15.04.2019 | 
Հասարակություն
«ՍԵՓԱԿԱՆ ՔՐՏԻՆՔՈՎ ՍՏԵՂԾԱԾ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԱՆԻՔԴ ԱՄՈՒՐ Է ԼԻՆՈՒՄ, ԻՍԿ ՈՐՔԱՆ ԱՄՈՒՐ Է ՀԻՄՔԸ, ԱՅՆՔԱՆ ՀԵՇՏ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՎԵՐՆԱՇԵՆՔԸ». ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆ
«ՍԵՓԱԿԱՆ ՔՐՏԻՆՔՈՎ ՍՏԵՂԾԱԾ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԱՆԻՔԴ ԱՄՈՒՐ Է ԼԻՆՈՒՄ, ԻՍԿ ՈՐՔԱՆ ԱՄՈՒՐ Է ՀԻՄՔԸ, ԱՅՆՔԱՆ ՀԵՇՏ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՎԵՐՆԱՇԵՆՔԸ». ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը կյանքի ընկերուհուն հանդիպել է ԵՊՀ-ում՝ այն լսարանում, որտեղ մեկնարկել էր իր ուսանողական կյանքը:

Մեր առաջին հանդիպումը՝ ճակատագրական օրինաչափություններով, տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին ԵՊՀ Աբովյան փողոցի վրա գտնվող մասնաշենքի դահլիճում, որտեղ անցկացվում էին իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի դասերը:

 

«Դեպքերի բերումով ես համալսարան եկա ոչ թե դասերը սկսվելուն պես, այլ սեպտեմբերի չորսին»,- հիշում է Գագիկ Ղազինյանը:

 

«Անծանոթ ու հետաքրքիր դեմքեր. պարզ է, որ ես պետք է խորազնին հայացքով դիտեի և ուսումնասիրեի համակուրսեցիներիս, որոնց հետ անցնելու էր իմ  ուսանողական կյանքը:

Հենց այդ ժամանակ էլ նկատեցի ամենավերջին նստարանին նստած մի աղջկա, որն իր արտաքին գեղեցկությամբ տարբերվում էր մյուսներից»:

 

Գեղեցկուհուն մոտենալու առաջին փորձերս անարդյունք էին: 

 

Ղազինյանի խոսքով, նա փորձում է փոքրիկ խորամանկության դիմել՝  համակուրսեցուց խնդրելով իր կողմից բաց թողնված դասախոսությունները:

 

«Ես ոչ միայն չստացա ինչ-որ խնդրում էի, այլև ապագա կինս ինձ ասաց՝ այդ հարցով դիմեմ Ալվարդին՝ մեր համակուրսեցուն:

 

Զրույցը սկսելու դժվարությունը և նրան մոտենալու անհնարինությունն ավելի գրավեցին ինձ: Ներքին ձայնս ինձ ասաց, որ ես համակրում եմ խորհրդավոր ու առեղծվածային այդ աղջկան»:

 

Ղազինյանի հավաստմամբ, մարդկային խորհրդավորությունը միշտ էլ գրավիչ և հետաքրքիր է, ուստի շատ կարևոր է մարդկային անմիջականությանը միավորել անբացահայտելի և անիմանալի լինելու առեղծվածը: 

 

Գարնան հետ մեր սերը ծաղկում է:

 

«Մենք հանդիպում էինք մտերմիկ ընկերներով: Հինգ հոգուց բաղկացած խումբ՝ չորս տղա և մի աղջիկ, միշտ միասին էինք համալսարանում և դրանից դուրս: Մենք միասին էինք անցկացնում մեր ուսանողական երջանիկ օրերը: Ցավոք սրտի այդ ընկերներից երկուսն արդեն չկան»,- պատմում է դեկանը:

 

Այս հանդիպումների շնորհիվ ապագա զույգը հետզհետե մտերմանում է, միմյանց ճանաչում, և այդ ընթացքում փոխադարձ զգացմունքներ են առաջանում: 

 

«1974 թվականի մայիսի մեկին՝ երկրորդ կուրսում, մենք խոստովանեցինք միմյանց հանդեպ ունեցած զգացմունքները, որին հաջորդեցին ավելի մտերմիկ հարաբերությունները»:

 

 

ԵՊՀ-ն մեր սիրո տունը դարձավ:

 

«Մեր ժամանակի զգալի մասն անցնում էր Իրավաբանական ֆակուլտետում, որից հետո մենք քայլում էինք Երևանի փողոցներով: Հաճախ է պատահել, որ ոտքով համալսարանից քայլել ենք մինչև նրանց տուն, որը գտնվում էր «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում. երջանիկ տարիներ էին»:

 

Ակադեմիկոսն ընդգծում է նաև, որ ինքն ու կինն ունեն արտաքին տեսքի նկատելի նմանություն.  «Նման ենք ինչպես մաշկի, մազերի, այնպես էլ աչքերի գույնով, և դա է պատճառը, որ անծանոթ մարդիկ մեզ հաճախ քույր ու եղբայր են կարծում: Հիշում եմ մի հետաքրքիր դեպք. տարիներ առաջ, երբ Մոսկվայում էինք, հյուրանոցի սենյակ վերցնելիս խնդրեցինք երկուսիս համար մեկ սենյակ, հյուրանոցի աշխատակիցը զարմանքով հարցրեց. «Դուք քույր ու եղբայր չե՞ք»»:

 

Մեր ամուսնության օրը՝ 1977 թ. դեկտեմբերի 3-ին,  ձյան փոխարեն անձրև եկավ:

 

«Այդ օրը սկիզբ դրվեց մեր ամուսնական՝ դժվարություններով, փորձություններով լի, բայց երջանիկ կյանքին»,- նշում է Գ. Ղազինյանը:

 

Փորձություններից մեկը եղել է Ղազինյանի՝ Մոսկվայում կրթությունը շարունակելը, երբ ընտանիքը թողած Երևանում՝ նա պետք է սովորեր ասպիրանտուրայում, համատեղեր կրթությունն ու ընտանեկան «երջանիկ հոգսերը»:

 

«Ավագ որդիս ծնվել էր, իսկ ես ընտանիքիցս հեռու պայքարում էի վաղվա լավ օրվա համար»: 

 

Սակայն ընտանեկան զույգի դժվարությունները միայն հեռավորությամբ չեն ավարտվել:

 

«Սոցիալական խնդիրներ ևս եղել են, որոնք, իհարկե, լուծվել են ծնողներիս շնորհիվ:

Եղել են օրեր, երբ մեր ունեցած սուղ ֆինանսական միջոցները ստիպված ենք եղել խնայել և կատարել միայն առաջին անհրաժեշտության գնումներ: Սակայն դա մեզ չի տխրեցրել և խանգարել, քանի որ լիահույս էինք լավ ապագայի նկատմամբ: Համոզված էինք, որ  դրանք ժամանակավոր դժվարություններ են, որոնք անպայման հաղթահարելու ենք փոխադարձ վստահության և համբերության շնորհիվ»:

 

Սեփական քրտինքով ստեղծած ընտանեկան տանիքդ ամուր է լինում, իսկ որքան ամուր է հիմքը, այնքան հեշտ է կառուցել վերնաշենքը: 

 

Ղազինյանի փաստարկմամբ, ամուսնական կյանքում դժվարը սկզբնական տարիներն են, որոնք իրոք փորձություն են յուրաքանչյուր երիտասարդ ընտանիքի համար: Այդ փորձությունները հաղթահարելուց հետո իրոք հիմք է դրվում կայուն ընտանեկան երջանկության:

 

Իսկ ընտանեկան խաղաղ կյանքի բանաձևը, ըստ Ղազինյանի,  փոխադարձ վստահության և լավատեսության մեջ է. «Վստահել, հավատալ լավ ապագային և ձգտել հասնել դրան»:

 

Իրավագետների ընտանեկան տանիքը հաշտ ու համերաշխ է:

 

Ղազինյանի խորին համոզմամբ, մարդկային կարևորագույն հատկանիշ է երախտագիտության զգացումը, որը պարտադիր չէ, որ արտահայտվի խոսքերով կամ գործողություններով: 

 

«Ես շնորհակալ եմ կնոջս երկար տարիների համատեղ կյանքի, վստահության և այն բանի համար, որ նրա համբերատարության շնորհիվ մենք ունենք կայացած և երջանիկ ընտանիք»: 

 

42 տարվա ամուսիններն ունեն երկու որդի և չորս թոռ:


Անգին Խաչատրյան

 

 

Այլ նորություններ
«ԷՄԻՐԱԹՑՈՒ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ: ԱՄԷ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԱՄԱԴ ԲԻՆ ՍԱՐԱՅԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Մուհամմադ ԱլԶաաբիին, դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամիին և ԱՄԷ համալսարանի հասարակագիտական ֆակուլտետի դասախոս Համադ բին Սարային, որը հանդես եկավ դասախոսությամբ:
«ՉՆԱՅԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՔՐ ԵՐԿԻՐ Է, ՍԱԿԱՅՆ ՀԱՅԵՐԸ ԽԵԼԱՑԻ ԱԶԳ ԵՆ». ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
Ղազախստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ի դեմս փոխվարչապետ Սապարբաև Բերդիմբեկի, այսօր հյուրընկալվել էր ԵՊՀ ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնում: