18.09.2018 | 
Հասարակություն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ ՉԳԻՏԵԻ, ԵՎ ՀԵՆՑ ԴԱ ԷՐ ՊԱՏՃԱՌԸ, ՈՐ ԵՍ ՈԻ ԸՆԿԵՐՍ ՈՐՈՇԵՑԻՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՅՍ ՀԻՆ ՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՍՏ ԵՐԿԻՐԸ». ԳԵՐՄԱՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ ՉԳԻՏԵԻ, ԵՎ ՀԵՆՑ ԴԱ ԷՐ ՊԱՏՃԱՌԸ, ՈՐ ԵՍ ՈԻ ԸՆԿԵՐՍ ՈՐՈՇԵՑԻՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՅՍ ՀԻՆ ՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՍՏ ԵՐԿԻՐԸ». ԳԵՐՄԱՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂ
ԵՊՀ-ի դռները բաց են ոչ միայն Հայաստանի, այլև արտասահմանից Հայաստան ժամանած ուսանողների համար:

26-ամյա Սեբաստիան Կյոնիգը Հայաստան է եկել Շտուտգարդից: Գերմանիայում սովորել է տուրիզմ և ճամփորդական մենեջմենթ, իսկ այժմ փոխանակման ծրագրի շրջանակում սովորում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի  սերվիսի ամբիոնում:

Սեբաստիանի և իր ամենամոտ ընկերոջ համար Հայաստանն արկածային ճամփորդություն էր, բայց ժամանակի ընթացքում այն արկածից վերածվեց հաճելի առօրյայի:

«Հայաստանի մասին նախկինում շատ բան չգիտեի, և հենց դա էր պատճառը, որ ես ու ընկերս որոշեցինք բացահայտել այս հին ու ավանդույթներով հարուստ երկիրը»,- պատմում է Կյոնիգը:

Սեբաստիանը, երբ վերջնականորեն որոշում է Հայաստան գալ, հավաքում է ճամպրուկն ու ճանապարհ ընկնում: 

 

Նա պատմում է, որ ամեն ինչ շատ ավելի հեշտ էր իրականում, քան ինքն էր պատկերացնում: «Հայ ընկերս շատ արագ ինձ օգնեց Հայաստանում բնակարան վարձել: Այն շատ կարևոր հարց էր ինձ համար, որն այդքան հեշտությամբ լուծվեց,-պատմում է Սեբաստիանը,- իսկ Գերմանիայում այս հարցի լուծումը երկար կձգվեր: Մեզ մոտ բյուրոկրատիան շատ է: Իհարկե, դա իր լավ կողմերն էլ ունի, բայց երբեմն շատ թղթերի առկայությունը հարցի լուծումը դանդաղեցնում է, ինչը  ձանձրալի է»:

Ըստ Սեբաստիանի՝ Հայաստանում մարդկանց սիրալիրությունն ու հյուրընկալությունը պարզապես աննկարագրելի են: «Ձեր երկիր այցելած առաջին իսկ օրվանից համոզվեցի, որ այստեղ ապրում են պատրաստակամ մարդիկ, որոնք միշտ պատրաստ են օգնության հասնել: Այդպիսի մարդկանցից մեկն է նաև մեր ծրագրի կոորդինատոր Գոռ Ալեքսանյանը, ով ուղղակի անթերի կատարում է իր աշխատանքը և մեզ շատ է օգնում»,- ասում է Սեբաստիանը:

 

Խոսելով հայ և գերմանացի ուսանողների մասին՝ Սեբաստիանն առանձնացրեց ճշտապահության գործոնը, որը Հայաստանում շատ երերուն է: «Մեր դասերը սկսվում են այն ժամանակ, երբ դասախոսը գալիս է, իսկ նա երբեմն 10 րոպե է ուշանում, երբեմն՝ կես ժամ»,- ժպիտով պատմում է Սեբաստիանը: Միաժամանակ նա նշում է նաև ֆակուլտետի ղեկավարության անաչառության և պատրաստակամության մասին.«Ամեն հարցում նրանք օգնում են մեզ. ուսուցանվող առարկաների հարմար ու ճիշտ բաշխում, տեխնիկայի տրամադրում, գործնական խորհրդատվություններ և այլն»:

Սեբաստիան Կյոնիգի համար  առանձնահատուկ է նաև հագուստի թեման. «Ես նկատել եմ, որ Հայաստանում մարդիկ, հատկապես ուսանողները հագուստին առանձնահատուկ կարևորություն են տալիս: Գերմանիայում ուսանողները կարող են հաճախել դասի ջինսե շորտերով ու ամառային հողաթափերով, ինչն այստեղ, կարծում եմ, հաճախ չես տեսնի»:

Հայաստանի սննդի մասին Սեբաստիանը շատ բան չի կարող ասել. «Պետք է նշեմ, որ ես վեգան եմ, ինձ համար մի քիչ դժվար է այստեղ ուտելիք գտնելը: Հայկական խոհանոցում միս շատ են օգտագործում, և ես փորձում եմ ինձ համապատասխան ուտելիք գտնել»,- ավելացնում է Սեբաստիանը:

Անի Պողոսյան

Այլ նորություններ
«ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍՎԻ ԲՈՒՀԵՐԻՑ». ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում գիտական համայնքի ներկայացուցիչները քննարկեցին, թե ինչ մոտեցումներով կարելի է պայքարել գրագողության դեմ:
ԵՊՀ 8 ՈՒՍԱՆՈՂ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ «Հանրապետության լավագույն ուսանող 2018» մրցույթի արդյունքների ամփոփումն ու անվանական կրթաթոշակների տրամադրումը: