22.10.2008 | 
ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց Գերմանիայի Հալե-Վիտտենբերգի Մարթին Լյութեր համալսարանի պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վուլֆ Դեպենբրոքը, Աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Հերման Գոլցը, Հումանիտար ֆակուլտետի պրոֆեսոր Գերհարդ Մեյզերը, Արեւելագիտության ինստիտուտի դոկտոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանը, Հալե-Վիտտենբերգի համալսարանի լեզուների կենտրոնի տնօրեն Ինգրիդ Ստուդեն, Միջազգային համագործակցության վարչության աշխատակից Իլյա Դոբերը եւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Անդրեա Վիկտորինը: Արամ Սիմոյանի հետ միասին ԵՊՀ-ն ներկայացնում էին նաեւ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը եւ Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գեւորգյանը: Հանդիպումն ընթացավ բավականին ջերմ մթնոլորոտում: Նախքան հանդիպման պաշտոնական մասին անցնելը հյուրերը նվերներ հանձնեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին եւ դեսպան Անդրեա Վիկտորինին: ԵՊՀ ռեկտորն էլ իր հերթին պատվիրակության անդամներին բուկլետներ եւ հուշանվերներ փոխանցեց: «Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը ոչ միայն գործնական այլեւ` բարեկամական եւ մանկավարժական մակարդակում կիրականանա: Մեր հիմնական խնդիր հայ եւ գերմանացի դասախոսներին ու ուսանողներին համագործակցելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է»,- նշեց Վուլֆ Դեպենբրոքը: ԵՊՀ ռեկտորը պատվիրակությանն առաջարկեց համալսարանների համագործակցությունը շարունակել գիտահետազոտական աշխատանքների ոլորտում եւ ընդլայնել համագործակցության շրջանակները. «Կարծում եմ` նպատակահարմար կլինի հայերեն եւ գերմաներեն լեզուներին նվիրված գիտաժողով անցկացնել: Եվ քանի որ հաջորդ տարի մենք պատրաստվում ենք նշել ԵՊՀ-ի 90-ամյակը, ուստի առաջարկում եմ գիտաժողովը հենց հոբելյանական միջոցառումների շրջանակներում կազմակերպել եւ արդեն իսկ հրավիրում եմ ձեզ 2009-ի հոկտեմբերի 1-ից 4-ը այցելել ԵՊՀ»: Հանդիպման վերջում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ Ցեղասպանության խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող Հալե-Վիտտենբերգի Մարթին Լյութեր համալսարանի ռեկտոր Վուլֆ Դեպենբրոքը վավերացրին համալսարանների միջեւ արդեն իսկ կնքված համագործակցության պայմանագիրը: Հանդիպումից հետո Արամ Սիմոյանի հետ միասին պատվիրակությունը մեկնեց Էջմիածին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպելու, այնուհետեւ` տեսարժան մի շարք վայրեր դիտելու: