30.03.2018 | 
Գիտություն
ՔԻՄԻԱՅԻ ԱՄԵՆԱԳՈՒՆԵՂ ՈՒ ՎԱՌ ՃՅՈՒՂԵՐԻՑ ՄԵԿԻ՝ ՍՆՆԴԻ ՔԻՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ Է ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԿԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՔԻՄԻԱՅԻ ԱՄԵՆԱԳՈՒՆԵՂ ՈՒ ՎԱՌ ՃՅՈՒՂԵՐԻՑ ՄԵԿԻ՝ ՍՆՆԴԻ ՔԻՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ Է ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԿԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Սննդի անվտանգությունը ներկայումս մարդկության առաջ ծառացած ամենալուրջ խնդիրներից է, քանի որ տեխնիկական առաջընթացի և մարդկանց բազմաբնույթ գործունեության հետևանքով միջավայրի աղտոտվածությունը մի շարք հիվանդությունների պատճառ է դառնում:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետն այսօր ակտիվ զբաղվում է մասնագետների պատրաստմանն ուղղված կրթական ծրագրերի մշակմամբ և մասնավոր հատվածի հետ գործնական կապերի հաստատման գործընթացներով: Մասնավորապես՝ 2016 թ.-ից ֆակուլտետում կենցաղային քիմիայի և սննդի անվտանգության մասնագետների համար նախատեսված կրթական ծրագրեր են գործում և՛ բակալավրիատում, և՛ մագիստրատուրայում: Այս տարի ֆակուլտետը կունենա սննդի անվտանգության ոլորտի մագիստրոս առաջին շրջանավարտները: 

 

Ոլորտի խնդիրների, ինչպես նաև կենցաղային քիմիային և սննդի անվտանգությանը վերաբերող կրթական ծրագրի առանձնահատկությունների մասին պատմում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, կրթական ծրագրի համահիմնադիր Կարինե Գրիգորյանը.

 

«Արդեն երկու տարի է, ինչ ակտիվորեն զբաղվում ենք սննդի անվտանգության ոլորտի մասնագետների պատրաստման աշխատանքներով: Ներդրվել են ծրագրեր, որոնց շրջանակում բակալավրիատի ուսանողները բազային գիտելիքներ են ստանում, իսկ մագիստրոսներն ավելի նեղ մասնագիտական հմտություններ են ձեռք բերում: Մեր մագիստրոսները, ովքեր տարբեր բուհերի ներկայացուցիչներ են, քիմիական բազային կրթություն չունեն, ինչը դժվարացնում է կրթական գործընթացը: Այնուամենայնիվ, երիտասարդների շրջանում այս մասնագիտության հանդեպ հետաքրքրությունն աճում է, և դա պայմանավորված է նաև շուկայում մեծացող պահանջարկով: Գործնական պարապմունքների ընթացքում պարբերաբար այցելություններ ենք կազմակերպում խոշոր կազմակերպություններում, որոնց ընթացքում էլ մեր բոլոր մագիստրոսներն էլ (5 հոգի) այսօր աշխատում են գործող ընկերություններում՝ զուգահեռաբար մշակելով մագիստրոսական ավարտական թեզերը: Ուսանողները մեծ բավականությամբ ու հետաքրքրությամբ են հաճախում, մասնավորապես փորձնական պարապմունքներին: Ուսանող ունենք նույնիսկ Արցախից, մագիստրոսներից մեկն էլ ուսանող երեխաներ ունի (ծիծաղում է): Ընդհանրապես սննդի քիմիան ամենագունեղ ու վառ ճյուղերից մեկն է: Պրոֆեսորադասախոսական կազմն անում է ամեն հնարավորն ուսանողներին պատշաճ գիտելիքով ու գրականությամբ ապահովվելու համար:  Ինչ վերաբերում է կրթական ծրագրերի մշակմանը, ապա պետք է նշեմ, որ այդ գործընթացում ներգրավված են ոլորտի լավագույն մասնագետները, որոնց շարքում նաև մեր ֆակուլտետի շրջանավարտներն են»:

 

Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնում առարկայի դասավանդման հետ կապված մի շարք խնդիրներ կան, որոնք բուհի ու ֆակուլտետի ուշադրության կենտրոնում են:

 

«Սննդի անվտանգության ոլորտում և ընդհանարապես քիմիայում միայն տեսական գիտելիքների դասավանդմամբ չես կարող որակյալ ու շուկայում մրցունակ մասնագետ պատրաստել. անհրաժեշտ են լուրջ ու թանկարժեք սարքավորումներ: Մեր ամբիոնն արդեն, ԵՊՀ ղեկավարության շնորհիվ, մի քանի սարք է ձեռք բերել, որոնք էապես հեշտացնում են դասախոսի գործը: Առաջիկայում լաբորատոր նոր կահույքով ու սարքավորումներով հարուստ լաբորատորիա էլ կունենաք, որի համար շնորհակալ ենք ռեկտոր Արամ Սիմոնյանին: Մասնագիտական գրականության պակաս ունենք, քանի որ որակյալ գրականություն ձեռք բերելը բավականին թանկ է: Մասնագիտական գրքեր, իհարկե, ունենք անգլերենով: Եվ չնայած այսօրվա մեր ուսանողության հիմնական շերտի համար անգլերեն գրականությունը հասանելի է, սակայն մայրենի լեզվով գրքերի անհրաժեշտություն շատ կա: Չնայած, որ Եվրոպական ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ եմ և գրքերի ձեռքբերման համար նախատեսված զեղչերից օգտվելու հնարավորություն ունեմ,  այնուամենայնիվ, մասնագիտական գրքեր շատ թանկ են և հասանելի գրականությունը հիմնականում համացանցից ենք ներբեռնում: Անցյալ տարի ինձ հաջողվեց հրատարակել սննդի անվտանգության, սննդի քիմիայի և տեխնոլոգիաների տերմինաբանական բացատրական բառարան: Ներկայումս էլ մյուս տարվա դիմորդների համար սննդի տեխնոլոգիաների վերաբերյալ լաբորատոր աշխատանքների գիրք եմ պատրաստում»,- փաստեց ԵՊՀ պրոֆեսորը:

 

Կարինե Գրիգորյանը հավելեց նաև, որ երիտասարդների շրջանում ոլորտի վերաբերյալ տեղեկատվության լուրջ պակաս կա. «Պետք է հանրայնացնել տեղեկատվությունը՝ հետաքրքրություն սերմացնելով երիտասարդների շրջանում: Դեռևս դպրոցական նստարանից պետք է ներկայացրել ոլորտի առանձնահատկությունները, շուկայում մասնագետների օրեցօր աճող պահանջարկը, ինչպես նաև ԵՊՀ-ում գործող ծրագրերն ու հեռանկարները: Անելիքներ շատ կան և հենց այս ուղղությամբ էլ պետք է աշխատենք»:

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայոց լեզու. Մաշտոցից մինչև մեր օրերը» խորագրով միջոցառում, որի ընթացքում Համազգային հայ կրթական և մշակութային միության (ՀՀԿՄՄ) նախաձեռնությամբ լավագույն ուսանողներին Հակոբ Կարապենցի անվան կրթաթոշակ հանձնվեց:
ԵՊՀ ՊՐՈՌԵԿՏՈՐ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԵՎ ԴԱՍԱԽՈՍ ԿԱՐԵՆ ՔԵՌՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ
ԵՊՀ գիտական քաղաքականության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը և Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Կարեն Քեռյանը «Որոշ օրթոգոնալ շարքերի զուգամիտության և միակության հարցեր» գիտական հոդվածների շարքի համար արժանացել են ՀՀ նախագահի մրցանակի: