01.10.2018 | 
«ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼ-2018» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
«ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼ-2018» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում «Ազատ մամուլ-2018» մրցանակաբաշխության ներկայացուցիչների և ուսանողների հետ:

Հանդիպումը կազմակերպել էր Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

Հանդիպմանը ներկա Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ասաց, որ հոկտեմբերի 1-ն առանձնահատուկ օր է ֆակուլտետի պատմության համար, որովհետև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը հիմնադրվել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին:

Նաղաշ Մարտիրոսյանը շնորհավորեց հավաքվածներին օրվա կապակցությամբ, այնուհետև շնորհակալություն հայտնեց հյուրերին հանդիպմանը ներկա գտնվելու, ինչպես նաև ուսանողների հարցերին պատասխանելու համար:

Ելույթով հանդես եկավ նաև Օսլոյի «Fritt Ord» հիմնադրամի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Քնութ Օլավ Ամասը:

Վերջինս կարևորեց ժամանակակից աշխարհում լրագրողի աշխատանքը: «Հատկապես հիմա, երբ այդքան մեծ արագությամբ տարածվում են ինչպես կեղծ նորությունները, այնպես էլ ատելություն քարոզող խոսքը, իսկ լրագրողի դերն առավել էական է դառնում»,- նշեց Քնութ Օլավ Ամասը:

 

Լրագրողների դերը մեծ է նաև տեղեկատվական մարտահարվերների հարցում, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների, զարգացման առանձնահատկություններ ունեցող մարդկանց նկատմամբ ատելությունը հաղթահարելիս:

Արևելյան Եվրոպայի հարցերով փորձագետ Մարտին Պաուլսենն էլ հավելեց, որ Երևանում ներկա են գտնվելու «Ազատ մամուլ-2018» մրցանակաբաշխությանը: Մարտին Պաուլսենը, ով նաև հանձնաժողովի կազմում է, ասաց, որ ընտրությունը կատարվել է հիմնական երկու սկզբունքներով՝ համերաշխության և ներշնչանքի:

Վերջում ուսանողները հնարավորություն ունեցան ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև հյուրերին ոգևորեցին ազգագրական պարով:

 

Անի Պողոսյան