15.04.2016 | 
Մշակույթ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԳԻՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԳԻՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Ֆրանսիական երգի փառատոնը:

Հայաստանը` որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, տոնում է ֆրանկոֆոնիայի օրերը և դրանով իսկ վկայակոչում իր պատկանելիությունը ֆրանկոֆոն մեծ ընտանիքին: Տոնակատարություններից անմասն չի մնում նաև ԵՊՀ-ն, որն արդեն երկար տարիներ որդեգրել է ֆրանսերենի դասավանդման և ֆրանսիական մշակույթի տարածման ավանդույթները:

 

Արդեն 7-րդ տարին է, ինչ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ԵՊՀ մշակույթի կենտրոնը և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի ամբիոնը կազմակերպում են Ֆրանսիական երգի փառատոն՝ բոլոր ունկնդիրներին հաղորդակից դարձնելով ֆրանսիական մշակույթին:

 

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը ողջույնի և շնորհավորանքի իր խոսքում նշեց, որ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Մայր բուհում կազմակերպվել և կազմակերպվում են նաև գիտաժողովներ, մրցույթներ և այլ ձևաչափով միջոցառումներ:

 

«Այս տարի միջոցառումը համընկավ մեր հայրենիքի սահմաններում իրականացած ցավալի իրադարձությունների հետ: Երկար տատանվելուց հետո մենք, այդուհանդերձ, որոշեցինք իրականացնել այն, որպեսզի մեկ անգամ ևս ցույց տանք մեր երկրի, մեր ժողովրդի քաղաքակիրթ լինելու և համամարդկային կարևոր արժեքներ դավանելու իրողությունը»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը:

 

 

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ֆրանսերենի և մշակույթի հարցերով կցորդ Նատալիա Ցագրիսը: Նա հույս հայտնեց, որ Մայր բուհի հետ համագործակցությունը երկար կշարունակվի, ինչի արդյունքում էլ նմանօրինակ գեղեցիկ միջոցառումներ դեռ շատ կկազմակերպվեն:

 

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանն էլ նշեց, որ համագործակցության արդյունավետությունը նկատելի է նաև գիտական ասպարեզում. «Մեր բազմաթիվ ուսանողներ և դասախոսներ փոխանակման ծրագրերով եղել են Ֆրանսիայում և ավելի ամրապնդել իրենց գիտելիքները: Վերջերս էլ հյուրընկալել էինք ֆրանսիացի պրոֆեսորի, ով հետաքրքիր դասախոսությամբ հանդես եկավ մեր ֆակուլտետում»:

 

Ֆրանսիական երգի փառատոնն ամեն տարի նոր ձևաչափ է ստանում: Այս տարի միջոցառման մասնակիցները վիրտուալ ճամփորդում էին Սենա գետի վրայով, որի ընթացքում ծանոթանում Ֆրանսիայի մշակութային կարևորագույն կոթողների հետ: Ծանոթությունն էլ զուգակցվում էր ԵՊՀ երգչախմբի և Մշակույթի կենտրոնի անհատ երգիչների՝ ֆրանսիական երգերի կատարումներով:

 

Տեղեկացնենք նաև, որ ԵՊՀ-ն մշտապես մասնակցում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Հայաստանում ֆրանսիական և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանների կողմից կազմակերպվող ֆրանսիական երգի մրցույթ-փառատոնին, որն անցկացվում է Ֆրանկոֆոնիայի շրջանակում: Այս տարին նույնպես բացառություն չի եղել, և ԵՊՀ մշակույթի կենտրոնը ներկայացել է երկու համարներով. Աննա և Մարի Գաբրիելյանները հանդես են եկել դուետով, իսկ Մարիցա Թիլիքյանը՝ անհատական երգով: Մրցույթ-փառատոնի մասնակիցները գրավել են երկրորդ և երրորդ պատվավոր հորիզոնականները:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։