19.09.2017 | 
Գիտություն
ՈՒԺԵՐԸ ՉԱՓՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈԻՆՔԻ ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
ՈՒԺԵՐԸ ՉԱՓՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈԻՆՔԻ ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) անց են կացնում դատախաղ-մրցույթ ՀՀ և Արցախի բուհերի ուսանողների համար:

Իր տեսակով եզակի, տարածաշրջանում նախադեպը չունեցող, քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված դատախաղ-մրցույթն անց է կացվում 2016-2017 ուսումնական տարվանից սկսած:

 

Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես մրցույթն անց է կացվում 2 փուլով՝ գրավոր, որի ընթացքում ուսանողները առաջադրված խնդրի վերաբերյալ հայտնում են իրենց փաստարկված դիրքորոշումները՝ մեղադրանքի և պաշտպանության կողմերի տեսանկյուններից, ապա բանավոր, որի ընթացքում միմյանց հետ մրցում են գրավոր փուլը հաղթահարած և առավելագույն միավորներ հավաքած 6 թիմերի ներկայացուցիչներ:

 

Բանավոր փուլի կիսաեզրափակիչ խաղերում յուրաքանչյուր թիմ հանդես է գալիս 2 անգամ, մի խաղում՝ որպես պաշտպանողի, մյուսում՝ որպես մեղադրողի կողմ: Կիսաեզրափակիչ խաղերի արդյունքներով առավելագույն միավորներ վաստակած 2 թիմերը միմյանց հետ մրցում են հաղթողի գավաթը նվաճելու համար:

 

Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀ բուհերի 8 և Արցախի պետական համալսարանի 2 թիմեր: Գրավոր փուլը հաջողությամբ հաղթահարել են հետևյալ թիմերը՝

  1. Երևանի պետական համալսարանի 1,
  2. Երևանի պետական համալսարանի 2,
  3. Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Modus Vivendi»,
  4. Արցախի պետական համալսարանի,
  5. Գավառի համալսարանի «Գեղամա»,
  6. Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Lex Dominus»:

Տեղեկացնենք, որ մրցույթի բանավոր փուլն անց է կացվելու 2017 թ.-ի սեպտեմբերի 22-ին և 23-ին «Արթուրս Աղվերան ռեզորթում»: Սեպտեմբերի 22-ին տեղի կունենան կիսաեզրափակիչ խաղերը, իսկ սեպտեմբերի 23-ին ժյուրին, որի կազմում են ՀՀ Վճռաբեկ դատարանի, Գլխավոր դատախազության, ՀՀ փաստաբանների պալատի, ինչպես նաև  Գերմանիայի փաստաբանների պալատի ներկայացուցիչներ, կորոշի լավագույնին:

 

Ինչպես և նախորդ տարի անցկացված մրցույթին, այս տարի ևս մասնակից թիմերին հանձնվելու են պատվոգրեր և պարգևներ, որոնք սահմանվել են ինչպես Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ), ԵՊՀ-ի, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի, Փաստաբանների պալատի, ՀՀ դատավորների միության, ՀՀ իրավաբանների միության, ՀՀ գլխավոր դատախազության կողմից: 

 

Այլ նորություններ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ
Հոկտեմբերի 18-19-ը ԵՊՀ այցելեցին Գրոնինգենի կիրառական գիտությունների Հենզի համալսարանի (Նիդերլանդներ) պատվիրության անդամները:
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ»
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Կրթության հիմնահարցերը 21-րդ դարում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 96-ամյակին: