02.12.2019 | 
Հասարակություն
ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ սև շենքի դահլիճում այսօր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդիպել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ մտահոգություններ ունեցող դասախոսների ու ուսանողների հետ և պատասխանել նրանց հարցերին:

Հիշեցնենք, որ հանդիպում-քննարկում անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 27-ին, երբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծից բողոքող ուսանողները նստացույցից հետո հանդիպել էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ:

 

Հանդիպման սկզբում պարոն Գևորգյանը նշեց, որ հանդիպման ձևաչափը չի ենթադրում, թե վերջում որևէ որոշում է կայացվելու. «Ես պատասխանում եմ ձեր հարցերին: Եթե պատասխանները չբավարարեն, կարող եք էլի հարցեր տալ, բայց ի վերջո որոշում չի ընդունվելու, որովհետև այս հավաքն այդպիսի իրավասություն չունի»:

 

Ուսանողների առաջին հարցը վերաբերում էր այն մտավախությանը, որ եթե «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը ոչ պարտադիր լինի, ապա շատ ֆակուլտետների ղեկավարներ կնախընտրեն դասաժամը տրամադրել տվյալ ֆակուլտետի դասախոսին, այլ ոչ թե հատկացնել վերոնշյալ առարկաներին:

 

Ի պատասխան՝ պարոն Գևորգյանը ևս մեկ անգամ փաստեց, որ իր համոզմամբ, ԵՊՀ կրթական ծրագրերի մեծ մասը կներառի նշված առարկաները, բայց ոչ այն ձևաչափով, ինչ կա հիմա. «Եթե, օրինակ, ես լինեմ կրթական ծրագրի ղեկավարը, կառաջարկեմ «Հայոց լեզու» առարկան իրականացնել ոչ թե երկու կիսամյակում՝ երկու ժամով, այլև մեկ կիսամյակում՝ 4 ժամով: «Հայոց պատմություն» առարկան կառաջարկեմ իրականացնել 3-րդ կամ 4-րդ կուրսում, քանի որ այն պահանջում է ավելի մեծ կենսափորձ»:

 

 

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կարծիքով, մտահոգությունն իմաստ ունի. «Բայցևայնպես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում, եթե «Հայոց լեզու» առարկայի դասավանդումն արդյունավետ լինի որևէ կրթական ծրագրում, ապա մյուս կրթական ծրագրերում նույնպես կցանկանան ներառել առարկան»:

 

Ուսանողների հաջորդ հարցը վերաբերում էր բուհի ինքնավարությանը: Նրանցից մեկը հետաքրքրվեց, թե այն, որ օրենքի նախագծով Հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատվելու է լիազոր մարմնի կողմից, չի՞ հակասելու ինքնավարությանը:

 

Պարոն Գևորգյանը, ի պատասխան, նշեց, որ օրենքով  կրթական ծրագրի պարտադրումն արդեն իսկ հակասում է ինքնավարությանը, ապա փաստեց, որ ցանկացած կազմակերպության քաղաքականությունը որոշում է հիմնադիրը:

 

«ԵՊՀ հիմնադիրը պետությունն է: Լինում են դեպքեր, երբ հիմնադիրը հրաժարվում է իր լիազորություններից, բայց այժմ այդ դեպքը չէ: Եթե մի պահ պատկերացնենք, որ բուհի Հոգաբարձուների խորհրդի կազմում պետք է լինեն միայն համալսարանականներ, ապա կսկսվի անառողջ պայքար, քանի որ այն բարձրագույն մարմին է և օժտված է լիազորություններով, և պարզ է, որ այդ կազմի անդամները շահերի բախում կունենան ռեկտորի հետ»,- ասաց Գեղամ Գևորգյանը և նշեց, որ ճիշտ կլիներ, եթե ռեկտորի պաշտոնը լիներ նշանակովի:

 

Թեմայի վերաբերյալ շարունակելով հայտնել իր մտահոգությունը՝ ուսանողը հետարքրքվեց, եթե Հոգաբարձուների խորհրդի կազմի մեծ մասը լինի ՀՀ կառավարության կողմից նշանակված անձինք, ապա մտահոգիչ չէ՞, որ հնարավոր է հենց կառավարության կողմից առաջարկվող նախագիծն ընդունվի՝ առանց հաշվի առնելու համալսարանականների կարծիքը:

 

«Գաղտնիք չէ, որ ես՝ որպես բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ընտրվել կամ նշանակվել եմ ՀՀ կառավարության աջակցությամբ: Այժմ ես մոտ 20 հազար անդամից կազմված կոլեկտիվի ղեկավար եմ, որն ինձ շատ հարազատ է: Ես շահագրգիռ եմ բուհի զարգացմամբ, և ըստ այդմ՝ ներկայացնում եմ նախագծեր և ծրագրեր բուհի Հոգաբարձուների խորհրդին: Նրանք մեր թշնամին չեն և նրանք նույնպես ցանկանում են, որ ԵՊՀ-ն բարգավաճի: Իրենց քննարկումների արդյունքում կա՛մ կհաստատեն, կա՛մ չեն հաստատի այդ ծրագրերը: Սակայն ԵՊՀ կոլեկտիվի և ուսանողների առաջ պատասխանատուն, ի վերջո, ես եմ»,- պատասխանեց Գեղամ Գևորգյանը:

 

 

Նրա հավելմամբ, եթե Հոգաբարձուների խորհրդի կազմում լինեն միայն համալսարանականներ, այն դրական արդյունք չի տա. «Այս դեպքում ես կարող եմ որևէ բան պահանջել կառավարությունից, իշխանությունից և պնդել, որ եթե մասնակցում են բուհի կառավարմանը, ապա պետք է նաև աջակցեն, օգնեն: Եվ ես այդտեղ ինքնավարության սահմանափակում չեմ տեսնում»:

 

Ուսանողների հաջորդ հարցը վերաբերում էր նրան, որ կա իրավիճակ, երբ բուհն ավարտած ուսանողների որոշ մասը արտահայտվելու ճիշտ ձև չգիտի և չունի համապատասխան բառապաշար. «Ավարտական աշխատանք գրելու ձևերը նրանք սովորում են դասախոսից, մինչդեռ կարող էին սովորել «Հայոց լեզու» առարկայի շրջանակում»: Նա հետաքրքրվեց, թե ինչու պատշաճ կերպով չի գործում Որակի ապահովման կենտրոնը:

 

«Որևէ լեզու սովորելիս դուք չեք սովորի ավարտական աշխատանք գրել: Դա մասնագիտական և լուրջ գործ է: Դուք պնդումներ եք անում, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Դուք չգիտեք կենտրոնի գործառույթները: Եթե նկատի ունեք, որ կան ուսանողներ, որոնց կրթական մակարդակը հեռու է ցանկալից, համաձայն եմ: Դրա համար կան գործառույթներ՝ ավելի գործուն: Որակի ապահովման համար, օրինակ, եկեք վերացնենք լուծարքի գաղափարն ընդհանրապես»,- ասաց պարոն Գևորգյանը: Նա փաստեց, որ պետական վերաբերմունքը  չի կարող փոխել մարդկանց արտահայտվելու կարողությունը:

 

Նա անդրադարձավ նաև բուհական գործընթացում տարբեր մարդկանց կողմից քննարկվող կոռուպցիային. «Սրա վերաբերյալ կան երեք դեպքեր: Առաջին դեպքը, երբ նյութական արժեքի դիմաց գնահատական են դնում: Դա հանցագործություն է, և պետք է դիմել իրավապահ համակարգին: Բուհի ղեկավարությունն անզոր է այդ դեպքերը կանխել, քանի որ փաստական ապացույցներին հասնելիս շատերը հրաժարվում են իրենց ցուցմունքներից: Այդպիսի օրինակ ԵՊՀ-ում եղել է: Հաջորդ դեպքն այն է, երբ գնահատականը տրվում է ծանոթների կամ բարեկամների խնդրանքով: Սրա դեմ էլ ենք անզոր: Եվ երրորդը դեպքը, որն ավելի մեծ տարածում է գտնում, բարի դասախոսներն են, որոնք պարզապես նշանակում են գնահատականներ»:

 

ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի փոխանցմամբ, այդ ամենի արդյունքում գործատուն չի հավատում դիպլոմի գնահատականներին, ինչի հետևանքով էլ ընկնում է բուհի վարկանիշը. «Դրա համար մեր գնահատականները պետք է գիտելիքին համարժեք լինեն»:

Հանդիպմանը հնչած հաջորդ հարցը հնչեցրեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը, որը նաև նոյեմբերի 6-ին սկիզբ առած դասադուլի կազմակերպիչներից է: Նա մեջբերեց Սերժիկ Սրապիոնյանի այն հարցադրումը, որ եթե Ֆիզիկայի ֆակուլտետում ֆիզիկա առարկան ոչ պարտադիր լինի, ապա քանի՞ ուսանող ներկա կլինի դասին, և հետաքրքրվեց, թե ինչ կլինի, երբ, օրինակ, Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դեկանները հայտարարեն, որ իրենց ուսանողները բադաքայլ անել գիտեն, և պետք չէ, որ մասնակցեն «Ֆիզդաստիարակության» առարկայի դասընթացներին:

 

Նա հետաքրքրվեց նաև, թե ինչպիսին է Գեղամ Գևորգյանի տեսակետը նախարարի և պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպման վերաբերյալ՝ փաստելով, որ ԿԳՄՍ նախարարը հանդիպման ընթացքում դրսևորել է ոչ պատշաճ վերաբերմունք դասախոսական կազմի նկատմամբ:

 

ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն զարմացավ, թե ինչպես կարող է Ֆիզիկայի ֆակուլտետում չլինել ֆիզիկա առարկա. «Եթե մեկն ասի, որ Պատմության ֆակուլտետում պատմություն առարկան կարող է պարտադիր չլինել, դա առնվազն ծիծաղելի կլինի: Մասնագիտական և ոչ մասնագիտական առարկաների պարտադիր լինելու հակադրությունը ճիշտ չէ»:

 

Անդրադառնալով հաջորդ հարցադրմանը՝ նա պնդեց, որ ոչ ոք չի պնդել, թե պետք է ստուգել հայոց լեզվի գիտելիքների իմացությունը և նոր որոշել՝ պե՞տք է անցնել այդ առարկան, թե՞ ոչ:

 

«Ինչ վերաբերում է նախարարի հետ հանդիպմանը, ապա կա հետևյալ իրավիճակը: Ինչ-որ մարդիկ պահանջել են նախարարի հետ հանդիպում, և վերջինս հանդիպել է նրանց հետ: Ես էլ այսօր ձեզ հետ եմ հանդիպում, և եթե իմ պատասխանները որևէ մեկին դուր չգան, կամ նա վիրավորվի դրանցից, ապա այդ դեպքերում ես անելիք չունեմ: Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ: Դուք այդ պատասխանները ճիշտ կհամարեք կամ սխալ, դա ձեր ընկալումն է: Նախարարի հետ էլ տեղի է ունեցել հանդիպում, որից հետո եղել է դժգոհություն: Իմ տպավորությամբ, հանդիպման մի կողմին հաջողվեց հունից հանել նախարարին: Անհաջող հանդիպում էր՝ երկուստեք»,- պարզաբանեց պարոն Գևորգյանը:

 

Ուսանողներից մեկի մտահոգությունն էլ այն մասին էր, որ համացանցում տարածվել է տեղեկատվություն, որի համաձայն՝ նախարարն իր շրջապատում ասել է, թե դասադուլին մասնակցած ուսանողները դուրս  կմնան բուհից կամ կմնան նույն կուրսում և կամ էլ խնդիրներ կունենան քննությունների ժամանակ: Նա հետաքրքվե՞ց՝  հնարավոր են նման դեպքեր:

 

Պարոն Գեղամ Գևորգյանն ասաց, որ անձամբ նախարարից նման բան չի լսել և չի կարող մեկնաբանել, ապա նշեց, որ այդ խնդիրները կառաջանան այն ժամանակ, եթե ուսանողները չպատասխանեն քննական տոմսերի հարցերին, այսինքն՝ ուրիշ արհեստական խոչընդոտ չի ստեղծվի: Իսկ ուսանողների այն մտահոգությանն ի պատասխան, թե բացակայությունները կարող են խնդիրներ հարուցել, նա ասաց, որ իր ցուցումով՝ նոյեմբերի բացակայությունները հաշվի չեն առնվի:

 

Ուսանողներից մեկն էլ, որը կիսատ էր թողել ուսումը արտերկրում և վերադարձել, հետաքրքրվեց, թե ի՞նչ պետք է անեն այն ուսանողները, որոնք գալիս են սփյուռքից, չեն տիրապետում լեզվին, բայց ցանկանում են ինտեգրվել համալսարանական կյանքին և հասարակությանը: ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն ասաց, որ նրանց համար կազմակերպվում են հատուկ դասընթացներ:

 

Պարոն Գևորգյանը պատասխանեց նաև հնչած մյուս բոլոր հարցերին: Հանդիպման ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև:

 

 

Այլ նորություններ
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՆՐԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՍԵՐՆ ԷՐ. ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐԱՅՐ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Անմահները հրամայում են…» միջոցառումը՝ նվիրված Հայ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնի ասպիրանտ, զոհված ազատամարտիկ Նորայր Մարությանի հիշատակին:
«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿԻԶԲ ԵՆ ԱՌՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՑ ԵՎ ՄԵԶՆԻՑ». ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի են ունեցել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակին նվիրված «Հավասարության սերունդ՝ վերջ տանք սեռական բռնությանը» թեմայով կլոր սեղան-քննարկում և «Լուռ ձայներ» խորագրով ցուցադրություն։