06.12.2019 | 
Հասարակություն
«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿԻԶԲ ԵՆ ԱՌՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՑ ԵՎ ՄԵԶՆԻՑ». ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿԻԶԲ ԵՆ ԱՌՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՑ ԵՎ ՄԵԶՆԻՑ». ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի են ունեցել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակին նվիրված «Հավասարության սերունդ՝ վերջ տանք սեռական բռնությանը» թեմայով կլոր սեղան-քննարկում և «Լուռ ձայներ» խորագրով ցուցադրություն։

Կլոր սեղան-քննարկումը և ցուցադրությունը կազմակերպվել էին ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի, Եվրոպական միության, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ սերտ համագործակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյտենը և ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի գենդերային հարցերով պատասխանատու Նվարդ Մանասյանը, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ Լինե Ըրբանը և Գրեգորի Ցուրիսը, ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սասուն Գրիգորյանը, ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի ներկայացուցիչներ, տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ, հոգեբաններ, ոլորտով հետաքրքրված անձինք ու տարբեր ֆակուլտետների ուսանողներ։

Հանդիպման սկզբում ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը ողջունեց բոլորին ու շնորհակալություն հայտնեց այն կազմակերպություններին ու կամավորներին, որոնք աջակցել են միջոցառման կազմակերպմանը։

«Արդեն 28 տարի է՝ գրեթե ողջ աշխարհում նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակը։ Այս տարվա միջոցառումները նվիրված են սեռական ոտնձգությունների, սեռական բռնության դեմ պայքարին»,- ասաց Գ. Շահնազարյանը։



Նա նշեց, որ այս թեման համալսարանում քննարկվում է առաջին անգամ, և իրենք փորձելու են հասկանալ, թե կրթական ոլորտում ինչպես կարելի է խնդրի լուծումն ավելի լուրջ հիմքերի վրա դնել։

«Հավասարության սերունդ՝ վերջ տանք սեռական բռնությանը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որը ողջունեց նմանաբնույթ միջոցառման կազմակերպումն ու ասաց, որ նախարարությունը միշտ պատրաստ է օժանդակելու նմանատիպ հանդիպումներին։
Ժ. Անդրեասյանն անդրադարձավ ՀՀ-ում սեռական բռնությանը՝ խիստ դատապարտելով այն։

Նախարարի տեղակալը նշեց, որ օրենսդրության մեջ փոփոխություններ են արվում ու մշակվում գենդերային քաղաքականությանը վերաբերող դրույթները։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյտենը նույնպես ողջունեց ներկաներին ու փաստեց, որ բռնությունն ամբողջ աշխարհում շատ կարևոր խնդիր է։ Նա նշեց, որ հետագայում բռնության դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է վաղ տարիքից հասկանալ, թե ինչ է սեռական բռնությունը, և քայլեր ձեռնարկել դրա դեմ։



«Փոփոխությունները սկիզբ են առնում երիտասարդներից և մեզնից»,- ասաց Լիվ Էլին Ինդրեյտենը։

Բանախոսն ասաց, որ բռնությունը կարող է մարդուն հանել հունից ու դրդել անտրամաբանական գործողությունների, նույնիսկ հանցագործության։

ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրենը նշեց, որ այս պահին ՀՀ գիտական ոլորտում չկա ՀՀ-ում սեռական բռնության դեպքերը, քանակը կամ այլ փաստեր ներառող որևէ աշխատություն, այդ իսկ պատճառով ԵՄ պատվիրակությունը ներկայացնելու է իր փորձը։

Զեկուցմամբ հանդես եկավ ԵՄ պատվիրակության անդամ Լինե Ըրբանը: Նա խոսեց աշխատավայրում սեռական ոտնձգության հաղթահարման մասին և պատմեց, որ բռնությունը տարբեր տեսակներ ունի՝ ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական և սեռական։

«Աշխատավայրում ևս լինում են սեռական ոտնձգության դեպքեր, և դրանք ևս կարելի է հաղթահարել»,- նշեց բանախոսը։

Լինե Ըրբանն ասաց նաև, որ այս 16-օրյակի ընթացքում տարբեր հասարակական կազմակերպություններում առաջադրվելու ու վավերացվելու են բռնությունը դատապարտող բանաձևեր։

Կլոր սեղան-քննարկմանը ելույթներով հանդես եկան նաև Սեռական բռնության ճգնաժամերի կենտրոնի շահերի պաշտպանության մասնագետ Աննա Հովհաննիսյանը, որը ներկայացրեց ՍԲՃԿ-ի տասնամյա փորձը, և Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հոգեբան Սիրանուշ Դավթյանը։



Միջոցառման երկրորդ մասում ելույթով հանդես եկավ Ոստիկանության գլխավոր խորհրդական, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Օդի Հոլովեյը, որը խոսեց ԱՄՆ-ում ընտանեկան ու սեռական բռնության դեպքերի իրավապրակտիկայի մասին։

Նա նշեց, որ մինչ անցած դարի 70-80-ական թվականներն ընտանեկան սեռական բռնության դեպքերը լրջորեն չէին դիտարկվում, և ընտանիքի անդամի զուգընկերոջ կողմից իրականացրած բռնության խորն իրավական մասը չէր դիտարկվում։

«Սակայն հետագայում, երբ տեսանք, որ այս հանցագործությունները մեծաթիվ են, սկսեցինք փոխել օրենքը, լսել զոհին և ավելի աչալուրջ վերաբերվել ընտանեկան բռնության դեպքերին: Ի վերջո, ԱՄՆ ոստիկանությունը եզրակացրեց, որ եթե կա ողջամիտ կասկած, ապա պատիժը պետք է օրենսդրությամբ պարտադիր դարձնել»,- ասաց բանախոսը։



ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սասուն Գրիգորյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց հրավերի համար ու ասաց, որ ՀՀ քննչական կոմիտեն կարևորում է համագործակցությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրամիության և միջազգային այլ կազմակերպությունների հետ։

Ս. Գրիգորյանի կարծիքով, հաղորդակցության միջոցների զարգացումը մարդկանց ավելի երջանիկ է դարձնել, քանի որ հեշտացրել են կյանքի մի շարք ոլորտներ, սակայն այն ունեցել է նաև բացասական հետևանքներ. «Մարդիկ, ինչպես նաև նրանց անձնական տվյալները, շատ հաճախ հայտնվում են խոցելի և նույնիսկ անվերահսկելի միջավայրում»։

«Կիբերհանցագործույթունների ոլորտի փորձագետների կողմից կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ աշխարհում յուրաքանչյուր 5-րդ կին համացանցում դարձել է սեռական հետապնդման կամ բռնության զոհ։ Քննչական կոմիտեում, կարևորելով համացանցում կատարված հանցագործությունների բացահայտումը, ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել են մասնագիտացված ստորաբաժանումներ»,- ասաց ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչը:

Զեկուցումներից հետո ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում տեղի ունեցավ «Լուռ ձայներ» խորագրով ցուցադրության բացումը։

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն իր պատրաստակամությունն է հայտնում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ առնչվել և առնչվում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին։
ԿԱԶՄԱՎՈՐՎԵԼ Է ԵՊՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԴԱՍԱԿ, ՈՐՆ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԵԼ Է ԱՐՑԱԽ
ԵՊՀ-ում ձևավորվել է կամավորական դասակ՝ կազմված վարչական աշխատակիցներից և ուսանողներից: