05.11.2018 | 
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈւՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ԳԵՆՈՄԻ ԽՄԲԱԳՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈւՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ԳԵՆՈՄԻ ԽՄԲԱԳՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կողմից ներկայացրած «CRISPR-Cas9 գենոմի խմբագրման տեխնոլոգիայի մշակումը հակաքաղցկեղային դեղամիջոցների նկատմամբ քաղցկեղային բջիջների զգայնության բարձրացման նպատակով» գիտական թեման:

Գիտական թեմայի ղեկավար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի պրոֆեսոր, կենս. գիտ. դոկտոր Գալինա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեղամիջոցների նկատմամբ կայունությունը քաղցկեղի բուժման հիմնական խոչընդոտներից մեկն է. «Այդպիսի կայունության ձևավորման համար պատասխանատու գեների նույնականացումը խիստ կարևոր է բժշկության համար: Այդ նպատակով կիրառվում են գենոմային տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս խմբագրելու գենոմը՝ թիրախային կարգավորելով գեների ֆունկցիաները»:

 

Նրա խոսքով, վերջին տարիներին մշակվել է «CRISPR-Cas9» գենոմի խմբագրման տեխնոլոգիան, որի միջոցով բարձր ճշգրտությամբ կարելի է ապաակտիվացնել թիրախ գեները:

 

Գ. Հովհաննիսյանը հայտնեց, որ գիտական ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում ներդնել «CRISPR-Cas9» գենոմի խմբագրման տեխնոլոգիան, ինչպես նաև ուսումնասիրել քաղցկեղային բջիջների կայունությունն ապահովող գեները. «Քաղցկեղային բջիջների գենոմի ճշգրիտ խմբագրումը թույլ կտա բարձրացնելու դրանց զգայնությունը հակաքաղցկեղային դեղանյութերի նկատմամբ»:

 

Բանախոսի խոսքով, այս հետազոտությունները Հայաստանում իրականացվում են առաջին անգամ. «Ստացվել են նախնական արդյունքներ, այս թեմայով պաշտպանվել է ավարտական աշխատանք: Պետք է ընդգծել, որ ծրագիրն ունի գիտակրթական նշանակություն»:

 

Գիտական ծրագիրն իրականացնող խմբում ընդգրկված են ԵՊՀ և ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակիցներ: Նշենք, որ 5 մասնակիցներից երեքը երիտասարդ գիտաշխատողներ են, որոնցից մեկը ասպիրանտ է:

 

Նախագծի պատրաստման ընթացքում ձևավորվել է համագործակցություն Յենայի (Գերմանիա) Լեյբնիցի անվան ֆոտոնիկայի ինստիտուտի հետ:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՈՒ ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Nuclear and Radiation Physics and Materials» («Միջուկային և ռադիացիոն ֆիզիկա և նյութեր») խորագրով միջազգային քառօրյա կոնֆերանսը:
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն այսօր կազմակերպել էին «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում: