19.04.2017 | 
Ուսանողական
ԱՊԱԳԱ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՊԱԳԱ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Այսօր ամփոփվեց Ֆուտբոլի միջֆակուլտետային առաջնությունը. եզրափակչում մրցում էին Միջազգային հարաբերությունների ու Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների թիմերը:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի, ԵՊՀ ՈՒԽ սպորտի հանձնաժողովի ու Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված Ֆուտբոլի միջֆակուլտետային առաջնությունը մեկնարկել էր ապրիլի 7-ին: Միմյանց դեմ մրցելու հնարավորություն էին ստացել 18 ֆակուլտետային թիմեր: Խաղերին մասնակցելու հայտ չէր ներկայացրել միայն Ռուս բանասիրության ֆակուլտետի թիմը: Բանն այն է, որ ֆակուլտետը չի ապահովել համապատասխան թվով ուսանողների առկայությունը:

 

Կարևորելով ուսանողական մարզական միջոցառումների անցկացումը՝ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը առաջիկայում նույնպես նախաձեռնել է մի շարք միջոցառումներ: Իսկ ահա ֆուտբոլի միջֆակուլտետային խաղերի արդյունքները կնպաստեն ԵՊՀ ֆուտբոլի նոր թիմի ձևավորմանը, որը հնարավորություն կունենա մասնակցելու համահամալսարանական ուսանողական մարզական միջոցառումներին:

 

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Ռաֆֆի Քարամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հասարակության կողմից սիրված սպորտաձևի՝ ֆուտբոլի առաջնության անցկացմամբ սկիզբ է դրվել մի նախաձեռնության, որի նպատակն է բարձրացնել ուսանողների մարզական հնարավորությունները, ինչպես նաև նպաստել ուսանողական կյանքի ակտիվացմանը. «Ես լիահույս եմ, որ առաջիկա մարզական խաղերն անցկացվելու են հօգուտ համալսարանական թիմի, որովհետև այս խաղերը ցույց տվեցին, որ ԵՊՀ ուսանողները ոչ միայն պատրաստված են, այլև ունեն բարձրագույն առաջնություններում դիտարժան խաղերով հանդես գալու բոլոր հնարավորությունները»:

 

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանն էլ, մեկնաբանելով Ֆուտբոլի միջֆակուլտետային առաջնության անցկացումը, նշեց, որ ուսանողական կառույցը կարևորում է ուսանողների ոչ միայն ինտելեկտուալ և կրթական, այլև սպորտային և ֆիզիկական զարգացումը. «Սպորտով զբաղվելն առողջ ապրելակերպի լավագույն դրսևորումն է: Կարևոր եմ համարում բոլոր ֆակուլտետների մասնակցությունն այս առաջնությանը, որովհետև այն ունի նաև պայքարելու և լավագույնս հանդես գալու խորհուրդ: Այդ է վկայում հանդիսատեսի արձագանքը, ով ոգևորում և պարտավորեցնում է ֆուտբոլասեր ուսանողներին»:

 

 

Հարկ է ընդգծել, որ խմբային 42 դիտարժան խաղերն անցկացվել են լարված մրցապայքարում. թիմերը պայքարել են հաջողություն արձանագրելու և գավաթին արժանանալու համար: Այնուամենայիվ, հաջողությունը ժպտացել է չորս ֆակուլտետների թիմերին՝ Արևելագիտության, Տնտեսագիտության և կառավարման, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ու Միջազգային հարաբերությունների: Վերջիններս, հայտնվելով կիսաեզրափակչում, մինչև վերջին րոպեն պայքարել են չպարտվելու համար:

 

Եվ ահա այդ ամենը եզրափակչում հաջողությամբ հաղթահարեցին Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ու Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների թիմերը: Արդյունքում՝ 7:4 հաշվով հաղթող ճանաչվեց ապագա միջազգայնագետների թիմը, որը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից պարգևատրվեց հավաստագրերով, մեդալներով և գավաթով:

Այլ նորություններ
ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում համալսարանականները հյուրընկալեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:
ԵՐԵՎԱՆԻ ՏՈՆԻՑ «ՄԻ ԿՏՈՐ» ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանողները նշում էին Երևանի տոնը: