19.09.2017 | 
Հասարակություն
ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Այսօր ԵՊՀ-ում տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

Արևելագիտության ֆակուլտետի կողմից նախաձեռնած հանդիպման ընթացքում Կարո Փայլանը հանդես եկավ կարճ ելույթով ու պատասխանեց ուսանողների հարցերին:

Ներկաներն անդրադարձան տարբեր խնդիրների՝ Թուրքիայի ներքաղաքական կյանքից մինչև Ցեղասպանության ճանաչում ու Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դիրքորոշում: Տարբեր հարցերի լուծման գործում Փայլանը կարևորեց ժողովրդավարության հաստատման անհրաժեշտությունը:

«Մինակ ժողովրդավար Թուրքիա մը կրնա առերեսվել Ցեղասպանության հետ, մինակ ժողովրդավար Թուրքիա մը կրնա բանալ սահման: Բայց հիմա, դժբախտաբար, ուժը ազգայնականներու ձեռքն է: Սակայն Թուրքիա ժողովրդավար թուրքեր ու քուրդեր կան և շատ են: Մինակ ժողովրդավար Թուրքիա մը կրնա կապ ունենալ Հայաստանի հետ»,- ասաց նա:

Ներկաներին ողջունեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով էլ Փայլանին մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում ունեցած նշանակալի ավանդի համար հանձնեց ԵՊՀ ռեկտորատի որոշմամբ շնորհված ԵՊՀ ոսկե մեդալը:

«Կարո Փայլանը հետաքրքիր մի ուղեգիծ է թողել Թուրքիայի նորագույն շրջանի և հայ համայնքի պատմության մեջ, քանի որ Հայաստանի անկախացումից հետո նա առաջին հայն է, որն ընտրվում է Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր: Կարոն առանձնանում է այն խիզախ համոզումով, որ իր համար ազգային փոքրամասնությունների, ընդհանրապես խտրականությունների դեմ պայքարը, ըստ էության, իր քաղաքական հավատամքն է»,- նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:

Կարո Փայլանը հայազգի թուրք քաղաքական գործիչ է, արմատներով` Մալաթիայից: Նա ավարտել է Ստամբուլի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է հայկական դպրոցում։ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությամբ 2015 թ. 3 հայերի հետ անցել է Թուրքիայի Մեջլիս։

Նշենք, որ որպես պատգամավոր՝ Փայլանն առաջին անգամ է Հայաստանում:

Այլ նորություններ
ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Ինտեգրացիոն վեկտորներ և անվտանգություն. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով քննարկում:
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Անմահները հրամայում են» խորագրով միջոցառումը: