08.02.2019 | 
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ Ադամյան սրահում Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի նախաձեռնությամբ այսօր ներկայացվեց ԵՄ արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմների գենդերային զգայունության վերլուծությունը:

ԵՄ արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ֆորումի (ԵՄ ԱլԳ ՔՀՖ) ազգային հարթակների գենդերային զգայունության գնահատմանն ուղղված հետազոտությունն ունի մեծ կարևորություն թե՛ տեղական, թե՛ միջազգային կազմակերպությունների համար:

Հետազոտության ներկայացմանը ներկա էին ազգային հարթակների, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախագահներ:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները, որոնք անցկացրել են հետազոտությունը միջազգային գործընկերների հետ, խոսեցին վերլուծության արդյունքների մասին:

Հետազոտվել են ԵՄ արևելյան գործընկերության 6 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի ազգային հարթակների գենդերային զգայունության ցուցանիշները:

Հետազոտության նպատակներից է ազգային հարթակներում գենդերային թեմաներով խմբերի ստեղծումը:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Քնարիկ Մկրտչյանը, խոսելով հետազոտության ընդհանուր պատկերի մասին, նշեց. «Սա առաջին ծրագիրն էր, երբ բոլոր վեց երկրները մասնակցեցին գենդերային թեմատիկայով հետազոտության»:



Անդրադառնալով ՀՀ գենդերային քաղաքականությանը՝ Քնարիկ Մկրտչյանը նշեց դրանում առկա հիմնական բացերը՝ արհեստական կամ միջազգային ճնշմամբ ստեղծված ինստիտուտներ, ՀՀ-ում ՄԱԿ-ի կանանց գրասենյակի բացակայություն:

Խնդրահարույց է միջազգային կազմակերպությունների կողմից տրվող դրամաշնորհների բաշխվածությունը, քանի որ պատահում է, որ գենդերային զգայունություն չունեցող կազմակերպությունները զբաղվում են գենդերային հիմնահարցերով:

Դաշտի խնդիրներից են նաև կարծրատիպերը, մասնագետների բացակայությունը, ոլորտում փոփոխություններ իրականացնելու ցածր կամքը:

Քնարիկ Մկրտչյանը, անդրադառնալով 2017-2021 թթ. կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման ռազմավարությանը, որը դեռևս չի ընդունվել կառավարության կողմից, նշեց, որ ռազմավարությունը ստեղծվել է առանց փորձի, նախորդ ծրագրերի գնահատման: Ռազմավարությունը մշակելիս փորձ է արվել խուսափել գենդեր եզրույթի գործածումից, ինչը հատուկ է եղել Արևելյան գործընկերության անդամ երկրներից միայն Հայաստանին:

Համեմատելով ԱլԳ անդամ մյուս երկրների հետ՝ ընդհանուր են կանանց մասնակցությունը քաղաքականության և որոշումների կայացման ոլորտներում: Ընդհանուր է նաև ընտանեկան բռնության տարածվածությունը:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը, ներկայացնելով հետազոտությունը, նշեց, որ հայաստանյան ազգային հարթակի 261 կազմակերպություններից տվյալներ են ստացվել միայն 17-ից:
Ներկաների այն հարցին, թե ինչու է այսպիսի ներկայացվածություն, հետազոտողները պատասխանեցին, որ ուղարկված հարցաթերթիկներին հարթակների ներկայացուցիչները չեն պատասխանել, և այդ պատճառով ստացվել են այսօրինակ տվյալներ:

Հետազոտության անդամները, ամփոփելով ուսումնասիրված տվյալներն ու ընդհանուր դիտարկումները, ներկայացրեցին իրենց առաջարկները՝ ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմի գենդերային զգայունությունը բարձրացնելու և զորեղացնելու վերաբերյալ:

 

Մարի Ռաֆյան