23.10.2019 | 
Հասարակություն
ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԱՆՎՃԱՐ Է
ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԱՆՎՃԱՐ Է
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով՝ Ապրիլյան քառօրյա մարտերին մասնակից ԵՊՀ բոլոր ուսանողներին ԵՊՀ ուսանողական հանրակացարանում կեցության ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով, իսկ այլ բուհերի՝ մարտերին մասնակից ուսանողներին՝ 30 % զեղչով:

ԵՊՀ ուսանողներ Գևորգ Մանուկյանը, Շուլի Հակոբյանը և Ռաֆայել Հովհաննիսյանն Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներ են: Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Գևորգ Մանուկյանը պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և  ՀՀ «Արիության» մեդալով, Շուլի Հակոբյանը՝ ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով:

 

Զորացրվելուց հետո հերոսները վերադարձել են ԵՊՀ՝ այստեղ շարունակելու կրթությունը և որակյալ մասնագետ դառնալու: Նրանց խոսքով, ԵՊՀ-ում մշտապես աջակցել են իրենց և ամեն ինչ արել՝ նպաստելու ուսումնառության արդյունավետ կազմակերպմանը:

Մեզ հետ զրույցում Գևորգ Մանուկյանը, որը զորացրվելուց հետո որոշել է կիսատ թողնել ուսումը Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում և ընդունվել Իրավագիտության ֆակուլտետ, ասաց, որ ի թիվս այլ օգնությունների՝ ԵՊՀ-ում լուծել են նաև իրենց կեցության խնդիրը:

 

«Դեռևս անցած տարվա փետրվարից ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի նախաձեռնությամբ և Արամ Սիմոնյանի աջակցությամբ՝ ես և ընկերներս՝ Շուլին և Ռաֆայելը, անվճար հիմունքներով բնակվել ենք ԵՊՀ ուսանողական հանրակացարանում»,- ասաց Գևորգ Մանուկյանը:

 

 

Նրա փոխանցմամբ, հանրակացարանի վերանորոգումից հետո էլ ուսումնական այս տարվա սկզբից իրենք շարունակում են անվճար հիմունքներով բնակվել հանրակացարանում. «Կեցության համար ստեղծված են լավ պայմաններ: Բացի դրանից՝ ուսանողական միջավայրն էլ նպաստում է, որ դասերն ավելի լավ մթնոլորտում սովորենք»:

 

ԵՊՀ ուսանողական հանրակացարանի պարետ Հրաչ Չոբանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ դեռևս ուսումնական անցած կիսամյակում Ապրիլյան քառօրյա պատերազմի շքանշանակիրներն անվճար հիմունքներով են բնակվել հանրակացարանում:

 

Հրաչ Չոբանյանը հայտնեց նաև, որ վերանորոգումից հետո ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով՝ այժմ պատերազմին մասնակից բոլոր ուսանողներին է հնարավորություն տրվում անվճար հիմունքներով բնակվելու ուսանողական հանրակացարանում:

 

Հիշեցնենք, որ ըստ հրամանի՝ սահմանվում է, որ Ապրիլյան քառօրյա մարտերին մասնակից ԵՊՀ բոլոր ուսանողներին ԵՊՀ ուսանողական հանրակացարանում կեցության ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով, իսկ այլ բուհերի՝ մարտերին մասնակից ուսանողներին՝ 30 % զեղչով:

 

 

Հրաչ Չոբանյանը փաստեց, որ այս պահի դրությամբ կեցության ծառայություն է մատուցվում Ապրիլյան քառօրյա պատերազմի 7 ուսանողների, որոնց թվում են նաև շքանշանակիրները. «Կեցությունն այստեղ են կազմակերպում նաև ԵՊՀ ուսանողներ Մանուել և Սամվել Մանուկյանները, Ալեքս Շահնազարյանն ու Գեղամ Առաքելյանը»:

 

Մեզ հետ զրույցում Ալեքս Շահնազարյանը, որը սովորում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսում, ասաց, որ ծնունդով Շամշադինից է և զորացրվելուց հետո Երևանում ուսում ստանալու համար մինչ այժմ վարձակալությամբ էր բնակվում. «Հրամանի մասին տեղեկացա կայքից, ոգևորվեցի և անհրաժեշտ փաստաթղթերը  ներկայացրի ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորին: Ինձ արդեն տրամադրվել է սենյակ, շուտով վերջնական կտեղափոխվեմ»:

 

Ալեքս Շահնազարյանի փոխանցմամբ, ԵՊՀ ուսանողական հանրակացարանի պայմանները շատ լավն են և հարմարավետ. «Հրաշալի նախաձեռնություն է: Ուրախ եմ, որ ԵՊՀ-ն ոչ միայն որակյալ կրթություն է տրամադրում, այլև լուծում ուսանողների սոցիալական խնդիրները»:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ:
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՕՐԻՆԱԿՈՎ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ՕԳՏՎԵԼ Ե՛Վ ԵՄ-Ի, Ե՛Վ ԵԱՏՄ-Ի ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ». ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, քաղ. գիտ. դոկտոր Աշոտ Ալեքսանյանը հոկտեմբերի 15-17-ը մասնակցել է Բելգորոդ քաղաքում տեղի ունեցած «ԵԱՏՄ անդամ երկրների միջսահմանային և միջտարածաշրջանային փոխազդեցությունը» խորագրով միջազգային ֆորսայթ-նստաշրջանին: Պարոն Ալեքսանյանի հետ զրուցել ենք դրա օրակարգի և արդյունքների, ինչպես նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին ինտեգրվելու հեռանկարների մասին: