05.04.2007 | 
Գիտություն
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ ԵՊՀ-ՈՒՄ
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Ուսումնասիրել ժամանակակից իրականության նոր եւ փոփոխվող իմաստները»,- մի նախադասությամբ կենտրոնի նպատակը ներկայացրեց Դավիթ Հովհաննիսյանը:

Ապրիլի 5-ին ԵՊՀ-ում բացվեց քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոն: Նորաբաց ստորաբաժանման տնօրենը պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանն է:

Իր ելույթում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ համալսարանն արդեն յոթ նման կենտրոն ունի, եւ խիստ կարեւորեց նրանց դերը ԵՊՀ-ի` որպես հետազոտական համալսարան ներկայանալու գործում:

Քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնը ԵՊՀ ինքնուրույն ստորաբաժանում է, որը հետազոտություններ է իրականացնում մշակութաբանության, քաղաքագիտության, աշխարհաքաղաքականության եւ այլ ոլորտներում:

«Նմանատիպ կենտրոնները կարող են գոյատեւել եւ արդյունավետ աշխատել միայն այն դեպքում, երբ կկարողանան համագործակցել համանման այլ կենտրոնների հետ, ոչ միայն հանրապետության ներսում, այլ նաեւ արտասահմանում»,- նկատեց Արամ Սիմոնյանը:

Կենտրոնը հրատարակում է եռամսյա «Բյուլետեն», ամենամյա «Ալմանախ» եւ մենագրական ուսումնասիրություններ կենտրոնի հետազոտական ուղղվածության թեմաներով:

«Մեր կենտրոնի նպատակները լուրջ են, մեծ են ու ամբիցիոզ, եւ կենտրոնի աշխատակազմը կանի հնարավոր ամեն ինչ` իրագործելու այն աշխատանքը, որը մինչեւ այժմ Հայաստանում չի արվել: Ես ուրախ եմ, որ համալսարանի ղեկավարությունը հնարավորության սահմաններում աջակցում եւ օգնում է կենտրոնին»,- ասաց նորաստեղծ կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կոչ արեց համագործակցել կենտրոնի հետ: Ըստ ռեկտորի` համագործակցությունը ոչ միայն կխթանի կենտրոնի զարգացմանը, այլ նաեւ նոր որակ կհաղորդի համալսարանում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին:

Այլ նորություններ
«ՔՐԴԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»․ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Քրդերն ու Իրաքյան Քուրդիստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում» խորագրով գիտաժողով:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Դեռևս մայիսին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպել էր գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթը: