08.11.2017 | 
Կրթություն
ԴԱՍԸՆԹԱՑԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԴԱՍԸՆԹԱՑԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Հաղորդակցությունից համագործակցություն» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:

Սեմինար-դասընթացը, որն անց է կացնում Բանկային կառավարման դպրոցի տնօրեն Վարդուհի Հարությունյանը, կազմակերպվել է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու Բանկային կառավարման դպրոցի համագործակցության շրջանակում:

 

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը դասընթացի մեկնարկից առաջ փաստեց, որ կենտրոնը շատ է կարևորում այս ձևաչափով անցկացվող միջոցառումները. «Աշխատաշուկայում տեղ գտնելու համար կարևոր են ոչ միայն ակադեմիական գիտելիքները, այլև շատ ուրիշ հմտություններ, որոնք հենց նմանօրինակ դասընթացների ընթացքում կարող եք ձեռք բերել»:

 

Կարինե Նազարյանը մասնակիցներին տեղեկացրեց նաև, որ հավաստագրեր կհանձնվեն նրանց, ովքեր 3 օրերի ընթացքում ոչ միայն կմասնակցեն դասընթացին, այլև ակտիվություն կցուցաբերեն և վերջում հաջողությամբ կհանձնեն առաջադրված թեստը:

 

Բանկային կառավարման դպրոցի տնօրեն Վարդուհի Հարությունյանն էլ, ով արդեն 12 տարվա աշխատանքային փորձ ունի մարդկային ռեսուրսների կառավարման և մարքեթինգի ոլորտում, տեղեկացրեց, որ բացի հավաստագրերից՝ ամենաբարձր միավորներ հավաքած երեք ուսանողներ հնարավորություն կունենան մասնակցելու HR միջազգային սեմինարին՝ ստանալով մասնակցության վճարի 100%, 50%  և 25% զեղչեր:

 

 

Սեմինար-դասընթացի առաջին օրը բանախոսն անդրադարձավ արդյունավետ հաղորդակցման հմտություններին, ներկայացրեց հաղորդակցման գործընթացի սահմանումը, տեսակները, այդ տեսակների առավելությունները և գործածության շրջանակները: Խոսվեց նաև ոչ վերբալ հաղորդակցության, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցման հիմնական սկզբունքների մասին:

 

«Հիշե՛ք, որ մարդիկ ցանկանում են լսել և հասկանալ մեզ, եթե մենք հաճելի ենք նրանց աչքերին, ականջներին, մտքին և սրտին: Նրանք լսում և հասկանում են մեզ զգայարանների և ինտուիցիայի միջոցով»,- ասաց Վարդուհի Հարությունյանը:

 

Տեղեկացնենք, որ դասընթացի երկրորդ օրը մասնակիցները կծանոթանան սթրեսի կառավարմանը, իսկ երրորդ օրը՝ գործատուների համար լավագույն թեկնածու լինելու հանգամանքին: 

Այլ նորություններ
ԱՊԱԳԱ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար վարպետության դաս անցկացրեց Վրաստանի համաժամանակյա (синхрон) թարգմանիչների (գիտաժողովային) միության հիմնադիր Գոգա Ասկուրավան:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց հայաստանյան բուհերի ուսանողական կառույցների և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: