19.11.2014 | 
Հասարակություն
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՉԱՓԻՑ ՇԱՏ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈԻՆԸ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՉԱՓԻՑ ՇԱՏ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈԻՆԸ
Համալսարանականների հյուրն էր ֆրանսիացի գիտնական, առաջադեմ հասարակական գործիչ, պրոֆեսոր Պիեռ Ժոլիո-Կյուրին:

Հյուրին ողջունեց ԵՊՀ գիտքարտուղար Մենուա Սողոմոնյանը, ով շնորհակալություն հայտնեց գիտնականին Մայր բուհ այցելելու համար, այնուհետև հակիրճ ներկայացրեց վերջինիս կենսագրությունը:

 

Պիեռ Ժոլիո-Կյուրին «Հետազոտությամբ զբաղվելու տարերքը. դասավանդման միջոցով հաղորդակից դարձնել այս տարերքին» թեմայով յուրահատուկ դասախոսություն կարդաց ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների համար:

 

Պրոֆեսորը, ով իր գիտական գործունեությունը հիմնականում ծավալել է կենսաբանության, ֆիզիկայի և քիմիայի գիտահետազոտական ինստիտուտում (IPPC), ներկայացրեց սեփական մեթոդներն աշակերտներին և ուսանողներին գիտության մեջ ներքաշելու գործում:

 

«Երիտասարդների՝ գիտության մեջ ներգրավվածության աստիճանը աշխարհի բոլոր երկրներում և պատմության գրեթե բոլոր փուլերում անհանգստացրել է ավագ սերնդին: Այսօր էլ գրեթե նույն պատկերն է: Դեռ աշակերտական նստարանից հատուկ մշակված մեթոդներով ու խաղային տարբերակներով պետք է դպրոցականների շրջանում սերմանել գիտության հանդեպ հետաքրքրություն ու սեր»,- նշեց գիտնականը:

 

Պիեռ Ժոլիո-Կյուրին խոսեց գիտական ոլորտի ներկայիս խնդիրների մասին՝ մասնավորապես նշելով, որ մրցակցությունը և չափից շատ տեղեկատվական հոսքերի հասանելիությունը ստեղծարարական տեսանկյունից չեն նպաստում գիտության զարգացմանը:

 

«Դասավանդողներն ու ընդհանրապես ծնողները պետք է շատ զգույշ լինեն իրենց երեխայի համար տեղեկատվական աղբյուրները բացելիս: Միայն ճիշտ չափաբաժինը կարող է նպաստել մատաղ սերնդի զարգացմանը, իսկ չափից դուրս շատ ինֆորմացիան միայն բթացնում ու կարծրացնում է մարդու ուղեղը»,- ընդգծեց պրոֆեսորը և հավելեց, որ այսօրվա գիտնականները, ընկնելով մրցակցության հետևից, շատ անգամ մոռանում են իրենց առաքելությունը:

 

Հյուրն անդրադարձավ նաև հիմնարար գիտության պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև գիտության մեջ կնոջ և տղամարդու հավասարության խնդիրներին՝ ընդգծելով, որ գիտական և ընդհանրապես բոլոր հարցերում կնոջ և տղամարդու դիրքորոշումներն ու աշխարհայացքները տարբեր են, և հենց այդ տարբերության շնորհիվ է, որ համատեղ աշխատանքն ամբողջական արդյունք է տալիս:

 

«Այո՛, կինը չի կարողանում այնքան ժամանակ տրամադրել գիտությանը, որքան տղամարդը, քանի որ նրա ուսերին նաև ընտանիքի և երեխաների դաստիարակության հոգսն է ծանրացած, սակայն դա չի նշանակում, որ կնոջ դերը պետք է սահմանափակվի գիտության մեջ: Ընդհակառակը՝ դեռ վաղ հասակից աղջիկներին պետք է խրախուսել բնական գիտությունների մեջ ներգրավվելու հարցում»,- հավելեց գիտնականը:

 

Դասախոսությունից հետո համալսարանականները մի շարք հարցեր ուղղեցին հյուրին, իսկ հանդիպման վերջում Մենուա Սողոմոնյանը Պիեռ Ժոլիո-Կյուրիին հանձնեց ԵՊՀ-ի մասին պատմող բուկլետներ, ինչպես նաև մեծանուն նկարիչ Շմավոն Շմավոնյանի «Արարատ» ալբոմը:

 

Հավելենք, որ Պիեռ Ժոլիո-Կյուրին քիմիայի ոլորտի՝ 1935 թ-ի Նոբելյան մրցանակակիրներ Պիեռ և Մարի Կյուրիների թոռն ու Ֆրեդերիկ և Իռեն Ժոլիո-Կյուրիների որդին է:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ. ՄԱՍ 1-ԻՆ
Ավարտվում է 2022 թվականը, և համալսարանականները ներկայացնում են անցնող տարվա ընթացքում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնում ապագայի ծրագրերին։ Հաջողությունները եղել են բոլոր ուղղություններով՝ գիտականից մինչև ֆինանսական։