26.04.2019 | 
Ուսանողական
ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵՑ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎԵՑ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼ
ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵՑ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎԵՑ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ ուսանողների հանդիպումը ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ, որի ժամանակ բարձրաձայնվեցին ուսումնական գործընթացի վերաբերյալ հարցեր և առաջարկվեցին դրանց լուծման մեխանիզմներ:

Մեզ հետ զրույցում ֆակուլտետի ՈւԽ նախագահ Հրանտ Ջիլավյանն ասաց, որ այս ձևաչափով հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Նա փաստեց, որ յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի ավարտին ՈւԽ-ի նախաձեռնությամբ և դեկանի աջակցությամբ իրականցվում է հանդիպում, որի ժամանակ քննարկվում են ուսանողական սոցիալական հարցումների արդյունքները և բարձրաձայնվում նոր խնդիրներ. «Կարծում եմ՝ նմանաբնույթ հանդիպումները նպաստում են ուսումնական գործընթացի բարելավմանը»:

 

Հանդիպման սկզբում Գագիկ Ղազինյանն առաջարկեց քննարկել ուսանողական սոցիալական հարցումների արդյունքում ներկայացված առաջարկությունները՝  զուգահեռաբար պարզաբանելով նաև տեղում առաջացած հարցերը. «Պետք է նշեմ, որ հաճելիորեն զարմացած ենք առաջարկված լավ մտքերից: Ուրախ եմ, որ մեր ուսանողները խելամիտ գաղափարներ են ներկայացրել»:

 

Առաջարկներից մեկը, որն ընթերցեց Գագիկ Ղազինյանը, ուսանողական սոցիալական հարցումների ժամանակ ներկայացրել էր առաջին կուրսի ուսանող: Նա նշում էր, որ պետք է մեծ տեղ տրամադրել տեղեկատվական հարթակներին, ուսանողներից պահանջել դասընթացի որևէ նյութի վերաբերյալ հետազոտական աշխատանքի իրականացում, ուսումնասիրություններ տեղեկատվական այլ հարթակներից, պարբերաբար հանձնարարել, որ ուսանողները կազմեն զեկուցումներ, ռեֆերատներ և նմանատիպ այլ աշխատանքներ: Ուսանողն առաջարկում է նաև մեծ տեղ հատկացնել բաց դասերին, միջոցառումներին, որոնք կամրապնդեն սովորած նյութը:

 

Ֆակուլտետի դեկանը փաստեց, որ խորհրդի նիստում արդեն քննարկվել է այդ ուղղությամբ կրթական գործընթացը կազմակերպելու հարցը. «Համաձայն եմ ուսանողի առաջարկած գաղափարների հետ և ուզում եմ նշել, որ այս և մյուս բոլոր առաջարկություններն անպայման հաշվի են առնվելու դասավանդման մեթոդիկան մշակելիս»:

 

Երկրորդ կուրսի ուսանողներից մեկի կարծիքով էլ ուսումնական գործընթացն այնքան էլ արդյունավետ չէ, քանզի ուսանողներն անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու համար ստիպված են ապավինել ինքնակրթությանը: Նրա տեսակետից՝ դասախոսները տալիս են գիտելիք, բայց սահմանափակում են դասագրքի շրջանակում: Ուսանողի փոխանցմամբ, հաճախ ժամանակը սպանում են լսարանի ներսում:

 

 

Գագիկ Ղազինյանն ասաց, որ ինքնակրթությունն այսօր ուսումնառության պարտադիր բաղադրիչներից մեկն է. «Այո՛, այն պետք է լինի, բայց նաև կտրված չլինի լսարանից: Հիշեք, որ ուսանողի համար հիմնական ծանրաբեռնվածությունը պետք է լսարանում չլինի: Դասախոսը պետք է ուղղորդի ուսանողին, այստեղ պետք է լինեն հարցերի պարզաբանումներ: Այսինքն՝ դասախոսը պետք է հուշի, թե ուսանողն ինչ ուղղություններով պետք է մտածի: Լսարանային և գործնական պարապմունքները, պրակտիկան և ինքնակրթությունը պետք է հավասարաչափ և հստակ ներառված լինեն ուսումնառության ընթացքում»:

 

«Եթե ունեք մտավոր որոշակի կարողություններ և ունեք ցանկություն լավ իրավաբան դառնալ, ֆակուլտետն ունի հնարավորություն ձեր նպատակն իրագործելու, բայց նախապայմանների բացակայության դեպքում շատ դժվար կլինի»,- ասաց Գագիկ Ղազինյանը:

 

Ֆակուլտետի դեկանը համաձայնեց այն դիտարկմանը, թե միշտ չէ, որ դասերն արդյունավետ են անցնում. «Մենք նույնպես փնտրտուքի մեջ ենք, որ առավել հետաքրքրական և արդյունավետ դարձնենք, բայց ինչ էլ անենք, ամեն ինչ կախված է օբյեկտից, այսինքն՝ ձեզնից, որի հետ աշխատում ենք, որ դարձնենք սուբյեկտ: Այսինքն՝ դուք նույնպես պետք է նպաստեք այդ գործընթացին»:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ուսանողների բարձրաձայնած հարցերը և մտահոգությունները: Գագիկ Ղազինյանն ուսանողներին խորհուրդ տվեց չընկրկել բարդությունների առաջ, շատ ժամանակ հատկացնել կրթությանը՝ հետագայում լավ մասնագետ դառնալու համար:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԱՇԽԱՐՀԱԳԵՏ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԱՐԽԻՎԱՅԻՆ ԿԱԴՐԵՐ ԵՊՀ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ
1960-ականներ. տեսանյութ այն մասին, թե ինչպես են ԵՊՀ տվյալ ուստարվա դիմորդները ծանոթանում ընդունելության քննությունների արդյունքներին: