14.10.2008 | 
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ
Այս տարի լրանում է հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 90-ամյակը:
Հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Առաջին հայերն Ուկրաինայում հաստատվել են դեռեւս 12-րդ դարում եւ արժանացել են բացառապես բարեկամական վերաբերմունքի: Նույնիսկ պատմության էջերի ինչ-ինչ նմանություններ ունեն: Սակայն դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են միայն 1918 թվականին: Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հյուրն էր Հայաստանում Ուկրաինայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն: «Թեեւ այսօր ինֆորմացիայի դարաշրջան է, եւ հարեւան երկրների մասին կարելի է ամեն ինչ իմանալ, սակայն հայ եւ ուկրաինացի ժողովուրդները բավականին քիչ բան գիտեն միմյանց մասին: Ցավալի է: Այսօրվա հանդիպումը ձեզ հետ նպատակ ունի մեր երկրի հանդեպ ձեր հետաքրքրությունն ավելացնել»: Դիվանագետը անդրադարձավ ինչպես իրենց երկրի քաղաքական իրադարձություններին, այնպես էլ Ուկրաինայի տնտեսությանը, մշակույթին, հայերի եւ ուկրաինացիների հարաբերություններին, պատմական առնչություններին: «Պատմության իմացությունը չափազանց կարեւոր է որեւէ երկրի հետ հարաբերություններ կառուցելիս: Այդպես ավելի հեշտ է բացատրել ներկայում տեղի ունեցող որոշակի դեպքեր եւ զարգացումներ»,- նկատեց պարոն դեսպանը: Նա կարեւորեց լրատվամիջոցների դերը փոխադարձ ճանաչողության հարցում` հույս հայտնելով, որ Հայաստանում հնարավորություն կստեղծվի ուկրաինական լրատվամիջոցների գործունեության համար: Բացի այդ, ըստ բանախոսի, կրթության ոլորտի դերն էլ առաջնային է, եւ պետք է օրեցօր զարգացնել այդ ասպարեզում համագործակցության հեռանկարները: «Իհարկե, կան ծրագրեր, որոնց շնորհիվ հայաստանցի ուսանողներ են մեկնում Ուկրաինա, ուսում ստանում: Բայց շատերը մնում են այնտեղ, իսկ մեր երկու երկրների համար շատ ավելի օգտակար կլինի, եթե այդ ուսանողները վերադառնան հայրենիք եւ այդպես փորձեն նպաստ բերել իրենց եւ մեր երկրներին»,- ասում է դիվանագետը: Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր միջազգայնագետ ուսանողների հետ հարց ու պատասխանին: Երիտասարդներին մտահոգում էին ինչպես Նարնջագույն հեղափոխության, այնպես էլ մշակութային, հոգեւոր ոլորտների մասին դիվանագետի մեկնաբանությունները: Ուսանողներից մեկը զարմացած եւ հիացած էր Ալեքսանդր Բոժկոյի` հայերենի իմացությամբ եւ հայասիրությամբ: Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո պարոն Բոժկոն երկամյա ստաժավորում է անցել Երեւանի պետական համալսարանում, որտեղ ուսումնասիրել է հայոց լեզու եւ գրականություն։ Հեռակա սովորել է Հայաստանի ԳԱ գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Ուկրաինայի եւ Հայաստանի գրողների միությունների անդամ է։ 1996–2001 թթ. ՀՀ-ում Ուկրաինայի Արտակարգ եւ լիազոր դեսպանն էր։ 2005 թ. հունվարի 21–ին, Ուկրաինայի նախագահի հրամանագրով, կրկին Հայաստանում դեսպան է նշանակվել։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, ինչպես նաեւ հայ գրողների ստեղծագործությունների՝ ուկրաիներեն լեզվով թարգմանությունների։