22.04.2011 | 
Հասարակություն
ԻՆՉՈՒ ԵՆ ԽԱԽՏՎՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ԻՆՉՈՒ ԵՆ ԽԱԽՏՎՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Ապրիլի 23-ը Գրքի եւ հեղինակային իրավունքների միջազգային օրն է:

Երկու տարի շարունակ ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնում է այդ օրվան նվիրված միջոցառումների շարք, որոնք միտված են գրքի տարածմանը եւ հեղինակային իրավունքների իրազեկման բարձրացմանը: Այս տարի միջոցառումների շարքը սկսվել է ապրիլի 21-ից եւ շարունակվելու է մինչեւ ապրիլի 26-ը: Գրքի եւ հեղինակային իրավունքի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ երիտասարդ իրավաբանների, լրագրողների, բանասերների եւ գրողների բանավեճ` «Հեղինակային իրավունքների խախտումներ. ե՞րբ, ինչպե՞ս, որտե՞ղ» թեմայով: Հանդիպմանը ներկա էին ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, «Հայ հեղինակ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Ներսիսյանը եւ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

 

«Ընդհանրապես մեր «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքը բավականին պրոգրեսիվ եւ լավ օրենք է, պարզապես անհրաժեշտ է օրենքի դրույթները պաշտպանել: Հաճախ են հեղինակները դիմում մեզ, եւ մենք էլ մեր հնարավորության սահմաններում փորձում ենք ինչ-որ կերպ օգնել»,- նշեց մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Վերջինս լուրջ առաջընթաց է համարում «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքի ընդունումը, չնայած որ, ըստ փոխնախարարի, օրենքի կիրարկման առումով որոշ դժվարություններ կան, քանի որ հասարակությունը գրեթե ծանոթ չէ օրենքի դրույթներին:

 

Փոխնախարարի վստահեցմամբ` այդ ուղղությամբ նախարարության կողմից քայլեր են արվում. պատրաստվել են բուկլետներ, որոնք կտարածվեն նաեւ ուսանողների շրջանում: «Հայ հեղինակ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Ներսիսյանի հավաստմամբ` Հայաստանում հեղինակային իրավունքի եւ մտավոր սեփականության ոլորտներում անօրինականություններն ու խախտումները բավականին շատ են: «Այսօրվա միջոցառումը կարեւորվում է նրանով, որ ուսանողները իմանան ոլորտի ու դրա կարեւորության մասին, թե հատկապես ինչ խնդիրներ կան այս ոլորտում»,- ասաց Սուսաննա Ներսիսյանը:

 

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ իր խոսքում կարեւորեց նմանաբնույթ միջոցառումների կազմակերպումը: «Երբեմն ինքներս ենք ոտնահարում այլ անձանց հեղինակային իրավունքները համակարգչային ծրագրերից կամ տեղեկատվության այլ աղբյուրներից օգտվելիս, ֆիլմեր դիտելիս: Այս հիմնախնդիրը ներկայումս առկա է մեր իրականության մեջ, քանի որ դեռեւս Խորհրդային տարիներին այն համապատասխան կերպով չի կարեւորվել, եւ մարդու, անհատի մտավոր սեփականությունը համապատասխան ընթացակարգերով, կանոնակարգով կամ իրավական ապահովմամբ չի երաշխավորվել, իսկ այժմ էլ շարունակվում են հեղինակային իրավունքների եւ հարակից իրավունքների ոտնահարման ավանդույթները»,- նշեց պրոռեկտորը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ:
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՊՀ-Ի ՄԻՋԵՎ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր՝ ապահովելու երկու կառույցների միջև տնտեսագիտության և կառավարման ոլորտներում անհրաժեշտ համագործակցությունն ու նպաստելու ուսանողների գիտելիքների, գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը: