Բանն այն է, որ այս տարի Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի նախօրեին ԵՊՀ ուսանողական խորհուրդը կազմակերպել էր մոմավառություն, որին մասնակցում էին տարբեր ֆակուլտետների մի քանի տասնյակ ուսանողներ: «Նախկինում համալսարանում կազմակերպվել են սգո արարողություններ: Ամեն տարի` ապրիլի 24-ին, բարձրանում ենք Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ ենք դնում, բայց այս տարի որոշեցինք մի նոր ավանդույթ ձեւավորել եւ ոգեկոչման արարողությունը նաեւ ԵՊՀ-ի պատերի ներսում անել:
Հույս ունենք` մեզնից հետո եկող ուսխորհուրդներն էլ կշարունակեն այդ ավանդույթը»,- մոմավառության խորհրդի մասին պատմում է ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը: Յուրաքանչյուր ուսանող, վերցնելով իր մոմը, մոտենում եւ դնում էր ճեմասրահի աստիճանների վրա: 400 վառվող մոմերով ստացված 96 թվի եւ խաչի մոտ հոգեհանգստյան արարողություն կատարեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ժամանակավոր քահանա տեր Աբրահամ Մալխասյանը եւ բուհերի ուսանողների ու երիտասարդության հոգեւոր պատասխանատու Գեղամ սարկավագը: «Շատ ողջունելի է, որ այսպիսի միջոցառում է կազմակերպվում Մեծ եղեռնի նախաշեմին: Սա հոգեհանգստյան արարողություն էր ննջեցյալների հոգու հանգստության համար»,- նշեց Գեղամ սարկավագը:
Մոմավառությանը ներկա էր նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով նույնպես իրեն հասանելիք մոմը վառելուց եւ արարողությունը լսելուց հետո նշեց, որ ճակատագրի եւ օրացույցի բերումով երկու իրադարձությունները միախառնվել են, սակայն պետք է դրական կողմերն էլ տեսնել: «Մեր ժողովուրդը, որ տեսել է ողբ, առավել քան կարոտ է վերածնունդի: Ես կանգնած մտովի հիշում էի իմ տատին ու պապին, ովքեր, Եղեռնից մազապուրծ, եկել եւ հաստատվել էին այստեղ: Եվ ամեն ապրիլի 24-ին տատս, հալվան պատրաստած, տանում էր Ծիծեռնակաբերդ, նստում այնտեղ եւ սպասում, որ դեպի հուշարձան բարձրացող բոլոր մարդիկ համտեսեն ու դրանով հիշեն զոհերին: Ոչ մի ժողովուրդ աշխարհում չունի ապրելու այնքան իրավունք, որքան հայ ժողովուրդը»,- ասաց Արամ Սիմոնյանը: Հաջորդ օրը` ապրիլի 24-ի առավոտյան, ԵՊՀ ղեկավարությունը, ուսանողությունն ու դասախոսները, ավանդույթի համաձայն, այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին հուշարձանի մոտ` ի հիշատակ 96 տարի առաջ զոհված 1.5 մլն հայերի: