10.10.2014 | 
Հասարակություն
… ՈՐՊԵՍԶԻ ԱՐԺԵՎՈՐՎԵՆ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
… ՈՐՊԵՍԶԻ ԱՐԺԵՎՈՐՎԵՆ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Անմահները հրամայում են… ԵՊՀ պատմության ֆակուլտետը Արցախյան գոյամարտում» խորագրով հուշ-ցերեկույթ:

ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի և Պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված հուշ-ցերեկույթը նվիրված էր ԵՊՀ և Պատմության ֆակուլտետի 95 և Արցախյան պատերազմի հրադադարի կնքման 20-ամյակներին:

 

Բացման խոսքով հանդես եկավ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով շեշտեց նմանօրինակ նախաձեռնությունների կարևորությունը. «Փաստորեն շատ ուսանողներ են ներգրավվում այս գործում, ինչը կարևոր է և՛տեղեկատվության տարածման, և՛ համալսարանում ազատամարտիկների ոգին պահելու առումով»:

 

Ազատամարտիկների հիշատակը հարգելու էին եկել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, գրող Գրիգոր Ջանիկյանը, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Քեյթի Գունդակչյանը, Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ազատամարտիկների հարազատներ և ընկերներ:

 

«Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նշեց, որ շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ուսանող այս աշխատանքն իրականացնի իր ֆակուլտետում, որպեսզի արժևորի նոր ժամանակների նոր հաղթանակները:

 

Միջոցառման ընթացքում ուսանողները հանգամանորեն ներկայացրին Պատմության ֆակուլտետի` Արցախյան ազատամարտին մասնակցած վեց ազատամարտիկներին՝   Վարդան Դալլաքյանին, Զաքար Ավանեսյանին, Թաթուլ Կրպեյանին, Ռոման Մկրտչյանին, Վարդան Բախշյանին և Արթուր Մկրտչյանին: Նրանք նաև հանդես եկան «Մարտիկի երգը» երգի և «Ղարաբաղի եղնիկ» պարի կատարումներով:

 

Միջոցառմանը ներկա էր նաև ազատամարտիկ Իգոր Սարգսյանը, ով իր խոսքում նշեց. «Ես եկել եմ ձեզ փոխանցելու մեր տղերքի պատգամները, սրտի խոսքերը, հպարտությունը, ցավը այն տղաների, որոնցից շատերը չհասցրին էլ սիրահարվել, ամուսնանալ, ընտանիք կազմել: Եկել եմ հիշեցնելու, որ դուք բոլորդ նրանց զավակներն եք, որ նրանք կռվեցին իրենց զավակների, իրենց տոհմի, իրենց ազգի շարունակականության համար: Եկել եմ ասելու, որ ամեն տեղ է պայքարը՝ բնության մեջ, տիեզերքում, նաև մարդկության մեջ: Ամբողջ աշխարհում այսօր պատերազմներ են: Բայց մենք մեր պայքարն ունենք, և եթե ուզում եք ապրել, ուզում եք խոսել ձեր մայրենի լեզվով, ապրել հայրենիքում, ուրեմն պետք է պատրաստ լինեք պայքարելու: Պայքարը միայն զենքով չէ, պայքարը նաև գիտելիքով է»:

 

Միջոցառման ավարտին ներկա ուսանողներին իր խոսքն ասաց նաև Արկադի Տեր-Թադևոսյանը. «Դուք պատմաբան եք, դուք գիտեք, որ ամեն ինչ ունի իր սկիզբը, ընթացքը և ավարտը: Այսօր ձեզ ներկայացնում են ձեր անցյալը: Այսօր անում են մի աշխատանք, որ մեր պետական գործը պետք է լիներ: «Վարդանանք» ակումբը դեռ տարիներ առաջ այն գիտակցությունն ունեցավ, որ գլխավորը ոչ թե նյութական, այլ հոգևոր հարստությունն է: Պետք է հասկանալ, որ մեր զինվորի առաջ մեկ այլ զինվոր է կանգնած՝ադրբեջանցի զինվոր, որն իր պապերից փախչել է սովորել, իսկ մեր դեպքում հակառակն է»:

Այլ նորություններ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԵՆՏՐՈՆ Է, ՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԻՄԱՍՏ ԵՎ ՀՈՂԵՂԵՆ ՄԱՐՄԻՆ Է ՏԱԼԻՍ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ «CV կազմելու և գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով դասընթաց, որի ավարտին ուսանողները փոխանցեցին իրենց տվյալները՝ հետագայում աշխատանքի առաջարկների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով: