12.09.2018 | 
Ուսանողական
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԻՄ ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ՎԱՅՐԸ ԳՐԱԴԱՐԱՆՆ Է». ԵՐԳՉՈՒՀԻ ԳԱՅԱՆԵ ԱՎԴԱԼՅԱՆ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԻՄ ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ՎԱՅՐԸ ԳՐԱԴԱՐԱՆՆ Է». ԵՐԳՉՈՒՀԻ ԳԱՅԱՆԵ ԱՎԴԱԼՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, երաժիշտ և գրող Գայանե Ավդալյանը պատմում է երաժշտության և գրականության հանդեպ սիրո, ապրումների ու համալսարանական տարիների մասին:

«Երաժշտությունն ինքնարտահայտվելու միջոց է ….» 

«Երբ սպառվում են ինքնարտահայտման բոլոր միջոցները, այդ ժամանակ օգնության է գալիս երաժշտությունը. այն յուրօրինակ ձև է մարդկանց ճանաչելու և ինքնաարտահայտվելու համար: Երաժշտությունն իմ հոբբին է։ Մենք շատ հաճախ թաքուն ենք հանդիպում, և դա այնքան գեղեցիկ է»,- ասում է Գայանեն ու հավելում, որ երաժշտական շնորհը ծնողներից է ժառանգել. «Ծնողներս երգում են: Մայրս ազգագրական պարերի սիրահար է, նա նաև լավ պարում է»: 


Գայանեն անկեղծանում է, որ երաժշտական իր շնորհը շատ հաճախ իրենց ընտանիքում «վիճաբանության» առիթ է դառնում. «Համերգների ժամանակ հայրական կողմս պնդում է՝ տաղանդս իրենցից եմ ժառանգել, իսկ մայրիկիս բարեկամներն էլ իրենց հերթին հավաստիացնում են, որ երաժշտությունն իրենց «մենաշնորհն է»»:


Եթե ծնողներից Գայանեին երաժշտական տաղանդն է փոխանցվել, ապա պապից՝ գրականության հանդեպ սերն ու ստեղծագործելու ձիրքը. 


«Գրում եմ, երբ մենակ եմ մնում, երբ զգայական աշխարհս խառնում է մտքերս ....» 

Գայանեն ստեղծագործում է երեկոյան, երբ օրվա հոգսերից լռում է քաղաքը, ու մարում են բոլոր լույսերը: 


«Գրականությունն իմ գիտակից կյանքի ամենամեծ ձեռքբերումն է ....» 

Գայանեն խոստովանում է նաև, որ հաճախ է գրականության մեջ փնտրում իր արտացոլանքը. «Ես փնտրում եմ ինձ գրականության մեջ, և հետաքրքիրն այն է, որ ինձ գտել եմ Դանիել Գլաթաուերի «Հավերժ քոնը» վեպում: Հերոսուհիներից մեկը հավերժությանը ձուլված իմ կերպարի արտացոլանքն է»,- ասում է նա: 


«Իմ ներշնչանքի աղբյուրները բնությունն ու մարդիկ են ....»

«Այն ամենը, ինչը հոգեբանություն ունի, դառնում է ներշնչանքի աղբյուրը»,- պնդում է Գայանեն ու խոստովանում, որ այդ աղբյուրը երբեմն սեփական եսն է: «Կարևոր է, որ այն, ինչի մասին գրում եմ, ինձ հետ այդ պահին կատարված չլինի. պետք է մտածել, վերլուծել, ապա նոր հանձնել թղթին»,- խոստովանում է Գայանեն: 


«Աչքերս փայլում են, երբ սիրում եմ, սիրված եմ ու խաղաղ ինքս ինձ հետ ....» 

«Իմ կողքին ճիշտ մարդիկ են միշտ կանգնած. նրանք ցանկացած պահի ինձ թևեր են տալիս ու ստիպում են թռչել»,- պատմում է Գ. Ավդալյանը: 


Գայանեն սիրով ու ոգևորությամբ է պատմում նաև համալսարանական կյանքի, ընկերների ու ձեռքբերումների մասին.


«Կա հիշողություն, որ ոչնչով չեմ փոխի. դա ընկերներիս հետ Արցախ այցելությունն էր: Մենք միասին դժվար ճանապարհ ենք անցել: Համալսարանում յուրաքանչյուր օրը դառնում հիշողության պատառիկ, և այդ պատառիկի անփոխարինելի մասը ընկերներս են»,- անկեղծանում է ուսանողուհին:


«Համալսարանում իմ ամենասիրելի վայրը գրադարանն է ....»

«Գրադարանի փոքրիկ, բայց լուսավոր սենյակներում ես անցկացնում եմ իմ ազատ ժամանակը»,- պատմում է Գայանեն:


«Ես ուժ եմ ստանում՝ անընդհատ ու անընդմեջ փնտրտուքների մեջ լինելով ....» 

«Ամենամեծ երազանքս Արտ-դպրոց ունենալն է, որը, կարծում եմ, ինքնադրսևորմանս լավագույն տարբերակը կլինի: Ես վստահ եմ, որ այդ նվիրական երազանքը մի օր նպատակ կդառնա ու կիրագործվի»,- զրույցը եզրափակում է Գայանե Ավդալյանը:

Անգին Խաչատրյան



Այլ նորություններ
ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՎԱԾ ԴԱՍԵՐՆ ՈՒ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ սև շենքի դահլիճում հոկտեմբերի 16-ին ԵՊՀ ուսանողները հանդիպեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ Հրանտ Սարկիսովի, Շուլի Հակոբյանի, Սեյրան Մարգարյանի և քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբոր՝ Ժորա Աբգարյանի հետ:
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում: