19.06.2009 | 
Ուսանողական, Կրթություն, Մշակույթ
ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՏՈՆ ԵՊՀ-ՈՒՄ
ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՏՈՆ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ամփոփվեցին երիտասարդ ստեղծագործողների` ԵՊՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված միջբուհական մրցույթի արդյունքները:

Մրցույթն արդեն 2-րդ անգամ է իրականացվում ԵՊՀ մշակույթի կենտրոնի եւ Հայաստանի գրողների միության համատեղ ջանքերով: Ի տարբերություն նախորդ մրցույթի, որին մասնակցում էին բացառապես Մայր բուհի ուսանողները, այս անգամ գրական մրցույթին մասնակցում էին ինչպես համալսարանականներ, այնպես էլ այլ բուհերի` Հայաստանի պետական ճարտարագիտական, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական, Մ. Հերացու անվան պետական բժշկական, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանների` Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի` ուսանողներ:

 

«Ուրախ եմ, որ այս հարափոփոխ աշխարհում, որտեղ, ցավոք, հաճախ բացասականն է տիրում, մեր երիտասարդության մեջ չի մարել ստեղծագործելու ձգտումը: Հոգ չէ, որ ոչ բոլորդ կդառնաք հայտնի ստեղծագործողներ, կարեւորն այն է, որ դուք ձեր մեջ մատաղ տարիքից զարգացնում եք ստեղծագործելու ձիրքը: Մենք հպարտ ենք, որ մեր երիտասարդությունը նմանօրինակ դրսեւորումներով է հանդես գալիս»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորած ժյուրին շուրջ 80 մասնակիցների ստեղծագործություններից ընտրել էր լավագույն 17 գործերը` արձակ եւ չափածո: 1-ից 3-րդ կարգի մրցանակներ ստացան երեքական ուսանող (1-ին կարգ` Ռուզան Ոսկանյան (ԵՊՀ, հայ բանասիրութան ֆակուլտետ), Լիլիթ Կարապետյան (ԵՊՀ, պատմության ֆակուլտետ), Մանե Գրիգորյան (ՀՊՄՀ), 2-րդ կարգ`Մարիամ Կարապետյան (ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ), Անի Հարությունյան (Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ), Մխիթար Հարությունյան (ՀՊՄՀ), 3-րդ կարգ` Սոսե Պողոսյան (ԵՊՀ, հայ բանասիրութան ֆակուլտետ), Հայկ Մադաթյան (ԵՊՀ, ֆիզիկայի ֆակուլտետ), Աստղիկ Մելքոնյան (ԵՊԲՀ)), իսկ մնացած 8-ը արժանացան խրախուսական մրցանակների:

 

«Այսօր իրականացավ կյանքիս մեծագույն երազանքներից մեկը. իմ ստեղծագործությունները գնահատվեցին արժանի մարդկանց կողմից: Եվ չնայած ես ապագա բժիշկ եմ, սակայն գրականությունն իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցնում: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կազմակերպիչներին` ինձ ստեղծագործելու եւ իմ ստեղծագործությունը հանրությանը ներկայացնելու հնարավորություն ընձեռելու համար»,- ասաց Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Աստղիկ Մելքոնյանը:

 

Հաղթողները պատվոգրեր եւ հուշանվերներ ստացան, իսկ 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած ուսանողներն արժանացան նաեւ դրամական պարգեւների: ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի հավաստմամբ` մրցույթի լավագույն աշխատանքները կընդգրկվեն ԵՊՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված մատենաշարում:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց:
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ զրուցել ենք ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ: