: Լսարանում բռնկված հրդեհը փորձել էին հանգցնել սեփական ուժերով, բայց չէր ստացվել, և ստիպված էին ուսանողներին ու դասախոսներին տարհանել: Տարհանման ընթացքում ոմանք ստացել էին վնասվածքներ՝ այրվածքներ, կոտրվածքներ և այլն:

 

 

Տարհանումից հետո պարզվեց, որ ներսում դեռ մարդիկ են մնացել, փրկարար-ուսանողներն անցան որոնողափրկարարական աշխատանքների և նրանց դուրս բերեցին, իսկ բակում սպասում էին առաջին բուժօգնություն ապահովող ուսանողները:

 

«Էական չէ, թե ինչպիսի արտակարգ դեպք է տեղի ունեցել, կարևորն այն է, որ ուսանողը գիտակցի իր դերը՝ թե՛ որպես փրկարար, թե՛ որպես հետախույզ, թե՛ որպես տուժող: Ամբողջ կիսամյակի ընթացքում նրանց պատրաստել ենք, և այսօր նրանք կարողացան մեկտեղել իրենց գիտելիքները, տրամաբանությունն ու խնդիր լուծեցին: Մեզ համար կարևոր է, որ ուսանողը ցանկացած իրավիճակում կարողանա կողմնորոշվել և խուճապի չմատնվել»,- ասում է ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Սարգիս Մանուկյանը և մտաբերում, որ մի անգամ նույնիսկ վարժանքի ժամանակ ուսանողուհին այնպես է խուճապի մատնվել, որ աստիճաններով իջնելիս ոտքը ոլորել է, և իսկապես առաջին բուժօգնության անհրաժեշտություն է առաջացել:  

 

Ի տարբերություն նախկինում անցկացված վարժանքների՝ այս անգամ ուսանողների «փորձությունների» քանակն ավելացել էր. առաջին անգամ կիրառվեցին փափուկ պատգարակներ, ավելացել էին նաև մարմնի տարբեր հատվածներում դրվող  տարատեսակ վնասվածքների համար նախատեսված վիրակապերի տեսակները՝ գլխին, դեմքին, թևերին ու ոտքերին և այլն:

 

Ընդհանուր առմամբ պրոֆեսորադասախոսական անձնակազմին ուսանողների գործողություններն ու պատրաստվածությունը գոհացրել է: Պարոն Մանուկյանի խոսքերով՝ թերևս փոքր-ինչ դանդաղել են տարհանումն իրականացնողները, ինչը իրական արտակարգ իրավիճակի դեպքում տուժողների համար կարող է ճակատագրական լինել:

 

 

«Մինչ այս դասընթացը որոշ բաներ գիտեինք, բայց հիմա ավելի հմտացել ենք: Շատ բան ենք սովորել, ու սա երևի այս կիսամյակի ամենահետաքրքիր դասն էր»,- ասում է ԻԿՄ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Սարգսյանը:

 

Նրա կուրսընկերուհին՝ Անուշ Սիմոնյանն էլ փաստում է, որ վարժանքն իրենց համար լավ հնարավորություն էր պարզելու, թե ինչքանով են կարողանում տեսական գիտելիքը վերածել գործնականի, հաղթահարել ներքին վախերն ու օգնել մարդկանց:

 

«Ճիշտ է՝ իմ կյանքում վնասվածքների հաճախ եմ առնչվել, քանի որ սպորտով եմ զբաղվում, և մեզ այդ ամենը սովորեցնում են, բայց շատ ուրախ եմ, որ այսպիսի առարկա կա և ավելի մեծ թվով մարդիկ են տեղեկանում, սովորում ու փորձ հավաքում»,- ասում է փրկարար-ուսանողներից մեկը՝ Վարանդ Գասպարյանը:

Այլ նորություններ
2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 2.602 ԴԻՄՈՐԴ
Այս տարի ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած՝ 2.165 տեղը՝ ներքին քննությունների համար:
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 8-ին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Արտերկրում անվճար սովորելու 10 ամբողջական կրթաթոշակներ» խորագրով սեմինարը: