10.12.2019 | 
ՈՒՍԱՆՈՂԸ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԻ ԳՈՐԾԵԼ ՍՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ. ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ
ՈՒՍԱՆՈՂԸ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԻ ԳՈՐԾԵԼ ՍՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ. ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ
ԵՊՀ քաղաքացիական պաշտպանության ամբիոնում այսօր անցկացվել է կիսամյակային հերթական ուսումնավարժանքը:

Կիսամյակային ուսումնավարժանքի ծրագիրը Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասապրոցեսի բաղկացուցիչ մասն է, որի ընթացքում ուսանողները գործում են՝ ըստ նախօրոք հայտնի սցենարի:

Նմանաբնույթ ուսումնավարժանքների նպատակն է կատարելագործել ուսանողների տեսական և գործնական ունակություններն ու հմտությունները:

 

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Սարգիս Մանուկյանը կարևորեց այսօրինակ ուսումնավարժությունների անցկացումը. «Ուսանողը պետք է սովորի գործել սուր իրավիճակներում, որպեսզի կարողանա միշտ ապահովել բնակչության պաշտպանությունը»:

 

Ուսումնավարժանքը մեկնարկեց տագնապային ազդանշանով, և վարժանքի մասնակիցները պետք է ուսանողներին ու դասախոսներին տարհանեին:

 

Ըստ սցենարի՝ տարհանման ընթացքում ոմանք ստացել էին վնասվածքներ՝ այրվածքներ, կոտրվածքներ և այլն:

Հարկ է նշել, որ «Քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բուժօգնություն» առարկան, որի շրջանակում իրականացվում է ուսումնավարժանքը,  բաղկացած է 3 հիմնական մասերից՝ արտակարգ իրավիճակներ խաղաղ պայմաններում, քաղաքացիական պաշտպանություն՝ պատերազմական իրավիճակներում  և առաջին բուժօգնության տրամադրում՝ երկու իրավիճակներում էլ:

«Մենք շատ ջանքեր ենք գործադրում, որպեսզի ուսանողը ձեռք բերի որոշակի հմտություններ,- նշեց ամբիոնի վարիչը,- դա է պատճառը, որ ես ցանկացա, բացի տեսական մասից, անցկացվեն նաև գործնական պարապմունքներ, ուսումնական վարժություններ: Ուսանողներն իրենց գիտելիքները պետք է կարողանան կիրառել լուրջ իրավիճակներում»:

 

Ուսումնավարժանքի այսօրվա թեման հրդեհն էր:

Հիշեցնենք, որ տուժածների, նրանց տարհանողների ու օգնություն ցուցաբերողների դերում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն էին: