13.05.2022 | 
Կրթություն, Գիտություն
ՎՐԱՑ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ՎՐԱՑ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում անցկացվեց դասախոսությունների շարք՝ նվիրված հայ-վրացական բարեկամության և Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի Հանրապետության միջև դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակին, հայ-վրացական պատմամշակութային կապերին և փոխառնչություններին:

Պատմության ֆակուլտետի ուսանողների, հատկապես կովկասագետների համար կազմակերպված դասախոսություններին ներկա էին պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, պատմական գիտությունների դոկտորներ Գիորգի Բեդիանաշվիլին, Նոդար Բախտաձեն, Նիկոլոզ Ծիքարիձեն, իրանագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հետազոտական ինստիտուտի տնօրեն Վասիլի Պապավան, ուսանողներ և այլ հյուրեր:

 

 

Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց. «Հանդիպման նպատակը երկկողմ կապերի ամրապնդումն է, ուսանողներին վրաց գիտնականների հետ շփման հնարավորություն ընձեռելը: Նպատակ ունենք Թբիլիսիի պետական համալսարանում ու գիտահետազոտական հաստատություններում և՛ ուսանողների, և՛ դասախոսների համար փոխանակման ծրագրեր իրականացնել»:

 

 

Դեկանը հույս հայտնեց, որ հետագայում համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի, կիրականացվեն ոչ միայն փոխանակման ծրագրեր, այլ նաև գիտական ոլորտում համատեղ հետազոտություններ, կկազմակերպվեն ուսանողների ու դասախոսների մասնակցությամբ կոնֆերանսներ, գիտական նստաշրջաններ: «Նախկինում մի քանի անգամ իրականացրել ենք համատեղ կոնֆերանսներ: Այժմ խիստ կարևորում ենք մեր համագործակցությունը՝ Կովկասի խնդիրները համատեղ ներկայացնելու, լուծումներ գտնելու, գիտական ընդհանրացնող աշխատություններ գրելու առումով»,- ասաց դեկանը:

 

Վրաց գիտնականները ևս գիտահետազոտական համատեղ ծրագրեր իրականացնելու և ուսանողությանը գիտահետազոտական ոլորտում ընդգրկելու ցանկություն հայտնեցին: Հնագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Գիորգի Բեդիանաշվիլին ասաց, որ ուրախ է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի՝ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնում լինելու համար, ներկայացրեց «Կուր-Արաքսյան և վաղ կուրգանային պարբերաշրջանը Ռաբաթի բնակավայրում. Հարավարևմտյան Վրաստան» թեմայով դասախոսություն:

 

 

Նարկայացվեցին դասախոսություններ նաև «Կովկասի վաղ քրիստոնեական բազիլիկ եկեղեցիները», «Հարավային Կովկասը վերին պլեյստոցենում: Մշակութային և էկոլոգիական համատեքստը վրացական հնագիտական հուշարձանների ուսումնասիրության հիման վրա. վրացական և հայկական հուշարձանների միջև կապերը», «Իրանի հայ համայնքը Փոհլևիների դինաստիայի ժամանակաշրջանում» թեմաներով:

Այլ նորություններ
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է ԵՎ ՉԱՓԱԶԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ». ԳՐԵՏԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Գրետա Գասպարյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի՝ մշակույթ-սպորտ ոլորտի 3-րդ տեղի մրցանակակիր է։ Գրետայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթին մասնակցելու որոշման, ուսանողական ակտիվ կյանքի և ապագայի պլանների մասին։
ՄԵՏԱՂ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՆԹ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԷԼԵԿՐՈՆԱՅԻՆ ՓՆՋՈՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ. ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Մետաղ պարունակող միացությունների ազդեցությունը ԴՆԹ-ի կառուցվածքային փոփոխությունների վրա էլեկտրոնային փնջով ճառագայթահարման դեպքում» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնը: Թեմայի մասին զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. թեկն․ Լուսինե Ալոյանի հետ: