10.04.2017 | 
Ուսանողական
ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐԻ ԵՐԵԿՈ ԵՊՀ-ՈՒՄ
ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐԻ ԵՐԵԿՈ ԵՊՀ-ՈՒՄ
Ապրիլի 7-ին ԵՊՀ ՈՒԽ-ի նախաձեռնությամբ Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի բակում կազմակերպվել էր ազգագրական պարերի երեկո:

Համալսարանի բակում ազգագրական պարեր առաջին անգամ չէր կազմակերպվում, սակայն «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի մասնակցությունն այս միջոցառմանը անգամ առաջինն էր: ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի նախագահ Աննա Գարեգինյանի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազգագրական պարողներ և այդ պարերը սովորել ցանկացող ուսանողներ ԵՊՀ-ում շատ կան, որոշվել է համալսարանը դարձնել այն վայրերից մեկը, որտեղ նրանք կսովորեն և կսովորեցնեն ազգագրական պարերը:

 

«Համալսարանականներին և ազգագրական երգն ու պարը սիրող մարդկանց Մայր բուհի բակ կանչելն ու պարելը՝ անկախ բոլոր տեսակի խոչընդոտներից, շարունակական ենք դարձնելու: Հուսանք՝ մի օր համալսարանի բակն այլևս չի բավարարի»,- իր խոսքում նշեց Աննա Գարեգինյանը:

 

 

Չնայած հորդառատ անձրևին ու կարկուտին՝ համալսարանականները չէին դադարում պարել ազգագրական պարեր՝ «Խամխամայից» մինչև «Փափուռի», «Սղերդի քոչարիից» մինչև «Կարնո քոչարի», «Յարխուշտայից» մինչև «Մածուն եմ մերել»:

 

«Այն ամենը, ինչ սովորում եք, հիմա գիտակցական է, հետո դառնում է կենսակերպ, իսկ պարն ազդում է ձեր ենթագիտակցության վրա, այդ պատճառով ոչ մի պար առանց հասկանալու մի՛ պարեք: Եթե չհասկանաք պարի ամբողջ ներաշխարհը, այն օգտակար չի լինի»,- միջոցառման ընթացքում ասում էր Գագիկ Գինոսյանը:

 

ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանն էլ նշեց, որ գաղափարը դեռ վաղուց է եղել: Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի և Գագիկ Գինոսյանի հետ քննարկումների արդյունքում որոշվել է՝ ամեն ամսվա առաջին ուրբաթ օրը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում կազմակերպել ազգագրական պարերի երեկո:

 

Ազգագրական պարերով համալսարանականների հետաքրքրությունը նորություն չէ: Ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ ազգագրական երգ ու պարի դասընթացներ արդեն եղել են և այժմ էլ շարունակվում են:

Այլ նորություններ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ: