21.04.2015 | 
Քաղաքականություն
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
Այսօր տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումներից գլխավորը՝ գիտխորհրդի ընդլայնված հանդիսավոր նիստը:

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում անցկացված նիստին մասնակցում էին համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմի, մեծ թվով ուսանողության, տարբեր կառույցների ու Հայկական սփյուռքի ներկայացուցիչներ:

 

Գիտխորհրդի ընդլայնված հանդիսավոր նիստը սկսվեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի «Ցեղասպանությունից վերածնունդ» ծավալուն զեկուցումով: Այն ներկայացնում էր դեռևս մի քանի դար առաջ ծրագրավորված Հայոց ցեղասպանությունը, դրա իրականացման փուլերը, Թուրքիայի վարած քաղաքականությունը այն ժամանակ և հիմա, փրկված հայկական բեկորների միավորումն ու վերածնունդը և այլն:

 

«Հիմք ընդունելով ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները՝ «ցեղասպանություն» եզրույթով այսօր բնութագրվում է սոսկ երիտթուրքերի կողմից իրականացված Մեծ եղեռնը 1914-1916 թվականներին, երբեմն էլ՝ սուլթան Համիդի կողմից կազմակերպված կոտորածները 1890-ական թվականների կեսերին և Քեմալ Աթաթուրքի վարչակազմի կողմից իրականացված կոտորածների նոր փուլը 1920-1923 թվականներին: Իհարկե, նշված կոտորածներն իրենց ծավալով ու դաժանությամբ աննախադեպ էին օսմանյան տիրապետության ներքո ապրող հայ ժողովրդի հարյուրամյակների պատմության մեջ: Սակայն ի՞նչ անուն կարելի է տալ մինչև նշված շրջանը թուրքական սուլթանների ու նրանց փաշաների կողմից հայերի հանդեպ դարերով վարվող այն քաղաքականությանը, որի արդյունքում հայ տարրի թիվն իր հայրենիքում գնալով նվազում էր, հայը ենթարկվում էր դաժան հարստահարման, ազգային ու կրոնական ծանր հալածանքների, կասեցվում էր հայկական մշակույթի զարգացումը, անվանափոխվում էին հայկական բնակավայրերը»,- նշեց պարոն Սիմոնյանը:

   

Այնուհետ պատմաբան ռեկտոր Արամ Սիմոնյանը ճշգրիտ ժամանակագրությամբ ներկայացրեց տարբեր դարերում թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունն ու գործողությունները, որոնց գագաթնակետը պանթորքիզմի գաղափարի ընդունումն էր:  Այն դրսևորվում էին տարբեր ձևերով, բայց նպատակը մեկն էր՝ Արևմտյան Հայաստանն առանց հայերի տեսնելը: Զեկույցի վերջին հատվածը նվիրված էր պատմության դասերը յուրացնելուն:

 

«Որո՞նք էին հայ ազգային բնավորության թույլ ու խոտոր գծերը: Որո՞նք էին հայ ժողովրդի կենսունակության պատասխանատվությունն ստանձնած մարմինների ու գործիչների սխալները: Ի՞նչ պետք է անել մեր ինքնության վնասակար հատկանիշները շտկելու և մեր հետագա զարգացման ընթացքում կոպիտ սխալներ չգործելու համար: Այս ամենի մասին պետք է ազգովի մտածել, և Երևանի պետական համալսարանը պետք է լուրջ հանձնառություն ստանձնի ազգային ու ազգովի մտածողություն ձևավորելու գործում: Ու որքան մենք այսօր թուրքերից համարձակություն ենք ակնկալում՝ առերեսվելու սեփական պատմության հետ և իրերն իրենց անունով կոչելու, նույնքան և ավելի համարձակություն պետք է ունենանք մեզ իսկ վերլուծելու, մեր արատները քննադատելու համար»,- հավելեց ԵՊՀ ռեկտորը:

 

Այնուհետև մեծ դահլիճի բեմը տրամադրվեց «Նորայր Քարտաշյան և Վան նախագիծ» խմբին, որը ելույթ ունեցավ անհատույց: 2010 թ.-ին հիմնադրված խումբը միավորում է երիտասարդ երաժիշտների, ովքեր վարպետանում են հայկական ավանդական  նվագարանների, երգ երաժշտության ուսումնասիրության և կատարման մեջ: Խմբում նվագում  են ինչպես արդի գործածության մեջ գտնվող (թառ, քամանչա, շվի, դուդուկ, բլուլ, պկու, զուռնա, ուդ, քանոն, դափ, դհոլ, կոպալ դհոլ), այնպես էլ մոռացության մատնված և այժմ  խմբի կողմից վերականգնված և ձեռք բերված (հայկական երկփողանի պարկապզուկ, համշենականպարկապզուկ)  հայկական ավանդական նվագարաններ: 

 

2010-15 թթ.  ընթացքում խումբը պատմական հայրենիքի մի շարք քաղաքներում (Արաբկիր, Մալաթիա, Խարբերդ, Դերսիմ, Դիարբեքիր, Վան) և Համշենում բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել (Էթնոերաժշտական ուսումնասիրություններ, փոխադարձ վարպետության դասընթացներ): Մասնակցել է Արգուվանի (Մալաթիա) և Մնձուրի (Դերսիմ) փառատոններին: Հայ և օտարազգի հանդիսատեսի առջև համերգային ծրագրերով հանդես է եկել Երևանում, ինչպես նաև  Ստամբուլում, Դիարբեքիրում և Վանում:

 

«Նորայր Քարտաշյան և Վան նախագիծ» խմբի ելույթից հետո բեմ բարձրացան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները: Նրանք իրենց ելույթը սկսեցին «Սուրբերու աչքեր» հատուկ բեմադրված պարով, այնուհետև անհատ կատարողներն ու ասմունքողներն ամբողջացրին հիշատակի ու ոգեկոչման այդ միջոցառումը: Միջոցառման մշակութային հատվածն ամփոփեց ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի պարային խումբը՝ ազգագրական պարով:

 

Նշենք, որ դահլիճի մուտքի մոտ ցուցադրված էին լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի աբստրակտ լուսանկարները՝ «Լույս խավարի մեջ» խորագրով:  Հետաքրիրն այն է, որ լուսանկարներից ոչ մեկը անուն չուներ: Հեղինակը դա թողել էր դիտողների երևակայությանը: 

 

«Չեմ ուզում որևէ բան պարտադրել, թող իրենք մտնեն նկարի մեջ և տեսնեն՝ ինչ է պատկերված: Ուսանողները պատկերներ են տեսնում, որոնք մտքովս չէին էլ անցել: Հիմնականում Ցեղասպանության և վերածննդի սիմվոլներ են տեսնում: Անցած ցուցահանդեսում առաջարկել են 470 անուն, դրանք հավաքում եմ ու նկարի պատմություն պատրաստում»,- ասում է պարոն Փանոսյանն ու հավելում, որ ԵՊՀ-ից հետո ցուցահանդեսը շրջելու է նաև Գյումրիում, Վանաձորում, ևս մեկ ցուցադրություն կկազմակերպվի «Նարեկացի» արվեստը միությունում, իսկ ավելի ուշ կներկայացվի ԱՄՆ-ում և Կանադայում: 

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՉԸ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, արգելափակել են բնականոն ու անարգել տեղաշարժը Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին (Լաչինի միջանցք), որն այսօր Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Բացի դրանից՝ այս օրերի ընթացքում Ադրբեջանը ձմռան սաստիկ ցրտի պայմաններում արցախցիներին 75 ժամ թողել էր առանց գազի:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Քննարկման հրավիրյալ բանախոսներն էին պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, տնտ. գիտ. թեկն., դոցենտ Կառլեն Խաչատրյանը և իրավ. գիտ. թեկն. Լևոն Գևորգյանը: